Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ պատերի տակ եմ քնել, էլ քաղմասերին հանձնվել, որ գոնե անկողին ունենամ». մանկատան շրջանավարտների սոցիալական ինտեգրման նոր հույսեր

Մարտ 31,2016 14:00

Ճակատագրի բերումով միայնակ և անօգնական մնացած անձանց անօթևանության խնդիրը լուծման նոր հույսեր է արթնացրել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի շահագործումից հետո, որը լուծում է ոչ միայն գլխի վերևում թեկուզ փոքրիկ, բայց սեփական տանիքն ունենալու հարցը, այլև օգնում մոռանալ երբեմնի դժվարություններն ու ինտեգրվելով հասարակությանը՝ կառուցել նոր կյանք:

«Էլ պատերի տակ քնելով, էլ քաղմասերին հանձնվելով, որ գոնե անկողին ունենամ: Ինչի միջով ասես, որ չեմ անցել»,- արդեն իր սեփական տանն իր երիտասարդ կյանքի դժվարություններն է վերհիշում մանկատան նախկին սան 27-ամյա Իգորը, ով 2014 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնված Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակիչներից է:

Իգորին մանկատունն ավարտելուց հետո հանրակացարանում սենյակ են տրամադրել, սակայն զինվորական ծառայությունից հետ վերադառնալով տեսել է, որ սենյակը հատկացրել են երկու երեխա ունեցող մի կնոջ: Չցանկանալով խնդիրներ առաջացնել միայնակ մոր համար, նա գնացել է, ինչպես ինքն է ասում, «իր ճանապարհով»:

«Իմ ճանապարհն էլ պադեզդներն էին ու երկաթգծի կայարանը: Չորս-հինգ տարի եղել եմ բոմժի կարգավիճակում»,- ասում է Իգորն, ով թեև այդ ընթացքում աշխատել է, այնուամենայնիվ, դժվարացել է սեփական տանիք ձեռք բերել:

Թեև հատկացված բնակարանների մակերեսն այնքան էլ մեծ չէ (23-54 քմ), սակայն շահառուների հիմնական մասը գոհունակություն է հայտնում:

Իգորն այստեղ ապրում է կնոջ՝ նույնպես մանկատան նախկին սան 23-ամյա Լիլիթի հետ.

«Մենակ էն, որ մենք մեր առանձին սանհանգույցն ունենք, արդեն մեծ բան է: Գոհ եմ ստեղի պայմաններից, իհարկե, թերություններ կան, որոնք ընթացքում, հուսով եմ, կշտկվեն,- ասում է նա՝ հավելելով, որ երբևէ չի ցանկացել, որպեսզի մանկատան շրջանավարտ լինելն իր նկատմամբ խղճահարության առիթ դառնա կամ որոշ տեղերում արտոնյալ կարգավիճակ ստանա.

«Ես մանկատան սան եմ եղել, բայց ինձ համարում եմ հասարակության լիիրավ անդամ: Ես ունեմ նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ սովորական ընտանիքների երեխաները: Անգամ բանակում երկու տարի ծառայելու ընթացքում ոչ ոք չի իմացել, որ կյանքիս մի մեծ հատված ապրել եմ մանկատանը: Ոչ ոք չի կարող ասել, որ ես այսօր ավելի շատ խնդիր ունեմ, քան ընտանիքում մեծացած մարդիկ»:

Իգորի կինը՝ Լիլիթը, նույնպես ուրախ է, որ այժմ սեփական տանիքն ունեն: Պատմում է, որ չորս երեխաներով մանկատանն են հայտնվել ընտանիքի սոցիալական պայմաններից դրդված և հազվադեպ է տուն այցելել, քանի որ մանկատանն իրեն ապահով է զգացել: Լիլիթն այժմ ապահովության զգացում է ապրում իրենց հատկացված 23 ք/մ մակերեսով բնակարանում՝ ամուսնու և երկու երեխաների հետ: Երիտասարդ ծնողները մտադիր են ապագայում առավել հարմարավետ պայմաններով բնակարան ձեռք բերել:

Առայժմ, ամուսիններն աշխատում են ու նշում, որ իրենց վաստակած գումարը բավական է երկու երեխաներին ապահովելու համար:

Հայաստանում մանկատանը հայտնված սաները չափահաս տարիքին հասնելուց հետո կանգնում են կացարանային խնդրի առջև:

Խորհրդային միության փլուզումից հետո, 1990-ականներին, մանկատան շրջանավարտները ՝ զրկվելով պետական աջակցությունից հայտնվեցին բառացիորեն փողոցում: 

1988-1990֊ականների մանկատների շրջանավարտներին սենյակներ են հատկացվել լամպերի գործարանի հանրակացարանում, որտեղ պայմանների գրեթե բացակայության ու խարխլվող շինության հետևանքով ապրելը տարեց տարի անհնար է դառնում։

2003-2012թթ. «Պետական աջակցություն ՀՀ-ում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում Հայաստանի «Զատիկ», «Գավառ», «Վանաձոր», «Գյումրի» մանկատների` 1991-2012 թթ. 498 շրջանավարտներից շահառուներ են համարվել 443-ը: Նրանցից անհատույց բնակարան են ստացել 166-ը, ևս 27-ը 2012 թվականին, Մարալիկի սոցիալական աջակցության բնակարաններից են ստացել: Մինչև 2016 թվականի փետրվար ամիսը մանկատների 217 շրջանավարտների տրամադրվել են սոցիալական կացարաններ:

Երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանը, սակայն կարծում է, որ 2003֊-ին մեկնարկած ծրագրի գործիքակազմն այնքան էլ հաջողված չէր:

Anna_Mnacakanyan

«Գործակալությունները, որոնք պետք է ձեռք բերեին բնակարանները, սկսեցին խախտումներ անել: Ի վերջո, դրանով զբաղվեց դատախազությունը և ծրագիրը մտավ փակուղի: Այնուամենայնիվ, 2003-2008 թվականների ընթացքում մանկատան շրջանավարտներին տրամադրվեց 166 բնակարան»,- ասում է փորձագետը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչությունից տեղեկացնում են, որ բնակարանների տրամադրման հերթացուցակում այժմ հաշվառված է մանկական խնամակալական կազմակերպությունների 226 շրջանավարտ:

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1069-Ն որոշման համաձայն` իրականացվում է շարունակական ծրագիր մանկական խնամակալական կազմակերպությունների 2003-2013 թվականների շրջանավարտների համար: Հերթացուցակում ընդգրկված անձանց սոցիալական բնակարան հատկացնելու հարցը կարող է լուծվել միայն ազատ սոցիալական կացարան լինելու դեպքում:

Երևանի ծայրամասերից մեկում՝ Թբիլիսյան խճուղում շատերի համար փրկության ուղի դարձած այս շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին:

Այս շենքի բնակիչների միակ դժգոհությունը, թերևս, խոցելի խմբին միևնույն վայրում տեղավորելն է, որի հետևանքով հաճախակի վեճեր են լինում։

Սոցիալական տան հոգեբան, սոցիալական աշխատող Հասմիկ Սարդարյանն ասում է, որ շենքում վիճաբանություններն ու աղմուկը բնական են, քանի որ այնտեղ բնակվում են բազմաթիվ դժվարությունների միջով անցած մարդիկ:

Socialakan-Tun-1

«Առանձնահատուկ խնդիրներ չեն ծագում, մենք պարբերաբար աշխատում ենք իրենց հետ: Հիմնական խնդիրն այն է, որ խումբը խոցելի է և դժգոհություններ կարող են լինել անգամ աննշան պատճառներով: Նրանցից շատերը գոհ են կառավարությունից: Սոցիալական բնակարանների հիմնական գործառույթը հասարակությունում անձի ինտեգրմանը նպաստելն է: Շատերի դեպքում դա արդյունք է տվել»,- ասում է Հասմիկ Սարդարյանը՝ հավելելով, որ այսօր շենքի բնակիչներից գրեթե բոլորն ունեն ոչ այնքան բարձր, բայց կայուն եկամուտ:

Մինչդեռ, Աննա Մնացականյանը սխալ է համարում խոցելի խմբին միևնույն վայրում տեղավորելը, որովհետև, ըստ նրա՝ նման պարագայում ինտեգրում հնարավոր չէ: Բայց դա դեռևս առաջնային խնդիրը չէ:

«Նույն խորհրդային տարիներին մենք ունեինք հանրակացարաններ, որոնք ամորտիզացիոն դեր էին խաղում մասնավորապես այն կոնտինգենտի համար, որը դեռ բնակարան չէր ստացել: Երբ մենք ընդունեցինք շուրջ 300 000 փախստական, այդ բոլոր հանրակացարանները տրվեցին իրենց, բայց դա կարևոր բաղադրիչ էր, որը դուրս մղվեց մեր սոցիալական կյանքից: Այդ հանրակացարանային բլոկը, որը դուրս եկավ մեր իրականությունից, որևէ հասարակարգի դեպքում անհրաժեշտություն է: Անգամ կապիտալիստական երկրներում 20 տոկոս բնակարանաշինությունը սոցիալական է: Դու չես կարող չունենալ այդ բաղադրիչը, որովհետև դու միշտ ունես խոցելի խումբ»,- ասում է երեխաների պաշտպանության փորձագետը:

2013-֊ին հստակեցվեցին սոցիալական բնակարանների տրամադրման չափորոշիչները, որով լուծվում է նաև այն հարցը, որ նրանց չպետք է տեղավորել միևնույն տարածքում: Բնակարաններ հատկացվում են նաև սովորական բնակելի շենքերում: Սոցիալական կացարանները հատկացվում են տասը տարի ժամկետով, որի ավարտից հետո բնակարանները նրանց կտրվեն վարձակալության հիմունքներով: Աննա Մնացականյանն ասում է, որ այս համակարգը ճիշտ է մշակված, քանի որ բնակարանների անհատույց տրամադրումը կհանգեցներ առավել մեծ խնդիրների:

«Տնտեսությունը դեռևս պատրաստ չէ այնպիսի կառուցվածքով գործելու, որ պարզապես նվիրի բնակարան: Բացի այդ՝ կատեգորիան, որի հետ մենք գործ ունենք, խոցելի է: Եթե մենք վաղը հայտարարենք, որ մանկատան շրջանավարտներին հատկացված բնակարաններն իրենց սեփականությունն են, ընդամենը 20-30 տոկոսը կպահպանեն այդ բնակարանը, մնացածը կվաճառեն»,- ասում է փորձագետը:

Նրա խոսքով՝ շահառուների հետ հետագա պայմանավորվածությունների կազմակերպումը ընթացքի մեջ է: Մնում է, որ այդ ծրագիրը համալրվի նոր բնակարաններով:

«Օրինակ, քարկոծվեց Մարալիկում սոցիալական բնակարանների հատկացման ծրագիրը: Ես ուզում եմ հարց ուղղել այդ քարկոծողներին. բա ինչո՞ւ Մարալիկում դատարկ բնակարան չկա, եթե այդ ծրագիրը վատն է: Եթե մենք նայում ենք տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից, որը քաղաքական ուղենիշ է սահմանվել տարիներ առաջ, ապա դա նպատակահարմար է: Մենք մեր մտածողությամբ պետք է այդ շեշտադրումը ճիշտ անենք: Սոցիալական բնակարանի ֆունկցիան կայանում է նրանում, որ մարդը գա, ոտքի կանգնի և հասկանա՝ ինքը զարգացող օղակ է, թե՝ ոչ: Եթե տնտեսապես զարգացող օղակ է, պետք է իրեն հրես առաջ: Եթե այդպես չանենք, իրենց մոտ ճահճացում կգնա»,- ասում է Աննա Մնացականյանն՝ ընդգծելով, որ նախընտրելի է, որպեսզի ծրագրի հետագա շարունակությունն ընդգրկի մարզերը, քանի որ ըստ նրա՝ ինտեգրումը գյուղական համայնքներում ավելի արագ և արդյունավետ է իրականացվում, քան քաղաքային համայնքներում:

Թբիլիսյան խճուղու շենքի սոցիալական բնակարաններից մեկում ապրում է Երևանի «Զատիկ» մանկատան շրջանավարտ Աննան (անունը փոխված է), ով 12 տարի մանկատանն ապրելուց հետո տեղափոխվել է «Ծիածան» տուն: Այն «Զատիկ» մանկատան բաժանմունքն է, որն ապաստան է տրամադրում 18 տարին լրացած իր սաներին: Այստեղ տեղավորվում են իգական սեռի այն շրջանավարտները, որոնք գնալու տեղ չունեն: Միայն այստեղ նրանք ինքնուրույն են հոգում իրենց կարիքները. հագուստ, սնունդ և այլն: «Ծիածան»-ում որոշ ժամանակ ապրելուց հետո նրան կացարան են հատկացրել այս հասցեում։

21-ամյա Աննայի խոսքով՝ իր բախտը բերել է, որ իրեն բնակարան են հատկացրել Երևանի տարածքում: Նա այժմ աշխատում է, հոգում իր բոլոր ծախսերն ու շեշտում, որ դժգոհելու առիթ չունի՝ շատերն իր ունեցածը չունեն:

«Անչափ գոհ եմ, որ ինձ քաղաքում են տուն տվել: Եթե լիներ մարզերից մեկում, ես չէի կարողանա այնտեղ ապրել ու աշխատել, քանի որ հարազատներ ու ծանոթներ չունեմ: Իսկ այստեղ ապրում եմ, աշխատանքի եմ գնում, ինքս ամեն ինչով ապահովում եմ ինձ»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ սոցիալական կացարան ստանալն իրեն օգնեց հողին ավելի ամուր կանգնել:

Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031