Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացվել է, թե ինչպես են կատարվել 2015թ. Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանի վճիռները՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, ներառյալ Հայաստանում։
Ըստ այդմ, Հայաստանին վերաբերող զեկույցի հատվածում, նշվում է, որ 2015թ. Հայաստանի վերաբերյալ ընդունվել է 25 գործ։ Համեմատության համար բերվում է 2014թ. ցուցանիշը, երբ Հայաստանի վերաբերյալ գործերի թիվը կազմել է 34։ Ամենաշատ գործերը ընդունվել են Իտալիայի (2421), Թուրքիայի (1591), Ռուսաստանի (1549), Ուկրաինայի (1052) և Ռումինիայի վերաբերյալ (652)։
Զեկույցում նվում է, որ գործերից երկուսի դեպքում Հայաստանը վճարել է արդարացի փոխհատուցում, գործերից 3-ի պարագայում փոխհատուցել է սահմանված ժամկետից ուշ։
Հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ Հայաստանը 2015թ. ընթացքում Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանի կայացրած վճիռները իրականացնելու համար ծախսել է 234.820 եվրո, որը նշանակալիորեն շատ է 2014թ. համեմատ (6030 եվրո)։
Կարդացեք նաև
Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի հրապարակած զեկույցի առանձին հատվածում ներկայացված են բարեփոխումներն ու ձեռքբերումները, որոնք կատարվել են Հայաստանում՝ 1998թ. ի վեր։
Ըստ այդմ, մասնավորապես նշվում է, որ Հայաստանում հեշտացել է հեռուստառադիոհեռարձակում ապահովելու համար իրավունքի ձեռքբերման գործընթացը և այլևս չեն գրանցվում անհիմն մերժման դեպքեր։
Նշվում է նաև, որ 2004-ին Հայաստանում ներդրվել է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորությունը, որը մանրակրկիտ վերանայվել է 2013թ.։ Սրա արդյունքում զինվորական ծառայությունը գտնվում է քաղաքացիական կառավարության վերահսկողության ներքո։