Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞րն էր ԱԱԾ-ի ուղերձը՝ երեկվա ասուլիսում. Սաքունցը՝ ԱԱԾ-ի «ծիծաղելի եւ ոչ պրոֆեսիոնալ» հետաքննության մասին

Մարտ 31,2016 20:35

Ինքնին նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկությունների միակողմանի հրապարակումը մինչ նախաքննության ավարտը արդեն իսկ կասկածելի է: Պետք է հասկանալ, թե ո՞րն է  նման հրապարակման դրդապատճառը:

«Լուրջ չի կարելի ընդունել, որ հնարավոր է այդքան մեծ թվով մարդկանց խմբով կազմակերպել ահաբեկչական գործողություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպիսի տպավորություն էր ստացել ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի երեկվա ասուլիսից: Հիշեցնենք, որ ասուլիսում վերջինս հրապարակեց մի շարք լուսանկարներ, թե ինչպես է հանցավոր խումբը պատրաստվել  հեղաշրջում եւ ահաբեկչություն կազմակերպել ԱԺ-ի, ՍԴ-ի, կառավարության եւ պետական այլ մարմինների շենքերում:

Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Նախ, ինքնին նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկությունների միակողմանի հրապարակումը մինչ նախաքննության ավարտը արդեն իսկ կասկածելի է: Նմանատիպ այլ հանգամանքներում քննիչները, հղում կատարելով նախաքննության գաղտնիքին, որեւէ տեղեկություն չեն տրամադրում: Սա նշանակում է, որ պետք է ունենաս միտում: Պետք է հասկանալ, թե որն է դրդապատճառը նման հրապարակման: Կոնտեքստից կտրված՝ դու ներկայացնում ես զենքերը՝ իբր այդ խմբի տիրապետության տակ են եղել, այն դեպքում, երբ դրա համար բավարար ապացույցներին մենք չենք տիրապետում: Դա միակողմանի տեղեկատվություն էր, որը փորձում էր հանրային կարծիք ձեւավորել, թե դա իրապես շատ ավելի լուրջ է, քան կարծում են»:

Ըստ Արթուր Սաքունցի, երեկվա հրապարակման հիմնական ուղերձը այն նախադասության մեջ էր, իբր կազմակերպված հանցախմբի թիրախը եղել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ մյուս նախագահները. «Այն, ինչ ներկայացվեց եւ ասվեց՝ մեկը մյուսի հետ չէր համընկնում: Որպեսզի մերկապարանոց չհնչի, որ թիրախը եղել է Սերժ Սարգսյանը, համեմել են այդ իբր թե քրգործի փաստական հանգամանքների հրապարակումով՝ տպավորություն ստեղծելու համար»:

Իրականում, ըստ Արթուր Սաքունցի, ԱԱԾ-ի երեկվա ասուլիսի հիմնական նպատակն այն էր, որ կեղծվեր հանցավոր խմբի ահաբեկչության փորձի դրդապատճառը. «Թե որն է դրա իմաստը՝ պարզ է. դրդապատճառը, որի հիման վրա այդ խումբը ձեւավորվել է, եթե իրապես գոյություն ունի դա, Սերժ Սարգսյանի իշխանության տապալումն է: Եթե ասեին՝ դա ահաբեկչական խումբ է, որը փորձել է նման գործողություն կատարել Սերժ Սարգսյանի նկատմամբ, այդ դեպքում ստիպված էին լինելու ասել՝ որո՞նք են եղել դրա դրդապատճառները: Հանցագործության բացահայտման կարեւորագույն հանգամանքներից մեկը դրդապատճառն է, շարժառիթը: Իրենց հիմնական խնդիրն է շարժառիթը, որից իրենք սարսափահար են: Իրենք պետք է ներկայացնեին, որ շարժառիթն է եղել Սերժ Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը, որից բողոքում են բազմաթիվ քաղաքացիներ: Որպեսզի նման պատասխանատվություն չարձանագրվի, փորձել են տարածել եւ շարժառիթների թվում ընդգրկել նաեւ նախկին նախագահներին: Մենք այս 25 տարվա մեջ չենք տեսել զինված խմբավորման ձեւավորման ակնարկ, փաստ, որ լինի նախկին նախագահների նկատմամբ, որոնք արդեն գործող չեն: Ներկայումս ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր խնդիրների՝ կոռուպցիան, ապօրինությունը, անօրինականությունները, արտագաղթը, սոցիալական անապահովության բարձր մակարդակը, սոցիալական բեւեռացումը,այս բոլոր խնդիրների անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որին որպես թիրախ ենթադրյալ այդ խումբն ընտրել է:  Դրա համար շարժառիթների այդ պատասխանատվությունը որպեսզի չվերցնեն՝ փորձեցին այդպես ներկայացնել: Իսկ դա ծիծաղելի է: Ծիծաղելի է նման ոչ պրոֆեսինալ կերպով աշխատանքը եւ նման ոչ պրոֆեսիոնալ հետաքննությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031