Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Ո՞ր մարդն է գնում տեռորիստական ակտի ու վերցնում տետրի մեջ գրում, թե ով ում է խփում». «Ժողովուրդ»

Մարտ 31,2016 12:13

ԱԱԾ-ի կողմից կատարված աշխատանքներին երեկ անդրադարձել էր «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանը՝ նշելով. «Ժողովուրդ ջան, ԱԱԾ-Ի մամլո ասուլիսից հասկացա, որ Նորք-Մարաշի «բենլադենական» հայ շատ լուրջ ու «արյունարբու» «տեռորիստները» հեռուստացույց ու YouTube չեն ունեցել… Թե չէ գոնե Շտիռլիցի կինոն նայած կլինեին ու կիմանային, որ նման գործերում նոթատետր չեն պահում, գրառումներ չեն անում, յուրաքանչյուր գրվածք այդ թեմաներով տեղում այրում են ու հեռախոսներով իրար հետ դրա մասին չեն խոսում»։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Կարապետյանն ասաց, որ միանշանակ հասկանալի է՝ կամ նոթատետրերը ի սկզբանե պատրաստված են եղել, կա՛մ պատրաստվել են՝ հետագայում լրջություն տալու համար, կա՛մ եթե նման բան եղել է, ապա այդ մարդիկ ընդհանրապես որեւէ գաղտնի գործողության գնալու փորձ չեն ունեցել. «Ո՞ր մարդն է գնում տեռորիստական ակտի ու վերցնում տետրի մեջ գրում, թե ով ում է խփում, ինչպես եւ երբ։ Ես դեռ ավելի ծիծաղելի բան չէի տեսել»։

Ըստ Արամ Կարապետյանի՝ ԱԱԾ-ն գտնվում է ծանր կացության մեջ. «Այն ժամանակ մեկ ու մեջ բաներ ներկայացվեց, հիմա կամաց-կամաց շատ հարցեր սկսում է լողալ, փակվել։ Ուզեցել են Սերժ Սարգսյանին սպանել, չգիտենք՝ խոսե՞լ են, ուզե՞լ են ինքնաթիռը խփել, չգիտենք։ Վերջնական որոշում չի եղել։ Այսինքն՝ երեւում է, որ ռեալ այդ ապացուցողական բազան գնալով ռուսերենում լավ խոսք կա. «маем», հալվում է»։

Ըստ Արամ Կարապետյանի. «Եթե որոշում է եղել մեկին «խփել», ապա դա պետական գործիչին սպանելու ծրագիր է եւ քրեական օրենսգրքի հատուկ հոդված։ Եթե խոսակցությունը եղել է, որոշում չի կայացվել, նախադեպ էլ չկա, դա լրիվ ուրիշ հոդված է։ Այսինքն՝ ապացուցողական բազան չի հերիքում, կամ ինչ-որ մեկին սկսել են մաքրել» :

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մի եզրակացության է եկել. «Դուրս է գալիս, որ մեր երկրում ո՛չ նախագահի անվտանգության ծառայություն կա, ո՛չ էլ ԱԱԾ։ Եթե ինչ-որ մարդիկ կարողանում են Սերժ Սարգսյանի առանձնատունը նկարել կա՛մ Ոոբերտ Քոչարյանի գործելու վայրը, կա՛մ 147 պետական քաղաքական գործիչների տեղաշարժը, ընտանիքի անդամների տեղաշարժը հավաքագրել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի խումբ պետք է գործած լինի։ Երեւի թե ինչ-որ պետական ստրուկտուրաներում պետք է կապեր ունենար, որ նմանատիպ ինֆորմացիաներ կարողանար հավաքել։ Եվ ի՞նչ է ստացվում՝ մեր երկրում ազգային անվտանգություն չկա՞ ընդհանրապես, կամ այս ներկայացվածը իսկություն չէ՞։ Ստացվում է, որ այդ խմբին այնպիսի մարդիկ են օգնել, որ դեռ պարզված չէ, կամ չի թույլատրվում պարզել։ Հետո ինչ-որ մեկը եկեղեցում Սերժ Սարգսյանին նկարել է կամ հոգեւորականի շոր է հագել։ Սերժ Սարգսյանին եկեղեցում նկարելը ի՞նչ կտար, ամեն օր տարբեր եկեղեցիներում, տարբեր հարսանիքներում այնքան նյութ կա Սերժ Սարգսյանի մասին, շատ ծիծաղելի է։ Ինչքան ծանոթանում ենք դրվագներին, այնքան հասկանալի է դառնում, որ ո՛չ ԱԱԾ-ն է նորմալ գործում, ո՛չ էլ, Աստված հեռու պահի, նորմալ հայ տեռորիստ կա»։

Արամ Կարապետյանն իր համար արդեն պարզել է, որ «այսքան սպասեցինք ու իմացանք, որ խմբի անդամները թուղթն ու գրիչը վերցրել են, իրենց արյան շաքարի բաղադրությունը գրել են թղթի վրա, կիսվել հույզերով եւ պահել իրենց մոտ, մինչեւ ԱԱԾ-ն գա, առգրավի: Կատակերգություն»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031