Խաչատուր Մարոզյանի նկատմամբ
հարուցված քրեական գործով հրապարակվել է դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարան դիմած մեղադրանքի կողմը պահանջել էր բեկանել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա օգոստոսի 3-ի դատավճիռը, համաձայն որի՝ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, «Իրավունքի եւ հոգեբանության միջազգային ակադեմիա» ՍՊ ընկերության տնօրեն Խաչատուր Մարոզյանն արդարացվել էր հանցակազմի բացակայության հիմքով, վերացվել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Վերաքննիչ քրեական դատարանը մարտի 23-ին հրապարակել է դատավճիռը: Այն երեկվա դրությամբ դեռ չէր տեղադրվել «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում:
Խաչատուր Մարոզյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. «Խ. Մարոզյանը հանդիսանալով «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով, վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու եւ նրա քրոջ` Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով, 2013թ. մարտից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի` ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար եւ չարաշահելով վերջինիս վստահությունը, ծախսել է իր անձնական կարիքների համար: Այն է` բացառությամբ Մոսկվա մեկնելով եւ նշված հանգամանքի շուրջ կատարված գրավոր հարցումից, որեւէ այլ գործողություն չկատարելով` խաբեությամբ տիրացել է հիշյալ գումարին»:
Խաչատուր Մարոզյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ժամանակ հրաժարվել էր ցուցմունք տալ, իսկ դատարանում ցուցմունք տվել է: Նա դատարանում հայտնել էր, որ 2004թ. օգոստոսի 26-ին հիմնադրել է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այդ իրավապաշտպան կազմակերպության նախագահն է:
Կարդացեք նաև
Ըստ գործի նյութերի, իրավապաշտպանին 2013թ. մարտին զանգել է իր ծանոթ Ս. Թորոսյանը, ասելով, թե ունի իրավական օգնության կարիք, ցանկանում է հանդիպել նրա հետ: Պայմանավորվել են հանդիպել կազմակերպությունում: Կազմակերպության նախագահը փաստաբան Մ. Շիրինյանին հանձնարարել է մասնակցել այդ հանդիպմանը: Ս. Թորոսյանը եկել էր հանդիպման քրոջ` Ծ. Սիմոնյանի հետ: Երկուստեք ներկայացել են:
Դիմումատու Ս. Թորոսյանը պատմել է, որ քրոջ` Ծ. Սիմոնյանի ամուսինը` Ա. Սիմոնյանը, նրան բնակարանից վտարելու պահանջով հայց է ներկայացրել դատարան, իսկ հայցի հիմքում էլ դրվել է նրանց ամուսնալուծելու վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի վճիռը:
Կողմը պնդել է, թե ըստ իրենց՝ ամուսնալուծության վճիռը կեղծ է, քանի որ իրենց քույրը 2003թ. Սուրգուտ քաղաքից չի բացակայել, ապրել է իր ամուսնու հետ նույն հարկի տակ, իսկ ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի մասին էլ տեղեկացել է Արաբկիրի դատարանում առկա հայցադիմումի կապակցությամբ արված հարցումից:
Իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Մ. Շիրինյանն առաջարկել է Ծ. Սիմոնյանին գնալ Սուրգուտ, տեղի դատարանից ստանալ գործի նյութերը: Խոսակցությունն ընդհատվել է, քանի որ դիմող կողմը պետք է ներկայացվելիք հաշվարկի հետ կապված տար իր համաձայնությունը:
Խ. Մարոզյանի հաշվարկով գործուղման ծախսերը կազմելու էին 4000 ԱՄՆ դոլար: Ս. Թորոսյանն այդ ժամանակ առաջարկում է Խ. Մարոզյանին զբաղվել այդ հարցով: Իրավապաշտպանին է տրվում լիազորագիր, գումարը: Իրավաբանը մեկնում է Մոսկվա:
Այնտեղ Խ. Մարոզյանը հանդիպում է իր ծանոթ փաստաբանների հետ, վերալիազորում այդ վեճի հետ կապված մեկ այլ փաստաբանի՝ Օկսանա Բուզինսկայային: Վերջինս Սուրգուտից պետք է ստանար ամուսնալուծությանն առնչվող բոլոր նյութերը:
Մարոզյանը վերադառնում է Հայաստան, սակայն ըստ նրա ցուցմունքի, մշտապես կապի մեջ է գտնվել ռուս փաստաբանի հետ: Ի դեպ, Օկսանան ուղարկում է Սուրգուտի դատարանի վճռի պատճենը: Վճռի կեղծ լինելու հանգամանքը պարզելու խնդրանքով իրավապաշտպանը դիմում է Սուրգուտի իրավապահ մարմիններին: Այնտեղ էլ քրեական գործ չի հարուցվում, իսկ Հայաստանում ստացվում է Խ. Մարոզյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Սուրգուտի դատախազի որոշումը:
Այդ մասին իրազեկվում է դիմումատու կողմը՝ Ս. Թորոսյանը:
Հետագայում պարզվում է, որ Ծովինար Սիմոնյանի ամուսինը` Ա. Սիմոնյանը, հրավիրվել է ոստիկանություն, հարցաքննվել է եւ «այդ հանգամանքից վախեցած ամուսինը եկել է Հայաստան, ցանկանալով հաշտվել Ծովինարի հետ»:
Ամիսներ հետո Ս. Թորոսյանը Խ. Մարոզյանին տեսնելով՝ ասում է, որ նա ոչ մի ծառայություն չի մատուցել եւ պահանջում է վերադարձնել իր 4000 ԱՄՆ դոլարի մի մասը:
Տուժող ճանաչված Ս. Թորոսյանը ցուցմունք էր տվել Սուրգուտ մեկնելու հետ կապված.
«Խ. Մարոզյանն ասել է, որ ինքն է մեկնելու Սուրգուտ՝ վճռի հիմքերը եւ օրինականությունը պարզելու, իսկ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է 4000 ԱՄՆ դոլար: Խ. Մարոզյանն իրենց ասել է նաեւ, որ փոստային ծառայության միջոցով ՌԴ իրավապահ մարմիններին բողոք ներկայացնելու դեպքում գործընթացը կարող է բավականին երկար տեւել: Խ. Մարոզյանն իրեն հայտնել է, որ փաստաբան է, նախկինում աշխատել է ՌԴ-ում, տեղյակ է նրանց օրենքներից, մեծ շրջապատ ունի եւ կարող է արդյունքի հասնել: Խ. Մարոզյանն իրենց ասել է նաեւ, որ կարող է 100.000 ԱՄՆ դոլարի օգուտ բերել եւ հարցրել՝ արդյոք այդ դեպքում 10.000 ԱՄՆ դոլար իրեն կտա՞ն, թե՞ ոչ, իսկ իրենք էլ խոստացել են գործի դրական ավարտից հետո որոշակի գումար տալ»: Ըստ տուժողի, Խ. Մարոզյանը չի վերադարձրել տրված գումարները, երբ հասկացել է, որ Խ. Մարոզյանն իրեն խաբել է, ինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.03.2016