ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր դեսպանատանը գործող Արգենտինական մշակույթի կենտրոնում անցկացրեց սեմինար՝ «1976 թ. հեղաշրջումը և Արգենտինայում մարդու իրավունքների քաղաքականությունը» թեմայով:
1976 թ. մարտի 24-ի ողբերգական իրադարձությունների 40-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված սեմինարին ներկա էին դեսպաններ, պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ուրիշներ:
Դեսպանը ներկայացրեց Արգենտինայի պատմության հետաքրքրաշարժ դրվագները, տնտեսության զարգացման ուղին, արդյունաբերական հեղաշրջումը, ժողովրդավարության զարգացումը երկրում և մարդու իրավունքների գերակայության կարևորությունը:
«Այն երկրները, որտեղ մարդու իրավունքների գերակայություն կա, ավելի լավ միջազգային հարաբերություններ են վարում, ավելի լավ հասարակություն ունեն։ Կարծում եմ, որ հայերն էլ են հասկանում մարդու իրավունքների կարևորությունը»,- նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։
Կարդացեք նաև
Ի դեպ, Արգենտինական մշակույթի կենտրոնում ցուցադրված էին լուսանկարներ, որոնք ներկայացնում էին ողբերգական իրադարձություններից առաջ և հետո եղած իրականությունը:
«Իհարկե, պիտի իմանանք պատմական ճշմարտությունները, հիշենք և պահանջենք, բայց նաև առաջ նայենք, քայլենք դեպի ապագա՝ չմոռանալով մեր անցած ճանապարհը»,- ընդգծեց դեսպանը։
Հիշեցնենք, որ 1976 թվականի մարտի 24-ին Արգենտինայում իշխանությունը զավթել են զինվորականները՝ գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի գլխավորությամբ: Արձակվել է խորհրդարանը, սահմանվել պարետային ժամ, դադարեցվել է քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը, ճնշումներ ու հալածանքներ են սկսվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ դիկտատուրայի տարիներին Արգենտինայում անհետ կորել է 18 հազար քաղաքացի: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկատվության՝ այդ թիվը հասնում է 30 հազարի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ