Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սոխոսենթրի» առաջին տնօրենը խուսափում է մեկնաբանությունից. «Այս պահին նշված կազմակերպության հետ առնչություն չունեմ»

Մարտ 31,2016 11:36

Aravot.am-ն անդրադարձել էր «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրին, որն այդպես էլ չկառուցվեց՝ չնայած դրա անհրաժեշտության մասին գեղեցիկ հիմնավորումներին:

Այդ պատմության գլխավոր դերակատարներից մեկի «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հրաժարվել էր բանավոր մեկնաբանություն անել, թե ինչու այդպես էլ իրականություն չդարձավ «Գրքի աշխարհը», որի համար իրենց ընկերությանը տարածք էր տրամադրվել Եզնիկ Կողբացի 36 հասցեում: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ ամեն գնով նախագիծը «համահնչեցրել» էր Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու հետ:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2012 թ. ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում էր ընդունել, ու 340 քառ. մետր պետական հողատարածքը սեփականության իրավունքով գրանցվել էր «Սոխոսենթրի» անունով:

«Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին, որն այժմ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենն է, մարտի 16-ին գրավոր ուղարկել էինք խնդրի վերաբերյալ հարցերը ու խնդրել պատասխանել դրանց:

Երկու շաբաթ մտածելուց հետո պարոն Կոստանդյանը հետեւյալ պատասխանն է ուղարկել. «Ձեր կողմից ներկայացված հարցադրումներն, ըստ էության, փոխկապակցված են եւ վերաբերում են նշված կազմակերպության ներկայիս՝ ընթացիկ գործունեությանը։ Այս պահին նշված կազմակերպության հետ ես ոչ մի առնչություն չունեմ, ուստի եւ կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերին պատասխանելու իրավասություն չունեմ»:

Նիկոլայ Կոստանդյանին ուղարկված հարցերը հետեւյալն էին՝

1.Արդյոք «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման մտահղացումը ընդամենը միջո՞ց էր՝ Կենտրոն համայնքում գտնվող շուրջ 340 քառ. մետր պետական հողատարածքը սեփականության իրավունքով «Սոխոսենթր»-ի վրա գրանցելու համար:
2. Ինչո՞վ կբացատրեք նույն գործարքում ձեր եւ ձեր եղբոր՝ Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի ներգրավելը:
3.Ի՞նչ աղերս կա «Գրքի աշխարհի» ու նախագծված տասներեք հարկանի շինության միջեւ:
4.Ինչո՞ւ Պ. Չայկովսկու անվան դպրոցի համար կատարված աշխատանքները չեն դրվել մրցույթի, եւ դրանք ըստ էության, մեկ անձից կատարվող գնում են եղել:
5. Ի սկզբանե ՀՀ Կառավարության որոշմամբ, «Սոխոսենթրը» պարտավոր էր Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար կառուցել համերգային դահլիճ եւ կաթսայատուն, ինչու հետագայում դա փոխարինվեց Չայկովսկու անվան դպրոցի համար երաժշտական գործիքներ ձեռք բերելով:
6. Ինչո՞ւ է մշակույթի նախարարությունը շահագրգիռ ձեր հովանավորությամբ:

Հիշեցնենք, որ աղմկոտ պատմության վերաբերյալ մեկնաբանություն էր տվել նաեւ մշակույթի նախարարությունը՝ յուրովի հիմնավորելով կատարվածը: Գերատեսչության պարզաբանման մեջ ասվում էր, որ Պ. Չայ­կովսկու անվան երա­ժշտա­կան դպրոցի տնօրենն է խնդրանքով դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը` մեկ, որ նոր համերգային դահլիճ կառուցելու փոխարեն դպրոցի համար իրականացվեն առավել անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքներ, մեկ էլ, որ դպրոցի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքների փոխարեն` դպրոցի համար ձեռք բերվեն երաժշտական գործիքներ, քանի որ դրանց ձեռքբերումը ներառված չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում:

Իսկ «Գրքի աշխարհի» մշուշոտ ապագայի մասին ոչ մի խոսք չկա ոչ Նիկոլայ Կոստանդյանի, ոչ էլ մշակույթի նախարարության պարզաբանման մեջ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031