Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ հայտարարում են «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի մասին:
Մրցույթին կարող են մասնակցել 18-28 տարեկան հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից: Ընդունվում են միայն չնկարահանված և չհրապարակված աշխատանքներ՝ արևելահայերեն ու արևմտահայերեն:
«Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի նպատակն է բացահայտել ոլորտում ստեղծագործող նոր անուններ, աջակցել ուսանող և երիտասարդ սցենարիստների ու ռեժիսորների դեբյուտային աշխատանքներին:
Մրցույթը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի բնորոշմամբ՝ անկախության սերնդի կինոհայացքն է մեր իրականությանը. «Սա մրցույթ է այն սերնդի համար, որն աչքը բացել է անկախ Հայաստանում: Շատ կարևոր է, երբ կա մի սերունդ, որի համար տվյալ ժամանակը անձնական կենսագրություն է: Եվ երբ մենք հարցնում ենք՝ ուր են մեր նոր ժամանակների մասին գրքերը, ֆիլմերը, ապա համաշխարհային գրականությունը, արվեստի պատմությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ այդպիսի ստեղծագործություններ բերում են նրանք, որոնք այդ ժամանակն ապրում են որպես սեփական կյանքի ժամանակ»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Մուրադյանը:
Կարդացեք նաև
«Անկողմնակալություն ու թափանցիկություն ապահովելու համար աշխատանքները ժյուրիին կներկայացվեն ծածկագրով, փակ ծրարների մեջ»,- ընդգծեց մրցույթի գաղափարի հեղինակ՝ Համազգային կրթամշակութային միության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիլիթ Գալստյանը:
Նրա տեղեկացմամբ՝ յոթ հոգուց բաղկացած ժյուրին կընտրի լավագույն յոթ սցենարները: Հաղթող ճանաչված յուրաքանչյուր հեղինակի կշնորհվի 350 հազար դրամ՝ սցենարը նկարահանելու համար: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տեխնիկական աջակցություն կցուցաբերի ընտրված հեղինակներին:
Հավելենք, որ աշխատանքները մրցույթին ներկայացնելու վերջնաժամկետը 2016 թվականի ապրիլի 25-ն է: Իսկ արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2016-ի մայիսի երկրորդ կեսին:
Մրցույթի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այստեղ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ