Հարցազրույց ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ
–Կարծիք կա, թե օրվա առաջին կեսին պետաիրավական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպված քննարկմանը մասնակցել են նրանք, ովքեր վերապահումներ ունեն «4+4+4» ձեւաչափի նկատմամբ։ Ձեր խմբակցությունը երկուսին էլ մասնակցում է։ Սա ինչպե՞ս հասկանալ։
-Մենք հայտարարել ենք, որ ԲՀԿ-ն իրեն համարում է ԸՕ լրամշակման շահառու եւ մասնակցելու է նախագծի շուրջ բոլոր քննարկումներին, անկախ դրանց ձեւաչափից։ Բնականաբար ներգրավվել ենք նաեւ «4+4+4» ձեւաչափով քննարկումներում։
Ավելին՝ ԲՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Վահե Էնֆիաջյանը առաջիկա օրերին համապատասխան գրությամբ դիմելու է խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի երիտասարդական կառույցներին եւ երիտասարդության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին՝ հրավիրելով ԸՕ նախագծի շուրջ քննարկման։
Կարդացեք նաև
ԲՀԿ-ն ունի իր քաղաքական օրակարգը՝ որեւէ մեկը չի կարող իր օրակարգը թելադրել մեզ, լինի դա ՀԱԿ-ը, Հանրապետականը թե որեւէ այլ քաղաքական ուժ։ Գոնե տեսանելի ապագայում «Բարգավաճ Հայաստանը» երբեք այլեւս չի կաշկանդելու իրեն երկյակներով, եռյակներով, քառյակներով, ութնյակներով, տասնյակներով։
Մենք ցանկացած քննարկման գնալու ենք բացառապես մեր սեփական օրակարգով, որ քննարկվել է եւ ստացել կուսակցության հավանությունը։ Մեր քվեարկությունը կախված է լինելու ոչ թե ինչ-որ «միասնական պլատֆորմների» միասնական դիրքորոշումներից, այլ բացառապես նրանից, թե ԸՕ նախագծի հեղինակներն ինչպես կարձագանքեն մեր առաջարկներին։
–Այդուհանդերձ «միասնական պլատֆորմ» ասածում ամրագրված 5 կետերը ընդունելի՞ են ձեզ համար, թե՞ ոչ։
-Ես հարգում եմ բոլոր քաղաքական ուժերի տեսակետները, բայց էլի եմ ասում՝ մենք քննարկումներին մասնակցում ենք սեփական օրակարգով։
Այո, մեր օրակարգում ներառված են նաեւ ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության», «Ազատ Դեմոկրատների», քաղաքական այլ ուժերի առաջարկություններից շատերը։ Ըստ էության, քաղաքական ուժերի առաջարկները, մտահոգությունները գրեթե նույնական են։ Մենք եւս կողմ ենք քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը, գտնում ենք, որ անհրաժեշտ է ամրագրել հուսալի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կուսակցություններին ծանոթանալ ստորագրված ցուցակներին, դեմ ենք լրատվամիջոցների եւ դիտորդների թիվը սահմանափակող դրույթին։
Ավելին՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՕԵԿ-ի մտահոգություններից բացի, ներկայացրել ենք մի շարք այլ դիտարկումներ եւ մտահոգություններ։ Մասնավորապես մտահոգիչ ենք համարում այն դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների երկու երրորդի հավանությամբ կարող է վստահված անձանց դուրս հրավիրել ընտրատեղամասից։
Մեզ համար անչափ կարեւոր է, որ քվեարկությունն անցկացվի անձը հաստատող միասնական մեկ փաստաթղթով։
10-ից ավելի սկզբունքային առաջարկություն ենք ներկայացրել, եւ եթե մեր մոտեցումները համընկնում են քաղաքական այլ ուժերի տեսակետների հետ, միայն ուրախ ենք դրա համար։ Բայց ասել, որ մենք գնացել եւ պաշտպանում ենք այս կամ այն քաղաքական ուժի ներկայացրած «միասնական պլատֆորմը», իհարկե, այդպես չէ։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ« թերթի այսօրվա համարում