Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի օգտագործում Իրանի հետ բացված նոր հնարավորությունները. Ստեփան Գրիգորյան

Մարտ 31,2016 15:23

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման վերաբերյալ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատել է ավելի շատ քննարկումներ, քան գործողություններ:

Նա այսօր «Զարկերակ» ակումբում օրինակ բերեց Հայաստանի հարեւան երկրներին, թե ինչպես են աշխատում Իրանի հետ. «Առաջիկա օրերին Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում է սպասվում, քննարկելու են երկաթգծի, ավտոմոբիլային ճանապարհի բացման վերաբերյալ հարցեր: Հայաստանի պարագայում տեսնում եմ միայն քննարկումները, ոչ թե քայլեը: Մեր իշխանություններին եմ դիմում՝ ավելի ուշադիր նայեն այդ հարցերին, Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկար ունենք, եթե չաշխատենք այդ ուղղությամբ, ուրիշները դա կանեն»:

Ի՞նչ չարեցին ՀՀ իշխանությունները Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման ուղղությամբ հարցին, քաղաքագետն ասաց՝ օրինակ երկաթգծի ծրագրերը եւ ոչ միայն. «Գազի վաճառքը Վրաստանին, գազամուղային ցանց ունենք ու ոչ մի խնդիր չկա, այն քանակը, որ Վրաստանն ուզում է տեղափոխել, բայց այդ վաճառքն իրականացնելու կամք չեմ տեսնում: Հյուսիս-հարավ ճանապարհի մասին նույնը կարող եմ ասել, ծրագրի ֆինանսավորման զգալի մասը կա, տեսնում ենք, որ շատ դանդաղ են ընթանում աշխատանքները: ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը Արաքս գետում, վերջին վեց տարում անընդհատ լսում ենք կառուցվում է, բայց մի քանի օր առաջ տեսա՝ դեռ միայն մի քանի բետոնե պլիտա են դրել, շոկի մեջ էի»:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող գործողություններին՝ պարոն Գրիգորյանը արձանագրեց, որ Թուրքիայում Էրդողանը ապակայունացում է սկսել. «Պետք չէ ուրախանանք, որ ապակայունացել է Թուրքիան, որովհետեւ այդ երկրի հետ ունենք ընդհանուր, մեծ սահման, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, եթե նայենք հարցը, ապա եթե այդ երկրների հարաբերությունները սրվեն, ինչին չեմ հավատում, ակնհայտ է, որ ընտրություն պետք է կատարենք, իսկ թատերաբեմը չի լինի ՌԴ-ում, դա կլինի կամ Հայաստանում կամ Սեւ ծովում: Իսկ մեզ ձեռնտու չէ այս կոնտեքստում, այլ բան է, որ ընդունում եմ, որ Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում»:

Ըստ քաղաքագետի, վատացել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները. «Այս երկրների նախագահները բավական վատ հարաբերությունների մեջ են: ԱՄՆ պետդեպարտամենտը անընդհատ հայտարարում է, որ դիվանագետների ու ռազմականների ընտանիքները պետք է դուրս բերվեն Թուրքիայից, սա կարող էին ներքին խողովակներով անել, բայց բացեիբաց հայտարարելը նշանակում է թշնամական քայլ, այսինքն` աշխարհին հայտնում են՝ չգաք Թուրքիա զբոսաշրջության, չհավատաք, որ Թուրքիայում լավ է, ԱՄՆ պետդեպարտամենտն էլ է արդեն հայտարարել, որ Օբամայի ու Էրդողանի հանդիպում չի նախատեսվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031