Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնագիտական պեղումները միայն գիտական նպատակների համար չեն». Պավել Ավետիսյան

Մարտ 31,2016 20:13

«Հայաստանում վերջին տարիներին հնագիտական դաշտային հետազոտություններն աննախադեպ ծավալների են հասել թե՜ քանակական, թե՜ որակական առումով: Այսօր ինչ պեղվում, ուսումնասիրվում է, իր ծավալով շատ ավելին է, քան խորհրդային տարիներին արված աշխատանքը: 2015թ.-ին կատարած աշխատանքները լավ արդյունքներ են տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյանն ասաց, որ իրականացրել են 24 ծրագիր, և պեղումները բացառիկ նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի վերակազմության համար, այնպես էլ ողջ տարածաշրջանի. «Հնագիտական պեղումները միայն գիտական նպատակների համար չեն: Պեղել ենք այնպիսի հուշարձաններ , որոնց տվյալները հնարավորություն են տալիս փոխելու եղած տեսակետները երկիր մոլորակը բնակեցնելու վաղագույն փուլերի վերաբերյալ: Գիտության մեջ կա մի տեսակետ ՝ նախամարդու մեկ տեսակը ձևավորվել է Աֆրիկայում եւ այնտեղից էլ տարածվել մոլորակով մեկ: Մենք պեղել ենք 300-350 հազար տարվա վաղեմության հուշարձան, որը հնարավորություն տվեց չհամաձայնվելու այդ տեսակետի հետ: Հիմա այս բացահայտումն ակտիվ քննարկվում է միջազգային գիտական շրջանակներում»:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը ավելացրեց, որ շատ կարևոր արդյունքներ են գրանցվել նաև Արարատյան դաշտում գտնվող վաղ երկրագործական մշակություններ ներկայացնող հուշարձանների պեղումների ժամանակ. «Խոսքն այն առաջին բնակավայրերի մասին է, որը մարդը կառուցել է Արաքսից հյուսիս ընկած տարածքներում: Դրանք Ք. Ա. 7-րդ հազարամյակի վերջ 6-րդ հազարամյակի սկիզբ ժամանակագրվող հնավայրեր են: Այդ հնավայրերից հետաքրքիր արդյունքներ են արձանագրվել Ակնաշենում: Այստեղ պեղված նոր շերտերը վերաբերում են Ք. ա 5900-ական թվականներին: Այդ պեղումներով նոր շերտեր են հայտնաբերվել»:

Հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայգերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը խոսեց Վիշապաքարերից՝ նշելով, որ դրանք կարևոր են Հայկական լեռնաշխարհի համար, քանի որ էնդեմիկ երևույթ են և լինելով մոնումենտալ արվեստի օրինակներ ինչ որ տեղ որպես երևույթ նմանվում են խաչքարին. «Վիշապ քարակոթողները հայտնի են գիտությանը 20-րդ դարի սկզբից: Գիտական գրականության մեջ հասարակության լայն շրջանակներում Վիշապ քարակոթողներրը որոշակի դեր են խաղում, դրանց մասին միֆեր են պտտվում: Մեր հետազոտությունները սկսվեցին 2011թ.-ին հետազոտական աշխատանքները սկսվեցին ոչ միայն այստեղ՝Հայաստանում, այլ նաև Արևմտյան Հայաստանում, քանի որ վիշապաքարերի որոշակի կուտակումներ այնտեղ էլ կան՝ մասնավորապես Տայքում»:

Արսենը հավելեց, որ աշխատանքների ամենից հետաքրքիր արդյունքները գրանցվել են 2012թ.-ին. «Արագածի հարավային լանջերին հայտնաբերեցինք մի լանդշաֆտ, մոտ 3000 մետր բարձրության վրա, որտեղ մեծ քանակությամբ Վիշապ կոթողներ էին կուտակված, և այդ լանդշաֆտը շատ հետաքրքիր էր նրանով, որ այն իր նախնական վիճակում էր գտնվում: Հնագիտության պատմության մեջ շատ քիչ նման օրինակներ կարելի է գտնելհիմնականում 2400 մետր այն կողմ չեն անցնում: Հայաստանի համար նման պեղումները կարող են շատ կարևորվել,որովհետև ինչ որ տեղ նաև ցույց են տալիս, որ Հայաստանը ունի պոտենցիալ: Ինչքան մենք հետազոտում ենք Վիշապ քարակոթողները, ավելի շատ հարցեր են առաջանում, քան լուծումներ , բայց մենք գտնվում ենք այդ լուծումների ճանապարհին: Վիշապաքարերը քարտեզագրում ենք, ճշտում ենք, թե որտեղ են եղել նախկինում: Մեր հաշվարկներով՝ մոտ 18 վիշապաքար տեղափոխված է, որոնցից 6-ը գտնվում են Երևանում. մեր խնդիրներից մեկն էգտնել նրանց նախնական վայրերը»:

Իտալիայի «Միջերկրածովյան և արևելյան երկրների միջազգային ասոցիացիա»ի , Իտալիայի ԱԳՆի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հրազդան գետի վերին հատվածումդրանցից մեկը «Սոլակ 1» հնավայրն է : Ինչպես փաստեց կրտսեր –գիտաշխատող Արթուր Պետրոսյանը հնավայրն ամբողջությամբ անհայտ է եղել. իրենք են հայտնաբերել. «Հնավայրն իրենից ներկայացնում է ամրոց, և մենք պեղում ենք դղյակային մասը, մինչև հիմա պեղել ենք դղյակի սենյակներից մեկը, միջանցքը և բացել ենք մուտքը: Հայտնաբերել ենք միջնադարյան շերտ , կա մի փոքր շերտ հետուրարտական և ուրարտական շրջաններից: Մենք ուրարտական փուլի հուշարձաններ ունենք Արամասում, իսկ Սևանի ավազանում մեր արշավախմբի նպատակն է հասկանալ, թե ուրարտացիները ինչպես հասան Սևանի ավազան. մեր դիտարկումներով այս հուշարձանը հանդիսացել է ճանապարհային կայան»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031