Այսօր առավոտյան երբ փողոց ելա, հանդիպեցի իմ մեկ բարեկամուհուն, որն ասաց, թե այլևս պետք չէ ընկերներիս միջոցով ջանքերս շարունակեմ՝ իրենց օրինական խնդրանքը հաջողեցնելու համար. նրա երկու ավագ որդիներն ընդմիշտ տեղափոխվում են Ռուսաստան: Որդիները երիտասարդ են. բուհն ավարտելուց հետո ծառայել են Հայաստանի բանակում ու այլևս պարտք չունեն հայրենիքին կամ նրան, որը որպես հայրենիք է ներկայանում: Բուհից ու բանակից հետո մի քանի տարի մի կերպ օրահաց են վաստակել: Հեռանալու այլընտրանքը մորն ու դպրոցահասակ կրտսեր եղբորը անոթության մատնելն է: Վաճառում են բնակարանը ու մեկնում: Մոր ու կրտսեր եղբոր համար կգնեն ավելի փոքր բնակարան. հետո կրտսեր եղբայրն էլ կկատարի պարտքը հայրենիքի կամ նրա առջև, որը որպես հայրենիք է ներկայանում, ու մոր հետ ընդմիշտ կտեղափոխվի օտար երկիր: Ասացի օտար ու կարկամեցի. ջնջվել են սահմանները՝ ո՞րն է օտարը և ո՞րը՝ հարազատը:
Այս լուրի ծանրության տակ գլխիկոր քայլում էի, երբ ճանապարհիս հանդիպեցի դպրոցական դասընկերոջս 80-ն անց մորը: Հարցրի, թե ինչպե՞ս են դասընկերս ու նրա որդին, ում անցյալ տարի դասավանդում էի: Ասաց, որ թոռն արդեն կես տարի է՝ թողել է բուհն ու մշտական տեղափոխվել Գերմանիա. «Տեսնենք՝ ոնց կլինի»:
Սա արդեն շատ էր մեկ օրվա, մեկ ժամվա համար: Հիմա ինձ գցել եմ սենյակ ու սարսափում եմ դուրս գալ. իսկ եթե ևս մեկին հանդիպե՞մ, ում երիտասարդ զավակն ու թոռը հեռանում է կամ հեռանալու է, կդիմանա՞մ արդյոք:
Չգիտեմ. գուցե հենց այս հեռացող երիտասարդներից յուրաքանչյուրի պապի պապի՞ն էր ուղիղ 100 տարի առաջ Սեբաստացի Մուրադը մեկական ոսկով գնել քրդից ու թուրքից, որ չկորչի մեր սերմը: Տեր Աստված. ախր այդ ոսկին այս 100 տարվա մեջ պետք է որ մեկին տասը շահ բերած լիներ: Ավետարանական վատ տնտեսի պես մենք այս ի՞նչ ենք անում մեզ ժառանգված այդ ոսկու հետ: Մի՞թե նույնը չի սպասվում մեզ՝ լաց և կրճտումն ատաման:
Կարդացեք նաև
Գիտե՞ք՝ մեր էպոսում Բաղդասարի մասին ասվում է, թե օտարության մեջ մեռավ անժառանգ: Իրականում Բաղդասարն ամենևին էլ անժառանգ չի մնում (վկա՝ իրանական ավանդապատումները). պարզապես նրա ժառանգներն այլևս մերը չէին, ու մի հաշիվ էր ազգի համար՝ նրանք ծնվեցի՞ն, թե՞ ոչ: Էպոսի հաջորդ ճյուղում Մեծ Մհերը երկնային պատժի է արժանանում, քանի որ նա այդ սերմը շաղ էր տվել՝ Իսմիլ խաթունից Մսրա Մելիք ունենալով: Էպոսի երրորդ ճյուղում՝ մեր ամենասիրելի Դավթին սպանողը միայն իր շաղ տված սերմից եղողը՝ իր հարազատ աղջիկը, պիտի լիներ: Իսկ վերջում, ամենավերջում, «իբրև ապտակ մեր պատմության», վերջին հերոսը՝ Փոքր Մհերը, իրո՛ք, մնում է անժառանգ ու մտնում Ագռավաքար: Միայն թե, այդ Ագռավաքարի դռներից այն կողմ 21-րդ դարում ոչ թե ժայռն է, որից վիշապ ու խաչքար ենք սարքել երբևէ, այլ կյանքի մեծ արագությունները, թվայնացված հրապուրանքները, որոնց ո՛չ պատրաստ ենք, ո՛չ էլ զորում ենք պատրաստվել: Ավելին, Փոքր Մհերին սպասող այլևս չի մնում այն հողի վրա, որի մեջ խրվել էին մեր ոտքերն ու արմատները, իսկ հիմա երկրի շեմքին թափ ենք տալիս այդ ոտքերի փոշին ու հեռանում. սա արդեն աննախընթացն ու անդառնալին է:
Հանցագործ ու ինքնուս էպոսագետների դառը փորձն աչքի առջև ունենալով՝ չե՞ք վստահում մեր էպոսին, դիմե՛ք Աստվածաշնչյան էպոսին, ուր Հուդայի որդի Օնանն էր անում այն, ինչ այսօր հայրենիք ներկայացող մեր «վատ և չար տնտեսները». և Աստվածաշնչում մահվամբ դատապարտվող այդ մեղավոր օնանությունը հասցրել է ազգային դեպորտացիայի:
Երբ Արցախյան պատերազմի ժամանակ օրական տասնյակ մարտիկներ էին զոհվում՝ ստվարացնելով մեր Եռաբլուրը, ախ էինք քաշում, թե նրանք դեռ զավակներ պիտի ունենային ու շատացնեին, պանծացնեին ազգը: Պատերազմը հիմա Հայաստանում է, Երևանում. այժմ մենք նույնչափ, գուցեև ավելի զոհեր ենք ունենում ամեն օր, ու ախ քաշող չկա, պատերազմի դեմն առնող չկա, վճռական մի գրոհով ճակատամարտում բեկում մտցնող չկա, այն 500 մահապարտը չկա: Այս պատերազմում նույնիսկ որդուն սպասող մայրը չկա. նա էլ հեռացել է ու հեռանում է:
Այն պատերազմի զոհերի գինը ետ բերած հողն էր. ո՞րն է այս պատերազմի զոհերի գինը: Այն պատերազմի ավարտի համար եռանախագահողներ ճարվեցին, ո՞րն է լինելու տասնապատիկ ավելի զոհեր խժռող այսօրվա եռանախագահությունը. թե՞ նախագահ բառն արժեզրկվել է ու իմաստախեղվել:
Ո՞րն է լինելու հոգու հաշտության այն խողովակը, որի միջով անցնելուց հետո լույսի պես արդար իմ երեկվա ուսանողը չի խառնվելու եվրոպաները ողողող գաղթական արաբներին ու չի խառնվելու ռուսաստանները ողողող միջինասիացիներին:
Ո՞նց եմ այսօր քնելու, երբ այսքան զոհ ունեցա մեկ օրվա մեջ: Ի՞նչ է բերելու վաղվա առավոտը. չարթնանամ, որ չտեսնեմ:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Ձեր նախկին կոլեգա, հայ մտավորական և հատուկենտ ՀՀԿ-ական պատգամավոր Մ. Եսայանը էս իրավիճակի մասին գիտի, թե դեռ գլխի չի ընկել ?
Բացվում են հուսահատության առավոտներն ու վերածվում հուսալքության երեկոների:Անորոշության Գամբիթ:
Շատ անհասկանալի զգացողողություններ ունենք մենք: Երբ հարկադիրը անհիմն տուգանքի պատճառով կարող է ամբողջ մի ընտանիք դուրս շպրտել իր տնից ու մատնել բոմժության, սովի, ոչ մեկիս պետքը չէ, բայց երբ մարդիկ իրենց բարեկեցությունը տեսնում են ՀՀ-ից դուրս՝ վատանում ենք: Ինչո՞ւ: Եղբայր, թող ապրեն որտեղ ուզում են, ինչպես ուզում են: Արտագաղթը կդադարի միայն այն ժամանակ, երբ դա մենք ուզենանք ազգի, այլ ոչ թե անհատի մակարդակով: Իսկ ազգ լինելը տոլմա ուտելը չի: Հիշո՞ւմ եք, ԼՏՊ-ն ասում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Այսօր էլ քաղում ենք դրա պտուղները: Ո՞րն է Հայրենիքը՝ տարա՞ծքը, իշխանությո՞ւնը, ռեժի՞մը, թե՞ օրեցօր կործանվող մշակույթը, ի՞նչը: Ինչի՞ց են հեռանում մարդիկ, կա՞ հասցեատեր: Չկա: Չկա հատկապես այն շրջանակներում, որտեղ որոշվում է Հայաստանի կենսակերպը: Ի վերջո, ի՞նչ ես կորցնելու՝ լեզո՞ւ, մշակո՞ւյթ: Բայց Հայաստանի ներկայիս քաղաքականությունը այսպես շարունակվելու դեպքում, դու դրանք միունույն է կկորցնես:
Ցավալի է կարդալ մտքերը իմ սիրելի դասախոսի. ում լսել եմ միշտ հիացմունքով: Հուսահատության հոտը գալիս է հենց սկզբի տողերից, բայց ես իրեն այսպես չեմ ճանաչել: Մեր ծնողները հպարտությամբ են խոսում մեր մասին, երբ ասում են որ մենք ենքան լավ ենք սովորել, որ կարողացել ենք հաղթահարել դուրս տանող պատը: Իսկ երբ հայրենիքը մենք ենք, մեր ծնողները, մեր եղբայրները, ինչ էք ուզում մեզանից: Ինչ էք կարող առաջարկել անհատին, ոչ ամբողջ կրտսեր սերնդին, այլ անհատին:
Կեցցե՛ս, Միքայել…
Գրեցի ու ես էլ քեզ պես կարկամեցի… Երանի՜ հնար ունենայիր՝ չգրելո՛ւ գրածդ։