Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ զրույցում հատուկ անդրադարձել է երկրում մրցակցային միջավայրի հարցին

Մարտ 31,2016 14:50

Մարտի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են տնտեսական զարգացման հեռանկարների և կառուցվածքային բարեփոխումների հետ կապված հարցեր

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենի ավագ խորհրդատու Ամելա Հուբիքը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեզը, ԱՄՀ տնտեսագետներ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, փոխնախարարներ Էմիլ Տարասյանը, Սերգեյ Ավետիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարության պատասխանատու աշխատակիցներ:

Ողջունելով պարոն Սամիեիին և շնորհակալություն հայտնելով Հայաստանում մակրոտնտեսական կայունության և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործում ԱՄՀ ունեցած նշանակալի դերի համար` նախարարը ներկայացրել է մի շարք կարևորագույն ուղղություններով առկա ձեռքբերումները, ներկայումս ընթացող աշխատանքներն ու ապագա ծրագրերը:

Մասնավորապես, կարևորվել է հարկային օրենսգրքի ընդունումը, որում նախատեսվող կարգավորումներն ու դրա հիմքում դրված հարկային քաղաքականության մոտեցումները տնտեսական աճի ու զարգացման կայուն հիմքեր երաշխավորելու նպատակ են հետապնդում: Արծվիկ Մինասյանն առանձնահատուկ ընդգծել է տնտեսության արդիականացման, արտադրողականության ու մրցունակության բարձրացման հիմնախնդիրը` նշելով այդ տեսակետից տեղեկատվական տեխնոլոգիաների, գործարար ու ներդրումային միջավայրի , ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության և բաց երկնքի քաղաքականության բնագավառներում վարվող հասցեական քաղաքականության կարևորությունը:

Անդրադառնալով արդեն իսկ իրականացված մեծածավալ աշխատանքներին և արդյունքներին` նախարարը խոսել է տնտեսության առաջնահերթ ճյուղերում և ոլորտներում արտադրողականության բարձրացման նպատակով անհրաժեշտ տեխնոլոգիական հենքի ձևավորման, գիտելիքի ու դրա կապիտալացման, մարդկային կարողությունների զարգացման ուղղությամբ քաղաքականության մոտեցումների և նախատեսվող նախաձեռնությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն իր հերթին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին պաշտոնում նշանակման կապակցությամբ` հաջողություն մաղթելով տնտեսական բարեփոխումների իրականացման ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչման գործում: Պարոն Սամիեիին շնորհակալություն է հայտնել նախարարին տնտեսական քաղաքականության մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների և ապագա ծրագրերի վերաբերյալ հանգամանալից անդրադարձի համար:

Հանդիպման ընթացքում Արծվիկ Մինասյանը հատուկ անդրադարձել է երկրում մրցակցային միջավայրի հարցին և մրցակցության կարգավորման հիմնախնդիրներին, դաշտում գործող կարգավորումներին` մատնանշելով այս բնագավառում մի շարք ուղղություններով էական բարեփոխումների անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով` երկրի երկարաժամկետ ու կայուն զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող այս հարցը, որը նաև Սահմանադրության նոր փոփոխություններով ամրագրված պահանջ է, որպես մրցակցության քաղաքականության համար լիազորված մարմին, առաջիկայում լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առանցքային օրակարգային խնդիրը: Ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում Արծվիկ Մինասյանը հատուկ ընդգծել է նաև կարգավորման ազդեցության գնահատման համակարգի ուժեղացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող բարեփոխումները և երկուստեք համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031