Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 01,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսանվեցերորդ

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Վարուժի նկարակալին էդ առավոտ հայտնված էդ իգական սեռի շնչավորներն էնքան անմեղ, էնքան թափանցիկ ու էնքան գեղեցիկ էին՝ ինչքան որ Աստծո ձեռամբ արարված  իգական սեռի լավագույն նմուշներն են, եւ ավելին չեմ կարող ասել, որովհետեւ ավելին միայն Վարուժն  էր ի վիճակի ասել ու իր նկարչական բացառիկ լեզվով լավ էլ ասել էր, եւ հիմա արդեն մտածում եմ, որ Վարուժի էդ ջնջած նկարի գոյացման մեջ էլ էր Աստծո մատը խառը, եւ չնայած էդ ջնջվածը Վարուժի հանապազօրյա պարտադիր նկարներից մեկն էր, այդուհանդերձ, մյուսներից էականորեն էր տարբեր, եւ չնայած Վարուժի այլ գործերում էլ էր Աստծո մատն էականորեն խառը, էդ ջնջվածն էականորեն էր մյուսներից տարբեր, եւ քանի որ Վարուժն ինքն էլ էր գեղանկարչական իմ զգացողությունն ու ճաշակը գնահատում, հիմա ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ էդ ջնջվածն էն էր՝ ինչից պիտի վերածնվեր ու վերսկսվեր միանգամայն նոր ու միանգամայն այլ Վարուժ, եւ հիմա նաեւ մտածում եմ, որ էդ նկարը ոչ թե Վարուժը ջնջեց, այլ էն չարքը՝ որ էդ պահին պնդերեսորեն ու անկոչ սողոսկել էր Վարուժից ներս, եւ դա էն չարքն էր, որն առիթով ու անառիթ  անխտիր բոլորիս մեջ է սողոսկում, եւ եթե իրեն չես ճանաչում ու դուրս չես հրավիրում, կարող է ժամերով ու օրերով քեզ առաջնորդել  ու ղեկավարել, եւ չնայած հիմա էսպես իմաստուն ու էսպես մեծ-մեծ եմ խոսում, էդ չարքը  նվաստիս մեջ էլ է ժամանակ առ ժամանակ սողոսկում՝ նվաստիս էլ ավելի նվաստացնելով ու նսեմացնելով, եւ չնայած ինքն անկոչ ձեւով ժամանակ առ ժամանակ բոլորիս մեջ է սողոսկում, իրեն ոչ կարգին ճանաչում ենք եւ ոչ էլ նույնիսկ նկատում ենք, եւ իր անունն էլ կարգին չգիտենք, եւ դրանում մեզ  առանձնապես մեղադրելու չի, որովհետեւ ինքը, փաստորեն, անուն չունի, եւ եթե ունի էլ, էնքան շատ ու էնքան բազմազան անուններ ունի, որ դժվարանում ենք իրեն տարբերել շատ ուրիշներից, եւ չնայած քիչ առաջ իրեն չարք անվանեցի, ուրիշներն այլ անուններ ու  անվանումներ են  նախընտրում, եւ չնայած էս դեպքում իրեն չարք անվանեցի, ուրիշ դեպքերում ուրիշների պես տալիս եմ իր ամենաընդունված ու ամենատարածված  անունը՝ սատանա,- եւ չնայած հիմա նվաստս է էս բաները գրում, ուրիշներն ու գրեթե բոլորն էլ գիտեն, որ էդ սատանա կոչվածն անկոչ  ու ինքնակոչ ձեւով մեր ներսերը սողոսկելու սեր ու սովորություն ունի, եւ ինքն էնքան աննշմար ու աննկատ է մեր ներսերը սողոսկում, որ միայն իր չքվելու ու հեռանալու դեպքում ենք գիտակցում ու հասկանում, որ ինքը մեր ներսերում է գտնվելիս եղել, եւ իր չքվելուց ու հեռանալուց հետո կանայք իրար ասում են՝ «այ ախչի, էդ ի՞նչ սատանա էր մեջդ մտել», եւ ուրիշ դեպքերում էդ անկոչ ինքնակոչին նաեւ դեւ ենք անվանում, եւ երբ էդ դեւ կոչվածն ինչ-որ մեկի ներսն է սողոսկում, անմիջապես նկատում ու էդ մեկին ասում ենք` «էլի դիվոտվեցի՞ր», եւ էդ անկոչ ինքնակոչի գոյությունը սովորաբար չենք տեսնում ու չենք նկատում հատկապես էն դեպքերում, երբ էդ անկոչ ինքնակոչն անձամբ մեր ներսն է սողոսկած լինում, եւ միայն իր չքվելուց ու իր հեռանալուց հետո ենք  գիտակցում ու հասկանում, որ ինքն անկոչ ու ինքնակոչ կերպով մեր ներսում է գտնվելիս եղել, եւ եթե էդ բանը գիտակցում ու հասկանում ենք, դրանից հետո տեւականորեն  մեր ներսի դռները փակ ենք պահում էդ անկոչ ինքնակոչի առաջ, ու էս տհաճ թեման փակելուց ու ավարտելուց առաջ ուզում եմ նաեւ նշել ու շեշտել, որ մեր ներսերում ժամանակ առ ժամանակ ոչ միայն չարքերն են բուն դնում, այլեւ անձամբ Ինքը՝ Աստված, այլ կերպ ասած՝ չարի ու բարու հակամարտությունը ոչ միայն արտաքին աշխարհում է տեղի ունենում, այլեւ՝ մեր ներսերում, եւ մեջներիս բախտավորները նրանով են բախտավոր, որ իրենց մեջ բարին ոչ միայն հաճախակի է հայտնվում ու իրենց ներսում մնում, այլեւ իրենց ներսերից վտարում ու հեռացնում է չարքին, եւ երբ մեր ներսերից չարքը վանվում ու հեռացվում է, մեկից էնպես ենք ավելորդությունից ու նեղությունից ազատվում՝ ինչպես որ չափազանց փոքր չափսի կոշիկ հագած մարդն է իր չափազանց փոքր չափսի կոշիկը հանելով՝ մեկից ազատվում ավելորդ նեղությունից ու նեղվածությունից:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ի դէպ, Արմէն, չարք, սատանայ, դև շարքը կարելի էր շարունակել նաև գործածելով «այս» ու «այսահարւել» հայերէն բառերը ( պատճենելով ու փակցնելով համապատասխան «մտքերը» )

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930