Տիգրան Մազմանյանի փաստաբանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել
«Վարչական դատարանը որոշեց ոստիկանության հայցն ընդդեմ Տիգրան Մազմանյանի բավարարել, իսկ մեր հակընդդեմ հայցը՝ մերժել։ Տիգրան Մազմանյանին վարչական պատասխանատվության ենթարկեցին 50 000 դրամի չափով»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 11-ին Բաղրամյանի պողոտայում էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի ընթացքում մի շարք ակտիվիստներ էին բերման ենթարկվել, այդ թվում նաեւ՝ Տիգրան Մազմանյանը։ Վարչական դատարան ներկայացված հայցով Ոստիկանությունը պահանջում էր ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Մազմանյանին վարչական պատասխանատվության ենթարկել:
Մեզ հետ զրույցում Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատարանի որոշումն անհիմն էր. «Միայն տեսաերիզներն են հիմք դրել, որ Տիգրան Մազմանյանը տեսանյութում կա, եւ դա բավարար ապացույց համարելով վճիռ են կայացրել։ Իհարկե, պետք է բողոքարկենք Վերաքննիչ վարչական դատարան»։
Կարդացեք նաև
Փաստաբանը նաեւ ասաց, թե տեսանյութերում հստակ երեւում է, որ ոստիկաններն են փակել փողոցները, եւ այդ պատճառով Տիգրան Մազմանյանը փողոցում է կանգնել. «Ի սկզբանե անօրինական պահանջ է ներկայացվել ոստիկանության կողմից։ Ի սկզբանե ոստիկաններն են խախտել խաղաղ հավաքը, փակելով մայթեզրը եւ փողոցը։ Դրանից բխող ոստիկանության ցանկացած հայտարարություն ապօրինի է»։
Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ փորձելու են Վերաքննիչի միջոցով բեկանել Վարչականի վճիռը, իսկ եթե չստացվի՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Համոզված եմ, որ ՄԻԵԴ-ը տարիներ հետո կվերականգնի արդարությունը»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ