Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին, ժողովուրդներին, գործակալություններին, խաղաղասիրական կազմակերպություններին

Մարտ 31,2016 14:10

Վերջին մի քանի օրերին աշխարհում ընթացող իրադարձությունները և պտտվող խոսակցությունները հիմնականում համեմված են Բրյուսելյան պայթյունների վերաբերյալ մեկնաբանություններով: Աշխարհը հերթական անգամ ցնցվեց կատարվածից: Դեռ թարմ են Ֆրանսիայում՝ այսպես ասած, նույն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ֆանատների կողմից իրականացված տեռորիստական միջոցառումները և համայն մարդկությունը դեռ չէր հասցրել մարսել դրանց ահասարսուռ հետևանքները և ահա՝ բրյուսելյան նույնատիպ իրադարձությունները՝ նույն ձեռագրով և նույն իսլամիստների կատարմամբ:

Սրանք Իսլամական պետության կողմից սանձազերծած վերջին երկու ահարկու իրադարձություններն են: Իսկ սրանցից առաջ, մոտ 4-5 տարի շարունակ, Իրաքում և հողագնդի շատ այլ տարածքներում Իսլամական պետությունը շարունակաբար իրականացնում է աննկարագրելի անմարդկային գործողություններ, դրանցով փորձելով իր վրա սևեռել աշխարհի ուշադրությունը և ի ցույց դնել, որ ինքը՝ չնայած իր կարճ ժամանակյա գոյությանը, արդեն կայացած, անվախ, ուժեղ, յուրատիպ, ծնկի չեկող, հպարտ, իրեն աշխարհի հզորների հետ հավասարապես քայլեր գցելու իրավունք վերապահող, օրը ցերեկով աշխարհի աչքի առջև անմեղ քրիստոնյաներին և իրենց հայացքներին չհարող «դավաճան» մուսուլմաններին հոգեբանորեն ու ֆիզիկապես նվաստացնելով՝ հետո միայն գլխատելով (այս անմարդկային՝ սադիստական գործողությունները կարելի է երկար թվարկել), փորձում է համայն աշխարհի մարդկության վրա տպավորություն թողնել (չկայացածի հոգեբանություն), որ ինքն անպարտելի է և առանց զիջումների իր գործողությունները կշարունակի այնքան, մինչև որ իր հետ հաշվի նստեն ու իր առաջարկած պայմաններն ընդունեն աշխարհի հզորները: Հակառակ պարագայում, իրենք կգնան մինչև վերջին քայլը, որպես ֆանատներ չխնայելով իրենց կյանքը՝ հանուն Ալլահի և հանուն իրենց մեծ նպատակի, որից հետո իրենց հոգիները կբազմեն Մուհամեդի կողքին՝ նույն սեղանի շուրջ:

Անկեղծ ասած, նրանց գործողություններում երկու պարագա է նշմարվում. կամ նրանց թվում է, որ իրենք այլ ճանապարհ չունեն և փորձում են մեծ տերություններին նմանատիպ՝ ֆանատիզմին լրիվ ներհատուկ գործողություններով մեծագույն վախ ներարկել, ցուցադրելով, որ իրեն պայթեցնող ֆանատի դեմ ոչ մի տրամաբանական ու կանխատեսելի հակաքայլ չկա, հետևաբար քաղաքակիրթ աշխարհը պարտադրված կգնա նրանց առաջարկած պայմանների ընդունմանը, կամ իսկապես համոզված են, որ իրենք իրենց նպատակին կհասնեն միայն այդ ճանապարհով, քանզի իրենք ևս հրաշալի հասկանում են, որ իրենց քայլերը լիովին դուրս են դասական պատերազմների տրամաբանությունից և համոզված են, որ աշխարհն էլ կհասկանա, որ իրենց կողմից կիրառվող դասական հակաքայլերը սպասված արդյունք չեն տա և նրանք կամ պարտադրված կզիջեն, կամ կպարտվեն և երկու դեպքում էլ իրենք կհասնեն իրենց նպատակին: Նորից եմ կրկնում, նրանց գործողությունների ողջ տրամաբանության մեխը խարսխված է հետևյալի վրա. իրենք ֆանատներ են և զոհելով իրենց կյանքը, իրագործում են իրենց կյանքի մեծագույն իղձը՝ հանուն իսլամի զոհելով իրենց, դրանով իրենց հոգինները տեղափոխելով իրենց Տիրոջ՝ Մուհամեդի շուրջը, այդպիսով փրկվելով երկրային անարդարություններից ու դաժանություններից:

Այս պարագայում, չափազանց կարևոր է նրանց կողմից իրականացվող գործողությունների անսպասելիությունը՝ և ժամանակի, և գործողությունների իրականացման վայրի, և դրանց՝ որպիսին լինելու տեսանկյունից, որի վրա էլ կառուցում են իրենց հաջողության՝ հաղթանակի ամենամեծ գրավականը, որին՝ չնայած բոլոր երկրներն էլ տեսականորեն սպասում են, սակայն չգիտեն՝ որտեղ, երբ, ինչպես, …, որն էլ ոչ այլ ինչ է, քան փակ աչքերով կռվել հակառակորդի դեմ: Այս տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ Իսլամական պետությունն ունի բավականին ֆինանսական և այլ միջոցներ, որոնց շնորհիվ իրականացնում է հայտնի գործողությունները և հասկանալի է նաև, որ աշխարհին առայժմ չի հաջողվում փակել նաև այդ միջոցների ձեռք բերման ճանապարհները: Եթե չասենք, որ նրանք օր-օրի, էլ ավելի են հարստանում, քանզի մուսուլմանական աշխարհը չափազանց մեծաթիվ ու հարուստ է և Իսլամական պետությանը սնելը բխում է իսլամի և քրիստոնեության միջև՝ լուռ և անխուսափելիորեն հասունացող աշխարհակործան հակամարտության տրամաբանությունից:

Փաստորեն, այս պահին ունենք այն, ինչ ունենք, որը կատարվում է բացահայտորեն՝ աշխարհի աչքի առջև: Կարծես, թե մինչ այժմ աշխարհին հաջողվում է մեծագույն կորուստների գնով՝ թեկուզ ժամանակավորապես կասեցնել նրանց առաջխաղացումը՝ բավարարվելով իսլամիստների որոշ ղեկավարների ձերբակալություններով և այդ գործողություններին այսպես, թե այնպես մասնակից այլ ղեկավարներին որոնելու՝ ձերբակալության փորձերի վերաբերյալ հայտարարություններ տարածելով:

Կարող ենք փաստել, որ մինչ այս պահը իսլամիստների կողմից իրականացված գործողություններն ինչ-որ չափով հեռու են նվազագույնը՝ Քրիստոնեությունը վերացնելու և առավելագույնը՝ աշխարհը կործանելու փաստական վիճակից, սակայն պետք է փորձենք բաց աչքերով նայել այն հնարավոր իրադարձություններին, որոնք արդեն կատարվածի տրամաբանական շարունակությունը կարող են լինել: Իհարկե, իրադարձությունները կարող են տևական ժամանակ հենց այսպես էլ շարունակվել և գնալով՝ մարդկությունն էլ աստիճանաբար կընտելանա դրանց, եթե հետագա զարգացումները չբերեն ամենասարսափելին՝ աշխարհի կործանմանը: Իսլամական պետության համար դժվար չէ հասկանալ, որ նմանատիպ գործողություններով իրենք ընդամենը կարող են լուծել կետային հարցեր և ոչինչ ավելին ու նման քայլերով իրենց հիմնական նպատակներին դժվար թե հասնեն: Հետևաբար, նրանք պետք է փորձեր անեն ձեռք բերել այլ տիպի միջոցներ, որոնց օգնությամբ կհասնեն իրենց գերագույն նպատակին. ահաբեկել ամբողջ աշխարհին և թելադրել իրենց կամքը:

Կարծում եմ հասկանալի է, որ խոսքը գնում է քիմիական, բակտերիոլոգիական, միջուկային զենքերի՝ ընդհուպ ատոմային ռումբի մասին (իհարկե, ոմանց կթվա, թե սրանով ես նրանց նոր միտք եմ տալիս: Ի սեր Աստծո, այս հարցում ամեն ինչ այնքան պարզ է…): Իհարկե, ասվածը շատ-շատերի կողմից անլուրջ կընդունվի, քանզի այդ ամենը գերագույն ֆինանսներ և այլ միջոցներ են պահանջում: Իրականում, դրա համար երկու բան է անհրաժեշտ. ֆինանսներ և դավաճաններ, որոնք լիքն են աշխարհում, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Բնավ չեմ պնդում, որ հեշտ է այս ամենը պրակտիկորեն պատկերացնել, սակայն ասվածի տեսականորեն պատկերացումն անգամ բավական է, որպեսզի հասկանանք, թե ի դեմս Իսլամական պետության, ինչպիսի աշխարհակործան աղետ է կախված մարդկության գլխին…

Այս կոչը հնչեցնում եմ ի լուր աշխարհի. քանի դեռ տեղի չի ունեցել ամենասարսափելին, անդառնալին: Ամբողջ աշխարհը պետք է առանց հապաղելու՝ վայրկյան շուտ միավորվի այս խնդրի շուրջ և փորձի լուծել մարդկության գլխին կախված այս աշխարհակործան թնջուկը, քանզի Իսլամական պետության գլխավոր գործելաոճը՝ ֆանատիզմի կիրառումը, ոչ մի կասկած չի թողնում, որ նրանք պատրաստ են և հաստատ կարող են գնալ նույնիսկ նման քայլի… Իսլամական ֆանատիզմը կարող է գնալ՝ ընդհուպ աշխարհի կործանմանը…

   Հ.Գ. Այս պահին, երբ գրում եմ սույն հոդվածը, «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է իսլամիստ ահաբեկիչների կողմից՝ բառիս բուն իմաստով հողին հավասարեցրած Պալմիրայի ողջ մշակութային հրաշքները:

 

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031