Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «քաղաքական գործիչ»

Մարտ 31,2016 10:11

Երկու օր առաջ «Շանթի» եթերում իմ զրուցակիցն էր ԿԲ նախկին նախագահ եւ հայտնի տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Թեման ԵԱՏՄ-ն էր, որի վերաբերյալ նրա գնահատականները հիմնականում բացասական են: Բայց ինձ միշտ դուր է եկել նրա քննադատության ոճը: Նախ` ցանկացած հարցազրույցի գալուց նա անպայման «զինվում է» թվերով, որպեսզի նրա գնահատականները հիմնված լինեն փաստերի վրա եւ չկորչեն օդի մեջ: Երկրորդ` նա երբեք չի օգտվում եթերից` իր անձը շեշտելու եւ նարցիսական հաճույքներ ստանալու համար: Եվ վերջապես՝ իր ընդդիմադիր հայացքները շարադրելիս նա առիթներ չի փնտրում պարտադիր ինչ-որ վիրավորական բառ ասել կոնկրետ անձերի հասցեին: Որ մեր, մասնավորապես, տնտեսական վիճակը վատն է՝ դրանում, կարծում եմ, ոչ ոք կասկած չունի: Բայց տնտեսագետը խոսում է ոչ թե «հանցավոր իշխանությունն` իր ապաշնորհ քաղաքականությամբ» մաշված բանաձեւերով, այլ կոնկրետ մատնանշում է, թե ինչն է վատ, ինչու է վատ եւ ինչ է պետք անել, որ լավանա: Այդ մոտեցումն ինձ ավելի սոլիդ, ավելի համոզիչ է թվում: Չգիտեմ, գուցե «լայն ժողովրդական զանգվածներին» ավելի շատ են դուր գալիս 25 տարի կրկնվող պիտակները` ճաշակի հարց է: Բայց եթե մենք ուզում ենք հասկանալ երեւույթների էությունը, ապա ավելի «չոր», մասնագիտական վերլուծությունը, կարծես թե, ավելի գերադասելի է: Ճիշտ նույն սոլիդ վերլուծության տպավորությունն եմ ես ստանում, երբ Ավետիք Իշխանյանը խոսում է մարդու իրավունքների մասին:

Դուք կասեք, որ նշված անձինք քաղաքական գործիչներ չեն: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ մի՞թե «քաղաքական գործիչ» հասկացության մեջ մտնում է լաչառությունը, կոկորդ պատռելը, կարծրատիպային սահմանափակումը եւ նարցիսիզմի հասնող ինքնասիրահարվածությունը: Գուցեեւ այդպես էր: Սակայն կյանքն առաջ է գնում` չգիտեմ, թե որքանով է աճում հասարակության գիտակցությունը եւ կրթական մակարդակը, բայց մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված է դարձել եւ պակաս միամիտ: Ընչազուրկ թոշակառուներին հնարավոր է խաբել ծեծված բանաձեւերով` այստեղ առանձնապես ջանքեր էլ պետք չեն` ատելություն եւ ցասում առաջացնելու համար, այդ քաղաքացիներից մի քանիսն այսպես թե այնպես կգան Ազատության հրապարակ: Եթե դա է խնդիրը, ապա «քաղաքական գործիչ» հասկացությունը, որին մենք սովոր ենք, չպիտի որեւէ ձեւափոխման ենթարկվի:

Բայց քաղաքական ուժերի հավակնությունները կարծես թե այլ են` նրանք ուզում են կա՛մ ընտրություններով գալ իշխանության, կա՛մ էլ հեղաշրջում անել եւ գրավել Բաղրամյան 26-ը: Երկու դեպքում էլ անհրաժեշտ են գիտակից, դատողունակ, գործունյա մարդկանց խմբեր. «հանցավոր ռեժիմի» մասին «նավթալինոտ» հայտարարություններով այդ մարդկանց ոտքի չես հանի: Անհրաժեշտ է չծուլանալ եւ «զինվել» իրավիճակը շտկելու գործիքներով: Այն արդյունքը, որին դու հասել ես, ուղիղ համեմատական է այն ջանքերին, որոնք դու գործադրել ես: Այդպես է ոչ միայն քաղաքականության մեջ:
Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կուրծք ծեծողների եւ կոկորդ պատռողների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե մանր վաշխառուին կարելի է համարել հայտնի տնտեսագետ, ապա
    Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելին է, քան Շառլ դը Գոլը:
    Քանի դեռ Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում ենթակա չէ ոչ մեկին (ոչ կառավարությանը, ոչ խորհրդարանին, ոչ նախագահին), Հայաստանի Հանրապետության անկախ պետականության հաստատման գործընթացը դեռեւս դոփում է տեղում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031