«Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ Ռուսաստանն այնքան էլ լավ վիճակում չէ հիմա՝ կապված եւ պատժամիջոցների, եւ նավթի գնի անկման հետ: Այդ պատճառով արդյունքը կուշանա»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասաց «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը՝ խոսելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսությանը միանալու եւ այս միության շրջանակներում տեղաշարժեր չլինելու մասին:
«Սակայն այդ խնդիրները ունեն օբյեկտիվ բնույթ, եւ չկա որեւէ կասկած, որ Հայաստանը միշտ եղել եւ մնում է ոչ միան Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, այլ նաեւ իսկական ընկերը: Անձամբ ես շատ խորը հարգանքով եմ վերաբերվում ձեր ազգին, որն ունի հնագույն մշակույթ եւ պատմություն, ինչպես նաեւ բարոյական եւ հոգեւոր արժեքներ: Իսկ մեր «Արդար Ռուսաստան» կուսակցությունն ունի վաղուցվա կապեր Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ: Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրացման եւ զարգացման համար կարեւոր դեր են խաղում երկու երկրների միջկուսակցական եւ հասարակական կազմակերպությունների կապերը:
Ռուսաստանում շատ մեծ է հայկական սփյուռքը, որի ներկայացուցիչներն առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, բարեկամությամբ եւ առանձնահատուկ իմաստությամբ: Համոզված եմ, որ ժողովրդական դիվանագիտությունը շատ արդյունավետ է, այդ թվում՝ տնտեսական զարգացման մեջ՝ հատկապես, որ մեր ժողովուրդներին կապում է դարերի ընկերությունը»:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
31.03.2016