Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային նոր օրենսգիրքը անհատ ձեռներեցի հարկային բեռի թեթեւացում է նախատեսում

Մարտ 31,2016 15:15

Հարկային օրենսգրքի նախագծում, որն այսօր հաստատեց կառավարությունը, հիմնական սկզբունքն այն է, որ այս փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարեւորելով կարճաժամկետ արդյունքները: Այսօր կառավարության նիստում հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով, ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նրա վստահեցմամբ, նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլեւ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք տնտեսությունում կատարել են ներդրումներ եւ ներդրումների մեծածավալությամբ պայմանավորված՝ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու իրենց մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկը` ԱԱՀ-ն. «Այսինքն՝ 6 ամսվա կտրվածքով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել»:

Օրենսգրքի մեկ այլ փոփոխությամբ էլ, արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաեւ երրորդ երկրներից հումքի տեսակներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ն մաքսային մարմիններին կվճարվի ոչ թե ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը:

Ըստ Վախթանգ Միրումյանի, նախատեսվում է նաեւ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում, որպեսզի դա հավասարվի շահութահարկին եւ բիզնես իրականացնելու համար այդ դրույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:

2017-2021 թվականների ընթացքում էլ, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ, որոշակի չափով կվերանայվեն ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաեւ վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես ծխախոտի եւ օղու դեպքում, նրա խոսքերով, այդ դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն:

Այդուհանդերձ, Վախթանգ Միրումյանի խոսքերով, անգամ 2021 թվականին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին եւ ունենալու է ընդհանուրից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:

Բարեփոխումներն, ըստ Միրումյանի, բիզնեսի համար պետք է ապահովեն «կայունություն ու կանխատեսելիություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031