Ռոբերտ Քոչարյանն իր տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ գնացել է Յուրի Բախշյանենց տուն՝ ցավակցելու, մխիթարելու ու զրույց են ունեցել՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու մասին:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, մի դրվագ պատմեց, թե ինչ են խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ինքը՝ ոճրագործությունից 1 ամիս անց:
Նոյեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ գնացել է Բախշյանենց տուն՝ ցավակցելու, մխիթարելու: Շատ ջերմ խոսքեր են ասել, խորը ափսոսանք ու ցավակցություն հայտնել, ցույց տվել, թե կիսում են ցավը:
Տիկին Բախշյանի պատմելով՝ «Մեր տանն ինձ ասաց՝ ամեն ինչ անելու ենք, որ բացահայտվի, դրսից մասնագետներ ենք բերելու, փորձագետներ ենք բերելու, չգիտեմ էլ ինչեր ենք բերելու: Այսպես խոստումներ տվեց: Ես էլ շատ անմեղ ասացի՝ տեսե՛ք, եթե չբացահայտվի, ուրեմն ձեր վրա ենք կասկածելու: Ինքը ասաց՝ գիտե՛մ: Ես այդ պահին շատ չսեւեռվեցի դրա վրա, բայց հետագայում, այս ընթացքում անընդհատ հիշում եմ այդ մասին»:
Կարդացեք նաև
Ըստ տիկին Բախշյանի, դատավարության ընթացքն ամբողջովին հաստատել է իր կասկածը. «Ինքը, չօգնելով Հոկտեմբերի 27-ը բացահայտելուն, հաստատեց, որ մենք իրեն մեղադրում ենք, մեղավոր ենք ճանաչում: Ինքը պետք է ամեն ինչ աներ, որ բացահայտեր, որ հասարակությանը ցույց տար, որ ինքը չի: Բայց նա դա չարեց, իսկ շարունակությունը թող հասարակությունը որոշի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ