Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ապշած է՝ տեսնելով, թե ինչպես են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահից հետո ոմանք ձեւացնում, թե սգում են նրա մահը եւ անգամ սոցցանցերում ցավակցական գրառումներ կատարում: Մինչդեռ, ըստ Սերգեյ Սմբատյանի, այդ նույն մարդիկ ակնհայտ առճակատման մեջ էին Գեղամ Գրիգորյանի հետ եւ նրա դեմ էին դուրս եկել:
Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը փաստում է, որ Գեղամ Գրիգորյանի տեղը, իբրեւ մարդ եւ օպերային նվիրյալ, թափուր կմնա: Բայց միակ մարդը, ով կարող է նրան փոխարինել Ազգային օպերային թատրոնում, դիրիժորի ձեւակերպմամբ, ճանաչված օպերային բարիտոն, արտերկրյա թատրոնների ցանկալի հյուր, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանն է: Սերգեյ Սմբատյանը հավաստիացնում է, որ կյանքի վերջին օրերին Գեղամ Գրիգորյանը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար: «Դա բարոյական քայլ կլինի մաեստրոյի հանդեպ… Գեւորգ Հակոբյանը միշտ իր կողքին է եղել, հրաշալի գիտի նրա սկզբունքները, տեսլականը: Բացի այդ, ինքը երգիչ է, որն աշխատում է Գերգիեւի, Պլասիդո Դոմինգոյի եւ այլ հզոր անհատների հետ»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.03.2016