Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համառոտ տարբերակ

Մարտ 31,2016 13:35

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՄՇԱԿՎԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

ՄԱՐՏ – 2016թ․

Կառավարական իշխանությունը ձեւավորվում է համընդհանուր բարօրության, ժողովրդի պաշտպանության, անվտանգության, բարեկեցության եւ երջանկության համար, եւ ոչ թե որեւէ անձի, ընտանիքի կամ մարդկանց դասակարգի օգտի, պատվի կամ հատուկ շահերի համար: Այդ պատճառով էլ միայն ժողովրդին է պատկանում անվիճելի, անբաժանելի եւ անխախտելի իրավունքը՝ ձեւավորել կառավարական իշխանություն՝ բարեփոխել, ձեւափոխել կամ ամբողջությամբ վերացնել այն, երբ դա կպահանջեն ժողովրդի պաշտպանության, անվտանգության, բարեկեցության եւ երջանկության շահերը:

(ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սահմանադրության 7-րդ հոդված, 1780թ)

 Ներածություն

 ԼՂՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հունվարի 6-ին ընդունած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը նպատակ ուներ հայ ազգաբնակչությանը պաշտպանել ցեղասպանությունից եւ կայուն խաղաղություն հաստատել հայերի ու ադրբեջանցիների միջեւ:

ԼՂՀ գործող սահմանադրությունը ամբողջությամբ չի իրացրել այդ նպատակը, որովհետեւ ներդված հանրային կառավարման համակարգը անտեսել է հակամարտության արդյունքում բոլոր տուժածների համար մարդու իրավունքների՝ առանց խտրականության լիարժեք իրացման անհրաժեշտությունը: Դա իր հերթին առիթ ստեղծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային հանրությունը կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնիշխանության դերը:

«Ժողովրդական Սահմանադրություն» հասարակական նախաձեռնությունը արդյունավետ հանրային կառավարման համակարգ մշակելու համար միավորում է հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքագետների եւ սահմանադրագետների, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը ստանա միջազգային ճանաչում:

Նախաձեռնությունը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմքում պետք է դրված լինեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ ԼՂՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հունվարի 6-ին ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը:

  1. Սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվող հիմնական սկզբունքները

 

  • Հանրային կառավարման համակարգում ժողովրդի անմիջական իշխանության ձեւերը եւ իրացման ոլորտները ընդլայնվում են: Իր կամքը անմիջականորեն արտահայտելու համար ժողովուրդը ունի օրենսդրական նախաձեռնության հնարավորություն, կարող է ընտրել եւ հետ կանչել պետական պաշտոնյաներին իշխանության բոլոր ճյուղերում։

 

  • Մարդու իրավունքներին վերաբերող իրավական համակարգը գտնվում է ժողովրդի արդյունավետ վերահսկողության տակ: Ժողովուրդն է ընդունում եւ փոփոխում հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրացումը երաշխավորող օրենքները:

 

  • Օրենսդիր իշխանությունն իրականացվում է երկու պալատներից բաղկացած խորհրդարանով: Համայնքների ներկայացուցիչների պալատը նախաձեռնում է օրենքների ընդունումը, Ժողովրդի ներկայացուցիչների պալատը հաստատում է օրենքները եւ գործադիր իշխանության պաշտոնատար անձանց նշանակումը:

 

  • Գործադիր իշխանությունը ղեկավարում է ուղիղ ընտրություններով ընտրված Նախագահը, ով հանդիսանում է պետության բարձրագույն պաշտոնյան: Նախագահի ձեւավորած կառավարությունը կոլեգիալ պատասխանատվություն է կրում գործադիր իշխանության քաղաքականության համար:

 

  • Դատարանները եւ դատախազները անկախ են: Դատավորներին, դատախազներին ընտրում է ժողովուրդը:

 

  • Միջպետական միավորումներ ստեղծելու նախապայմանները սահմանում է ժողովուրդը եւ միայն ժողովրդի համաձայնությամբ այդ նախապայմանները կարող են ենթարկվել փոփոխության:

 

  • Պետության պատասխանատվությունը միջազգային հարաբերություններում իրավահաջորդության հետ կապված հարցերում սահմանում է ժողովուրդը: Հակամարտության արդյունքում տուժածների, մարդու իրավունքների՝ առանց խտրականության լիարժեք իրացումը երաշխավորող իրավական համակարգը գտնվում է ժողովրդի վերահսկողության տակ:
  1. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները
  • Ժողովրդի ինքնիշխանության սահմանադրական երաշխիքները

Անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրել միջպետական միավորումներ ստեղծելու նախապայմանները եւ միջազգային հարաբերություններում ԼՂՀ-ի կողմից իր վրա պարտավորություններ ստանձնելու սահմանափակումները: Այդ նախապայմանները եւ սահմանափակումները փոփոխության ենթարկելու իրավասությունը պատկանում է բացառապես ժողովրդին:

  • Անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիքները

 

Անհրաժեշտ է Սահմանադրությամբ ամրագրել ժողովրդի անմիջական իշխանության իրացման բոլոր ձեւերը՝ հանրաքվե, օրենսդրական նախաձեռնություն, ընտրություններ, ինքնակառավարում, հարցում, հանրային քննարկում եւ քաղաքացիական անհնազանդության իրավունք: Պետության կառավարման համակարգում, ժողովրդի անմիջական իրավասությանը վերաբերվող հարցերը պետք է հստակ սահմանազատվեն:

  • Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները

 

Անհրաժեշտ է Սահմանադրությամբ հստակ ամրագրել ժողովրդին պատկանող հանրային եւ մասնավոր բոլոր ռեսուրսների օգտագործումը, բաշխումը եւ սպառումը սահմանող իրավական համակարգի նկատմամբ ժողովրդի բացառիկ վերահսկողության իրավասությունը: Ռեսուրսների օգտագործման եւ բաշխման վերաբերյալ սահմանափակումները պետք է հաշվի առնեն նաեւ ապագա սերունդների շահերը:

  • Իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը

Անհրաժեշտ է Սահմանադրությամբ հստակ տարանջատել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրավասությունները եւ միմյանց նկատմամբ հակակշռող մեխանիզմները: Պետք է բացառվի որեւէ անձի կամ խմբի կողմից իշխանության ճյուղերի հակակշռող մեխանիզմները չեզոքացնելու հնարավորությունը:

  • Սահմանադրության կառուցվածքը

Անհրաժեշտ է, որպեսզի Սահմանադրությունը ընկալման առումով մատչելի լինի բոլոր քաղաքացիների համար՝ ունենա պարզ կառուցվածք, լինի հակիրճ եւ հստակ: Նպատակահարմար է Սահմանադրության մեջ ունենալ 7 բաժին եւ 36 հոդված։

  1. Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը

 

Անհրաժեշտ է ապահովել լայն հանրային մասնակցություն սահմանադրական բարեփոխման գործընթացի բոլոր փուլերում, այդ թվում՝ նախագծի մշակման փուլում: Այդ խնդրի արդիական լուծումը տալիս է սահմանադրական ժողովի ձեւաչափը, որտեղ ներկայացված կլինեն համայնքների, հասարակական-մասնագիտական եւ քաղաքական միավորումների ներկայացուցիչները: Սահմանադրական ժողովը իրավասու է քաղաքացիների բազմաթիվ առաջարկներից ընտրել այն առաջարկները, որոնք ունեն հանրային մեծ աջակցություն, եւ մասնագետների օգնությամբ դրանք վերածել Սահմանադրության ամբողջական նախագծի: Նման ճանապարհով մշակված նոր Սահմանադրության նախագծի լեգիտիմությունը սկիզբ է առնում արդեն իսկ մշակման փուլից, որովհետեւ ամփոփում է իր մեջ հանրության իղձերը եւ պահանջները:

 

Նախաձեռնության համակարգողներն են «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Գաբրիելյանը եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031