Նախօրեին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ու ԱՄՆ Պետական դեպարտամենտի քարտուղար Ջոն Քերին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող մի շարք հարցեր։ ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քիրբին, մեկնաբանելով հանդիպումը, ասել է. «Պետ. քարտուղար Քերին հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել է, որ մենք անհանգստացած ենք շփման գոտու և պետական սահմանի երկայնքով գրանցվող բռնության դեպքերի կապակցությամբ»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերվող հարցերից զատ՝ նախագահն ու Պետդեպի քարտուղարը քննարկել են ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցեր։ Ջոն Քիրբիի խոսքերով. «Հարավային գազային միջանցք» ծրագրի ստեղծման գլխավոր նախաձեռնողը Ադրբեջանն է։ Այդ ծրագիրը կարևոր դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում»։
ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցչի խոսքերով , Քերին հայտնել է ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին՝ տարածաշրջանում առևտրի կենտրոն դառնալու գործում։ Սրանից բացի Քերին շնորհակալություն է հայտնել Ալիևին «ՆԱՏՕ-ում Ադրբեջանի իրականացրած խաղաղապահ առաքելության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի» համար։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ «Հարավային գազային միջանցք» ծրագրով նախատեսվում է 3.500 կիլոմետր գազատար խողովակաշար կառուցել, որը Բաքվից գազ կհասցնի Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով։ Ծրագրի արժեքը կազմում է 45 միլիարդ ԱՄՆ դոլար։