Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության «կապրիզը»

Ապրիլ 01,2016 14:00

Քվեարկածների ցուցակներն, ըստ Թեւան Պողոսյանի,
այլ մեխանիզմներով կարելի է ստանալ

«Եթե ես փորձեմ համեմատել այն, ինչ որ եղել է մարտի 18-ին, եւ այն, ինչը որ այսօր ենք մենք քննարկում, կարող եմ ասել, որ օրենքի նախագծի հեղինակները մեր բարձրաձայնած հարցերի ու խնդիրների, մի քանի նոր մոտեցումների հետ միասին պատրաստ էին նոր տարբերակներ քննարկել: Ինչը նշանակում է, որ աշխատանքի պատրաստակամություն՝ մեխանիզմները ամրագրելու, որոնք կբարձրացնեն վստահությունը ընտրական համակարգերի հանդեպ, կա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը` անդրադառնալով երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը: Դրան մասնակցել են նախագծի հեղինակները, արդարադատության նախարարը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, այն պատգամավորները, որոնք ընդգրկված են տարբեր խմբակցություններում, բայց չեն կիսում կամ արտահայտում խմբակցությունների դիրքորոշումները` Թեւան Պողոսյան, Խաչատուր Քոքոբելյան, Ալեքսանդր Արզումանյան, Նիկոլ Փաշինյան, Ռուբեն Հակոբյան եւ այլք: Սա այս ֆորմատով արդեն երկրորդ հանդիպումն է: Թեւան Պողոսյանն ասում է, որ բաց ու անկաշկանդ քննարկում է ընթանում, քննարկվում են ոչ միայն հայտնի հինգ առաջարկները, այլեւ բազմաթիվ այլ կարեւոր հարցեր: «Գլխավոր նպատակը լուծումներ գտնելն է, ոչ թե պահանջ-հակապահանջ տարբերակի վրա սեւեռվելը»,- ասաց նա:

Հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասել էր` հույս չունի, թե նախագծի հեղինակները կփարատեն իրենց հիմնական մտահոգությունը, մասնավորաբար՝ կհամաձայնեն հրապարակել քվեարկած քաղաքացիների ցուցակները: «Առավոտի» հարցին` մոտեցումներում այս տարբերություններն ինչպե՞ս կբացատրեք, Թեւան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Նույն Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ինքն ընդունելի է համարում լրատվամիջոցների հանդեպ սահմանափակումների առումով գտնված լուծումը: Կան ինչ-որ հարցեր, որոնց մասով դեռ չկա լուծում, հեղինակներն էլ ասում են, որ իրենք առաջարկելու այլ տարբերակ չունեն, բայց պատրաստ են լսել առաջարկներ եւ քննարկել: Ես դրա համար համեմատեցի մարտի 18-ի հետ: Այժմ տարբեր հարցերի վերաբերյալ համաձայնություն կա` տեղամասերում նկարահանումներ իրականացնելու մասով, իրենք ասում են՝ եթե դրա հնարավորությունը կա, խնդիր չեն տեսնում, էլեկտրոնային գրանցման առաջարկի մասով տեխնիկական սահմանափակումներ կան, որոնք, ըստ իս, անլուծելի չեն: Տարբերակներ են քննարկվում ընտրացուցակների հետ վստահված անձերի աշխատանքի, վերահաշվարկի ժամկետները երկարաձգելու մասով եւ այլն: Իսկ վերահաշվարկի ժամանակ, գիտեք, վստահված աձինք կարող են ծանոթանալ քվեարկածների ցուցակներին: Կրկնաքվեարկությունները բացառելու տարբեր տարբերակներ են քննարկվում»: Մեր զրուցակցին նաեւ հարցերը քննարկելու, լուծումներ գտնելու հեռանկար է խոստանում այն, որ իշխանական կողմը չի շտապում նախագիծն արդեն հաջորդ քառօրյայում դնել քննարկման, թեեւ օրենքը նման հնարավորություն ընձեռում է: Նա պատրանքներ չունի, որ իշխանությունները սեփական շահերին դեմ է գնալու:

Բայց այս փուլում կարեւոր է համարում, թե ինչ լուծումներ են կարողանալու առաջարկել իշխանության ընդդիմախոսները: Այս համատեքստում նա չի բացառում, որ ամենավիճելի հարցի` քվեարկածների ցուցակների հրապարակման մասով այնպիսի տարբերակներ գտնվեն, որոնք վստահված անձանց, դիտորդներին կամ կուսակցություններին հնարավորություն կտան այլ մեխանիզմներով ստանալ այդ ցուցակները. «Մենք պետք է կարողանանք իմաստուն տարբերակներ առաջարկել այն խնդիրների մասով, որոնցով իշխանությունները հատուկ մեխանիզմներ են պահում կեղծարարություններ անելու համար: Վերահսկողական մոնիտորինգի այնպիսի մեխանիզմներ ապահովագրենք, որոնք թույլ չեն տա ստացած քվեն երկրորդ անգամ օգտագործել: Անհնարին բան չկա, պետք է թեւաթափ չլինել, աշխատել: Եթե բոլորիս խնդիրը եւ նպատակը մեկն է` բարձրացնել վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ, ապա տարբեր մեխանիզմներով կարող ենք դա անել»:

Քվեարկածների ցուցակների հրապարակման մասով իշխանության կոշտ մերժողական դիրքորոշումը` Վենետիկի հանձնաժողովին եւ ՀՀ ՍԴ որոշումը վկայակոչելով, Թեւան Պողոսյանն իրականոմ «կապրիզ» է որակում: «Այսօր կարելի է բողոքարկել եւ ծանոթանալ այդ ցուցակներին: Կամ առաջարկված մեխանիզմ կա` երկու ժամով ծանոթանալու եւ գրառումներ անելու: Այդ երկու ժամվա ընթացքում կարելի է գնալ եւ միայն գրել ստորագրածների համարները: Պատկերացրեք, ընդդիմադիրները բոլոր տեղամասերում իրենց մեկական վստահված անձ են ունենում, յուրաքանչյուրը գրում է վերահաշվարկի իր պահանջը եւ կարողանում է ծանոթանալ ցուցակներին: Ապա այդ գրառումները համադրել: Այսօրվա դրությամբ ցուցակների չհրապարակումը ստացվում է, որ կապրիզ է: Դե, եկեք մենք էլ այնպիսի տարբերակ առաջարկենք` էլեկտրոնային գրանցման կամ որեւիցե այլ տարբերակ, որոնք վստահություն կտան, որ կրկնաքվեարկություն չի եղել, կամ ցուցակներին ծանոթանալու ավելի մեծ հնարավորություններ կտան»: Որ այս տարբերակով բոլոր հարցերը հնարավոր է կարգավորել, մեր զրուցակիցը չի խոստանում, բայց կարգավորման փորձեր անելը պարտադիր է համարում: Նա ուրախ է, որ տարբեր ձեւաչափերով են քննարկումներն ընթանում, ու հույս ունի, որ լուծումները կգտնվեն հենց այդ քննարկումներում. «Որքան շատ լինեն այդ հանդիպումները, այնքան լավ»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930