Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ «Զվարթնոցի» դեպքից խուսափելու համար ԶԼՄ-ները պետք է նամակները ստուգեն

Մարտ 31,2016 17:55

«Էլեկտրոնային փոստն ընդհանրապես շատ հեշտ ստեղծվող, կեղծվող բան է, որ ամեն մի նամակը, եթե լրատվամիջոցը որպես փաստ վերցնի եւ հրապարակի, շատ արագ վախի մթնոլորտ կստեղծվի»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, թե «Զվարթնոց» օդանավակայանում պայթյուն է տեղի ունենալու։ Որոշ ժամանակ անց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ տեղեկատվությունը ստուգելու արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Քիչ առաջ ՀՀ քննական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, թե հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումը տարածվել է էլեկտրոնային փոստի միջոցով։ «Բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը, ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։ Պարզվել են նաև ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատիրոջ իրականացրած մի շարք այլ գործողությունները, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը»։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներ բավականին վաղուցվանից սովորել են ֆեյսբուքյան գրառումները եւ էլեկտրոնային փոստով ստացված նամակները որպես նորություն հրապարակել. «Նամակ կամ ֆեյսբուքյան գրառում հրապարակելը որպես նորություն, ոչ մի բանով չեն տարբերվում։ Քանի որ մեր լրատվական դաշտի մի մասը շատ հեշտությամբ յուրաքանչյուր աղբյուր օգտագործում է որպես նյութ սարքելու համար պատրվակ, առանց մեկնաբանելու, առանց ստուգելու, ես մեծ տարբերություն չեմ տեսնում վերցնել անծանոթ ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը եւ նյութ դարձնել, թե՝ նամակը»։

Ըստ նրա՝ այդ տեսանկյունից մեր լրատվական դաշտը շատ խոցելի է, քանի որ չստուգված տեղեկատվությունը շատ արագ մտնում է դաշտ որպես փաստ. «Իսկ եթե այդպիսի նամակ է ստացվել, իմ կարծիքով դա չպետք է լրատվամիջոցի համար դառնա նյութի աղբյուր։ Նյութ կարող է գրվել, եթե մեկնաբանություն վերցվի, ստուգվի եւ այլն։ Նամակներով ահաբեկել լրատվամիջոցներ այսօր կարող է նույնիսկ 10 տարեկան երեխան»։

Տեղեկատվական անվտանգության մասնագետը նշեց, որ նամակ ուղարկողը նաեւ կարող է էլեկտրոնային փոստի հասցե կեղծել. «Մեկ-երկու տարի առաջ հենց նույն ադրբեջանցիք էլ այդպիսի բաներ էին անում։ Նրանք մեր ԱԱԾ-ի անունից ու նախագահականի անունից նամակներ էին ուղարկում լրագրողներին եւ ստացողը տեսնում էր, որ ուղարկողը ԱԱԾ-ն է։ Եթե նորմալ, հասարակ մարդը կարող է խաբվել, լրագրողը չպետք է խաբվի։ Նա պետք է իմանա, թե ոնց պետք է ստուգի նամակի տվյալները եւ պարզի, թե արդյոք այն ճի՞շտ էլեկտրոնային փոստից է ուղարկվել, թե՞ ոչ։ Տեխնիկապես շատ հեշտ է դա անել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031