Լրահոս
Օրվա լրահոսը

«10:0 ես հաղթեցի՝ ձեր «սադրանքը» հաջողությամբ չպսակվեց»

Ապրիլ 01,2016 12:30

Երվանդ Ղազանչյանի երկու ուսանողները թատրոններ են ղեկավարում

«Առավոտի» հանդիպումը ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի (լուսանկարում) հետ, ըստ էության, ուներ մեկ առիթ: 2015թ. Ստեփանակերտի եւ Գավառի պետական թատրոններում գեղարվեստական ղեկավարներ նշանակվեցին անվանի ռեժիսորի կուրսում ուսանած երկու ուսանողները՝ Ռուզան Խաչատրյանը եւ Արմեն Սաֆարյանը: Օրերս էլ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Յոուզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» դրամայի պրեմիերան՝ Ռուզան Խաչատրյանի ռեժիսուրայով, որին ներկա է եղել պարոն Ղազանչյանը:

Մեր դիտարկմանը, թե զարմանալի զուգադիպությամբ այսօր երկու ուսանող ղեկավարում են Հայաստանի ու Արցախի պետական թատրոնները, որոնք սովորել են իր արվեստանոցում, Երվանդ Ղազանչյանը նախ էքսկուրս կատարեց՝ շեշտադրելով արցախյան թատրոնի պատմությունը: Նրա տեղեկացմամբ՝ դեռեւս մ.թ.ա. 1-ին դարում հայկական բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ նաեւ Արցախում, գոյություն ունեին ամֆիթատրոններ, որտեղ բեմադրվում էին անտիկ հեղինակների ստեղծագործություններ: Նույնիսկ Արտավազդ 2-րդ թագավորն էր պիեսներ գրում: Ղարաբաղում, ինչպես նաեւ Հայաստանում թատերական արվեստը հարգանք էր վայելում: 19-րդ դարի 2-րդ կեսին Արցախի ամենաբնակեցված վայրերում՝ Շուշիում, հիմնադրվեց 350 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով Խանդամիրյանի դրամատիկական թատրոնը: Իսկ 1932 թ. Ստեփանակերտում հիմնադրվեց Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը: Վերջինս գոյության 84 տարիներից 66-ի ընթացքում ունեցել է թատրոնի փառահեղ շենք, որտեղ արձանագրվել են ստեղծագործական հաջողություններ:
Ցավոք, Արցախյան գոյամարտը երանելի հաղթանակից բացի, իր հետ բերեց նաեւ ավերումներ: Պատերազմական եւ հետպատերազմական տարիներին օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բարձիթողի արված այս թատերական օջախը հայտնվեց այնպիսի վիճակում, որ այլեւս հնարավոր չէր թատերախմբի գործունեությունը նրա խունացած եւ փլվող պատերի ներսում: Հետեւաբար՝ օրվա խնդիր դարձավ թատրոնի հիմնանորոգման հարցը: Պարոն Ղազանչյանը շեշտեց. «Այդ շենքը հաղթանակած ժողովրդին չի սազում»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ, ընդ որում՝ հարմարավետության տեսակետից այն ներկայումս քաղաքում գործող լավագույն հանդիսավայրերից է:

«Երբեք բարձիթողի չի արվել թատրոնի ստեղծագործական աշխատանքը: Վերականգնվել եւ թեկուզ նոր բեմին են հարմարեցվել խաղացանկային ներկայացումները, այդ թվում՝ «Ռուզան», «Լույս քեզ տեսնողին», «Սիլվիա», «Խոշոր շահում», «Հրաշագործ ծաղիկը», նույնիսկ չեն անտեսվել երեխաները: «Բրեմենյան երաժիշտները» հեքիաթը տեղ է գտել թատրոնի մշտական խաղացանկում»,- ասաց Երվանդ Ղազանչյանը՝ հավաստիացնելով, թե իր գոյության ընթացքում կոնկրետ Ստեփանակերտի թատրոնը երբեք «նստակյաց կյանք» չի վարել. այն շրջել է Արցախի քաղաքներում ու գյուղերում:
«Թատրոնի կարեւոր խնդիրներից մեկն էլ երիտասարդ կադրերի պատրաստումն է: Այ, հիմա պատասխանեմ ձեր հարցին: Ստեփանակերտի Փափազյանի եւ Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական թատրոնների գեղարվեստական ղեկավարները՝ իմ ուսանողները՝ Ռուզան Խաչատրյանն ու Արմեն Սաֆարյանը ծնունդով տեղաբնակներ են»,- ասաց պարոն Ղազանչյանը: Հետո էլ կատակեց. «10:0 ես հաղթեցի, կարծում եմ, միանշանակ ձեր «սադրանքը» հաջողությամբ չպսակվեց գոնե ինձ համար»:

BAG_6552 BAG_6436 BAG_6443 BAG_6450 BAG_6461 BAG_6467 BAG_6473 BAG_6481 BAG_6482 BAG_6484 BAG_6487 BAG_6495 BAG_6504 BAG_6537 BAG_6544

Տեսարաններ՝ «Սեր, ջազ, սատանա» ներկայացումից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930