Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի առաքելությունը պատերազմելը չէ, այլ հանդես գալը որպես խաղաղաստեղծ»

Ապրիլ 01,2016 14:30

ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը վերլուծում է
աշխարհաքաղաքական իրադարձությունները եւ դրանցում Ռուսաստանի ներգրավվածությունը:

«Մինչ օպերացիա սկսելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել էր տվել, որ մեր խնդիրը սիրիական իշխանությունը կայունացնելն էր, պայմաններ ստեղծել ոչ միայն ներքին քաղաքական բանակցային գործընթացի, այլ նաեւ Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման համար»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասում է «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեեւը:

Նրա հետ զրուցել ենք վերջին շրջանում զարգացում ապրող աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ դրանց մեջ Ռուսաստանի դերակատարման մասին:
«Ընդունելով հիմնական զինված ուժերին դուրս հանելու որոշումը՝ Ռուսաստանի ղեկավարությունն ընդգծել է, որ ամբողջությամբ խնդիրները լուծվել են,- ասում է նա՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Սիրիայից ռազմաօդային ուժերի դուրսբերմանը:- Ռուսական զինված խմբավորումների գործողությունները արմատապես կոտրեցին իրավիճակը Սիրիայում։ Ավերվել են ահաբեկիչների հիմնական ենթակառուցվածքները եւ հիմնական մատակարարման ուղիները, ինչը ստեղծել էր հաջող պայմաններ սիրիական զորքերի հարձակման համար: Հետո հայտնի դարձավ, որ սիրիական զորքերը վերցրել են Պալմիրան։ Մի՞թե այդպիսի բան հնարավոր էր կանխորոշել»:

Պարոն Ագեեւը նշում է, որ իրականացված օպերացիայի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել Ռուսաստանի ռազմատեխնիկական ու հումանիտար օգնությունը Սիրիային, բացի այդ՝ ռազմական փորձագետների արդյունավետ աշխատանքը, «առանց որի հնարավոր չէր լինի սիրիական բանակի այսօրվա հաղթանակը»: «Կարեւոր է ընդգծել, որ ռուսական ռազմաօդային ուժերի օպերացիան օժանդակել եւ ուժեղացրել է պետական բանակին, քրդական եւ այլ հայրենասիրական ու կամավորական կազմավորումներին»,- ասում է նա՝ ընդգծելով, որ ռուսական ռազմաօդային ուժերի օպերացիայի հաջողությունները պայմաններ ստեղծեցին բանակցային գործընթացի սկսման եւ ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: «Ռուսաստանի առաքելությունը պատերազմելը չէ, այլ հանդես գալը որպես խաղաղաստեղծ»- ասում է նա եւ հիշեցնում, որ Ռուսաստանի ռազմական ուժերի մի մասը շարունակում է մնալ Սիրիայում։

Ալեքսանդր Ագեեւը կարծում է, որ Սիրիայում ռուսական օդուժի իրականացրած օպերացիայի առանձնահատկությունները ցույց տվեցին աշխարհին ռուսական նոր ռազմաօդային ուժերի հնարավորությունները:

«Համարում եմ, որ օպերացիայի հաջողությունը շատերի համար դարձավ լուրջ սթափեցնող,- ասում է նա:- Այսօր շատերի համար ակնհայտ է, որ հենց Ռուսաստանն է թելադրում օրակարգ Մերձավոր Արեւելքի միջազգային քաղաքականությունում»:
Անդրադառնալով միջազգային հանրույթում Ռուսաստանի կարեւորությանը՝ ՌԴ Պետդումայի պատգամավորը մատնանշում է ՌԴ նախագահի նախորդ շաբաթվա հանդիպումները. «Անցած հինգշաբթի Մոսկվայում էր ոչ միայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, այլ նաեւ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, Արաբական Էմիրությունների ռազմական ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Մուհամեդ Ալ Նահահյանը, որն ընդգծել է, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Մերձավոր Արեւելքում: Սկզբունքային կարեւոր է, որ ռազմական օպերացիայի հաջողությունները շարունակվեն դիվանագիտական հաջողություններով»:

Խոսելով արդեն հետսովետական երկրներում աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցության եւ նրանց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ պարոն Ագեեւը նշում է, որ այստեղ կան պետություններ, որ Ռուսաստանի հետ լավ են, կան, որ վատ են:
«Դրանով հանդերձ՝ ծայրահեղական գաղափարների եւ գունավոր հեղափոխությունների վտանգը կա շատ հետսովետական երկրներում: Բայց ես համոզված եմ, որ «ուղեղների լվացման» դեմ պայքարի լավագույն ձեւ են համարվում, այն պետությունների օրինակները, որոնք անցել են արդեն այդ ճանապարհը»:

ՌԴ պատգամավորի հետ խոսեցինք նաեւ միջազգային հանրույթի՝ Ռուսաստանին ուղղված արդեն երկամյա պահանջին՝ վերադարձնել Ղրիմը Ուկրաինային: «Բոլոր այդ կոչերը՝ վերադարձնել Ղրիմը, համարվում են աբսուրդ։ Ռուսաստանին վերամիավորվելը եղել է քաղաքացիների որոշումը, որոնք օգտվել են իրենց ինքնորոշման իրավունքից,- ասում է մեր զրուցակիցը եւ ավելացնում,- այդ որոշումը Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակիչներինն է, այլ ոչ թե Ռուսաստանի նախագահինը կամ «Ռուսական գարունի» առաջնորդներինը, դրա համար այն պետք է հարգել։ Եթե ամեն ինչ կատարվեր այնպես, ինչպես Արեւմուտքն է պատկերացնում, ապա անցած երկու տարվա ընթացքում աշխարհը երեւի կտեսներ բողոքներ անող մարդկանց այդ թերակղզում»,- ասում է Ալեքսանդր Ագեեւը՝ նշելով, որ, սակայն, այժմ ակնհայտ է Ռուսաստանի նախագահի աջակցությունը այստեղի բնակչությանը:

«Ասեմ, որ ապրիլին Յալտայում միջազգային տնտեսական ֆորում է լինելու, որին առաջին անգամ գործնական նպատակներով մասնակցելու է եվրոպական խորհրդարանական պատվիրակությունը»:

«Դա մարտահրավեր չէ, այլ ցինիկ ծաղր է քաղաքակիրթ աշխարհին»,- սա էլ ՌԴ պատգամավորի դիտարկումն է աշխարհին անհանգստացնող երեւույթի՝ ահաբեկչության մասին: «Մեր «Արդար Ռուսաստան» խմբակցությունը բրյուսելյան ահաբեկչությունից հետո ՌԴ Պետդումա է ներկայացրել օրինագիծ՝ ուղղված ահաբեկչությունը խստագույն ձեւով պատժելուն: Փաստաթուղթը, որպես պատիժ, նախատեսում է կախաղան՝ ահաբեկչությունն իրականացնելու, կազմակերպելու, ահաբեկչական կազմակերպություններին հանցակից լինելու դեպքում: Ահաբեկչությունը չունի սահմաններ՝ այս բառի բոլոր իմաստներով, այդ պատճառով եվրոպացի առաջնորդների կարեւորագույն խնդիրն է հասկանալ, որ հնարավոր չէ միայնակ դիմագրավել այդ հրեշավոր չարիքին»,- ասում է պարոն Ագեեւը եւ ավելացնում, որ մյուս կողմից էլ՝ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչությունները նաեւ արդյունքն են Մերձավոր Արեւելքում տարվող քայքայիչ քաղաքականության: «Ես կարծում եմ, որ բոլորին հասկանալի է, թե որ պետությանը եւ ինչի համար է շահավետ կերակրել եւ ակտիվացնել ահաբեկիչների մեղվի բույնը: Հաղթահարելի մարտահրավերներ կլինեն միայն այն ժամանակ, երբ եվրոպացի առաջնորդները վերջապես հասկանան իրական արժեքները եւ դրանց կարեւոր սեղմագրերը, այդ թվում նաեւ՝ իրենց սեփական քաղաքականության համար, եւ դառնան ինքնուրույն՝ կարեւոր որոշումներ կայացնելիս: Ահաբեկչության դեմ պայքարի իմիտացիան եւ երեսպաշտությունը այս հարցում շատ վատ գործընկերներ են: Ահաբեկչությունը չարիք է, վտանգավոր բոլորի համար»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930