Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է ԱՄՆ մի շարք պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում են ՆԱՏՕ-ի և անվտանգության վերաբերյալ հարցերով։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկությունների համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքական, ռազմական, տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։
Հանդիպումների ընթացքում Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը շարունակում է մնալ Արևմուտքի հուսալի դաշնակիցը, ավելացնելով, որ Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն իր առջև նպատակ է դրել անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Մարգելաշվիլին իր խոսքում ասել է. «Եվրոպական և Եվրաատլանտյան ուղղությունը մեր պատմական ընտրությունն է։ Մեր պետության շատ սերունդներ փորձել են իրականություն դարձնել մեր այս երազանքը։ Մենք միասնական Եվրոպայի բնական մասնիկն ենք»։