Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրամանը ուղղված է եղել իշխող կուսակցության եւ գործող գերագույն գլխավոր հրամանատարին ընտրելուն». զեկույց

Ապրիլ 01,2016 13:30
zinvor

«Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ ժամկետային զինծառայողների ընտրությունն ուղեկցվում է հրամանատարի ուղղորդմամբ եւ հոգեբանական ճնշմամբ: Դրան զուգահեռ, նրանք բավարար չտիրապետելով ընտրական պատշաճ գործընթացներին եւ իրենց ընտրական իրավունքներին, ինչպես նաեւ մեկուսացած լինելով փակ ու ոչ միշտ ապահով պայմաններում, չեն կարող ձեռնարկել գործուն քայլեր իրացնելու կամ վերականգնելու իրենց իրավունքները: Առկա են կասկածներ, որ զինծառայողների ռեսուրսը իշխանությունների կողմից օգտագործվում է՝ կեղծելու ընտրությունների արդյունքները». սա հատված է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի՝ «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունից: Այն այս շրջանում առավել ակտուալ է, քանի որ Ազգային ժողովում ընթանում են Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները, իսկ հետազոտության մեջ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ կենտրոնը օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ է անում: Ամեն ընտրությունների ժամանակ թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ իրավապաշտպանները ընտրական գործընթացների վերաբերյալ կարծիք հայտնելիս նշում են, որ բանակը զերծ չի մնում ընտրակեղծիքներին մասնակցությունից: Եվ հիմա այս խնդիրների լուծման վերաբերյալ հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկությունները, կարելի է ասել, կրկին իշխանությունների քաղաքական կամքից են կախված, քանի որ, ինչպես փորձագետներն են ասում՝ բանակի մարդկային ռեսուրսն ընտրություններին մշտապես օգտագործվել է հօգուտ իշխանության:

Հետազոտությանը մասնակցած մասնագետները նկատում են՝ որեւէ առանձնահատուկ կարգավորում նախատեսված չէ ընտրական գործընթացներին զինծառայող ընտրողների մասնակցության վերաբերյալ:

«Զորամասի ընտրողների ցուցակները կազմվում են համապատասխան զորամասի հրամանատարի կողմից եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրվում զմռսված ծրարով: Այն բացվում է միայն քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում: Ի լրումն դրա՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է նաեւ զորամասի ընտրողների քվեարկության ընտրատեղամասերի համարների եւ գտնվելու վայրի գաղտնիություն: Նման գաղտնիությունը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության եւ հրապարակայնության, ինչպես նաեւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքներին, քանի որ զրկում է հասարակության ներկայացուցիչներին ցուցակների նկատմամբ վերահսկողության հնարավորությունից»,- գրված է զեկույցում: ԹԻ-ն առաջարկում է օրենսդրությամբ բացառել զորամասերի տարածքում հաշվառված ընտրողների ցուցակների, նաեւ Ընտրական նոր օրենսգրքի նախագծով զորամասերի տարածքում հաշվառված ընտրողների քվեարկության ընտրատեղամասերի համարների եւ գտնվելու վայրի գաղտնիությունը:
Ըստ ԹԻ զեկույցի՝ ՀՀ օրենսդրությամբ չեն կարգավորվում զինծառայող ընտրողների շրջանում նախընտրական քարոզչության հարցերը, ժամկետային պարտադիր զինծառայողները, որոնց 18 տարին լրացած է եւ առաջին ընտրությունը կատարում են զինծառայության ընթացքում, պատշաճ չեն իրազեկվում ընտրություններին առնչվող հարցերի մասին: ՀՀ պաշտպանության նախարարությունն, ըստ զեկույցի, արգելում է զինված ուժերում նախընտրական քարոզչություն իրականացնել՝ հիմնվելով սահմանադրական այն պահանջի վրա, որ զինված ուժերը՝ ԶՈՒ-ն, քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն եւ գտնվում է քաղաքացիական վերահսկողության ներքո: Հակակոռուպցիոն կենտրոնը գտնում է, որ ԶՈՒ քաղաքական չեզոքության սկզբունքի պահանջը չպետք է ազդի զինծառայող ընտրողների՝ ազատորեն կարծիք ձեւավորելու իրավունքի վրա՝ արհեստական դարձնելով նրանց ընտրելու իրավունքը:

Կենտրոնը նկատել է նաեւ, որ զորամասերում բացակայում են ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունները, թռուցիկները, տպագիր նյութերը, բուկլետները եւ այլն: Նախընտրական քարոզչությանը զինվորների հիմնական միջոցը հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրն է, որը, ըստ փորձագետների, ակնհայտորեն չհավասարակշռված տեղեկատվություն է տալիս: Այս խնդրի լուծման համար էլ կենտրոնն առաջարկում է օրենսդրորեն նախատեսել հնարավորություն՝ նշված անձանց շրջանում նախընտրական քարոզչական նյութերի տարածման համար:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի փորձագետները նշում են, որ չնայած զորամասերում արգելվում է զինծառայողների կողմից քարոզչություն անել, սակայն զորամասի հրամանատարական կազմի կողմից ուղղորդվել են, թե որ թեկնածուներից կամ քաղաքական ուժերից ում օգտին քվեարկեն զինվորները, եւ սա տրվել է որպես հրաման. «Հրամանը ուղղված է եղել իշխող կուսակցության եւ գործող գերագույն գլխավոր հրամանատարին ընտրելուն»: Այս առնչությամբ էլ ԹԻ-ն առաջարկում է սահմանել պատասխանատվության մեխանիզմներ:

Հակակոռուպցիոն կենտրոնը նշում է, որ ԼՂՀ տարածքում զինվորական ծառայություն անցնող զինվորները մասնակցում են ՀՀ համապետական ընտրություններին ՀՀ տարածքում գտնվող ընտրատեղամասերում, սակայն, ըստ կենտրոնի, անհասկանալի է, թե ինչ իրավական ակտով են կարգավորվում այս անձանց ընտրելու իրավունքի իրացման հարցերը, ինչպե նաեւ երկակի չափանիշների պատճառները, եթե այլ պետության տարածքում տեղակայված զինծառայողները ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված են: Այս խնդրի լուծման համար էլ առաջարկվում են օրենսդրական կարգավորումներ:

Եզրափակելով՝ ԹԻ-ն առաջարկում է արմատական փոփոխություն կատարել եւ ապահովել զինծառայող ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ու պաշտպանությունը. «Նշված օրենսդրական կարգավորումները եւ դրանց ապահովման համար պրակտիկ միջոցներ ձեռք չառնելու դեպքում որոշակի ժամանակահատվածով կասեցնել պարտադիր զինծառայողների ընտրելու իրավունքը՝ մինչեւ նրանց կողմից ընտրելու իրավունքի պատշաճ իրացման համար արդյունավետ օրենսդրության եւ մեխանիզմների ապահովումը»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930