Հազարամյակներ շարունակ ազնվական դասը չէր ուտում այն, այնինչ 20-րդ դարում հնդկացորենը ստացավ «Ձավարեղենի թագուհի» անվանումը։ Որպես դիետիկ սնունդ` խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 150-250 գրամ։
Հնդկացորենը պարունակում է 18 էական ամինաթթուներ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, պղինձ, յոդ, բոր, մոլիբդեն, կոբալտ եւ վիտամիններ B1, B2, B9` ֆոլաթթու, PP եւ E:
Հնդկացորենի սերմերը պարունակում են օսլա, սպիտակուց, շաքարավազ, ճարպային յուղ, օրգանական թթուներ, ֆոսֆոր, երկաթ:
Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին եւ տրիպտոֆան ամինաթթուները, 70 տոկոս օսլա, 3 տոկոս ճարպ, 0,5 տոկոս շաքարներ, 1 տոկոս բջջանյութ, օրգանական թթուներ։
Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ` E6- 65 մգ, B1-0,43, B2-0,2, B6-04, B9-32 մկգ, PP-4,19 մգ, բետա կարոտին-0,006 մգ, յոդ-4 մկգ, կոբալտ 3,1 մկգ, պղինձ-0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ եւ այլն։
Հնդկացորենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, իսկ յուղայնությամբ գերազանցում է բոլոր հացահատիկներին՝ զիջելով միայն վարսակի ալյուրին եւ կորեկին: Սպիտակուցների քանակով գերազանցում է բոլոր հացահատիկային կուլտուրաներին:
Հնդկացորենը շատ օգտակար է տարբեր հիվանդությունների ժամանակ՝ արյան անոթների, ռեւմատիկ հիվանդությունների, արթրիտի: Բարելավում է արյան շրջանառությունը, ամրացնում է իմունային համակարգը:
Կանաչ հնդկացորենի օգտագործումը նպաստում է օրգանիզմից հեռացնել ավելորդ խոլեստերինի քանակը, ինչպես նաեւ՝ թունավոր նյութերը եւ կուտակված ծանր մետաղները:
Այն խորհուրդ են տալիս օգտագործել ենթաստամոքսային գեղձի եւ աղեստամոքսային տրակտի հիվանդության ժամանակ: Այն հրաշալի միջոց է այրոցի ժամանակ: Խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել խախտված նյութափոխանակության, գիրության եւ շաքարային դիաբետի ժամանակ:
Հնդկացորենի չափից ավելի օգտագործումը, դիետաները հակացուցված են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ` գաստրիտ, խոցեր: Ինչպես նաեւ հակացուցված է հղիության ընթացքում կամ կրծքով կերակրելու ժամանակ, քանի որ այն բարձրացնում է ալերգիայի ռիսկը երեխաների մոտ:
Դեռահասային եւ կլիմաքսիկ շրջանում գտնվող անձանց, ինչպես նաեւ ծանր սթրեսի, հուզական սթրեսի` իրադարձություններ, քննություններ, հաշվետվություններ, այսինքն այն ժամանակ, երբ օրգանիզմին անհրաժեշտ է հավասարակշռված եւ բազմազան սնուցում, եւս պետք է խուսափել հնդկացորենի դիետայից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
31.03.2016