Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղան մարդիկ, որ կարճացրին Գեղամ Գրիգորյանի կյանքը»

Մարտ 31,2016 13:30

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ արվեստում դավաճանության մասին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը միշտ էլ եղել է այն մարդկանց թվում, որոնց համոզմամբ՝ օպերային արվեստի ասպարեզում Հայաստանում չկա ավելի մեծ տրամաչափի արվեստագետ, ինչպիսին Գեղամ Գրիգորյանն է:

Նա նաեւ ափսոսում է, որ մեր հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անհաջողությունների պատճառն ուրիշի հաջողությունների մեջ են փնտրում եւ հակված են խանգարել աշխատող մարդկանց: «Հենց այդ մարդիկ կարճացրին Գեղամ Միհրանիչի կյանքը, քանի որ խանգարում էին այն խնդիրների լուծմանը, որ առկա էին, եւ Գեղամ Գրիգորյանն ուզում էր լուծել…Ես ինձ բնավ իրավունք չեմ վերապահում պաշտպանել Գեղամ Միհրանիչին, քանի որ ինքը դրա կարիքը չուներ, իրեն աշխարհն է ճանաչում եւ ընդունում…Ինքս սովորել եմ մեծագույն դիրիժոր Ռիկարդո Մուտիի մոտ, որը խոսելով ամենահեղինակավոր ու հայտնի օպերային երգիչների մասին, միշտ ասել է, թե Գեղամ Գրիգորյանն առանձնահատուկ տեղ ունի որպես տեսակ: Ցավում եմ, որ գտնվեցին մարդիկ, որոնք իրենց իրավունք վերապահեցին պայքարել նրա դեմ…

Գեղամ Միհրանիչը հեռացավ կյանքից, ու հիմա ապշում եմ, որ այդ նույն մարդիկ այնքան կեղծ են, որ հասարակության աչքին փորձում են սգալու իմիտացիա ստեղծել…Ախր օպերան ընտանիք է, եւ այդ ընտանիքի ավագն էր Գեղամ Գրիգորյանը, ու նրանք բացահայտ պայքարում էին ընտանիքի ավագի դեմ: Ես փորձում եմ կոռեկտ արտահայտվել ու ասում եմ, որ նրանց սգալը անընդունելի է, իսկ Գեղամ Գրիգորյանի դեմ դուրս գալը՝ հավասարազոր դավաճանության»,- կարծում է Սերգեյ Սմբատյանը:

sergey-smbatyan

Մեր դիտարկմանը, որ ժամանակին հեռացրին Գեղամ Գրիգորյանին օպերայից, եւ դրանք այն մարդիկ չէին, որ ուզում էին իր տեղը զբաղեցնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն ժամանակ Գեղամ Գրիգորյանն ինքը հեռացավ»:

Ապա հավելեց. «Նա հայ ազգի կատարողական արվեստի բացարձակ լիդեր է, մարդ, որ փոխել է աշխարհի վերաբերմունքը մեր ազգի հանդեպ: Ոմանք նույնիսկ իրավունք չունեին գնահատականներ տալ նրա գործունեությանը, էլ ուր մնաց բացահայտ պայքարել… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ բան է օպերային արվեստում բացասական գնահատական տալ: Միջակ մարդիկ միշտ փորձում են տաղանդավոր մարդկանց վնասել, որոնք չեն ուզում իրենց հետ պայքարել իրենց դաշտում…Գեղամ Գրիգորյանը շատ բան է փոխել իմ սերնդի համար, չի եղել որեւէ տեղ, որ ասեմ Հայաստանից եմ, ու չհիշեն Գեղամ Գրիգորյանի անունը, չասեն` «Գրանդե մաեստրո Գեղամ Գրիգորյան»:

Հիշում եմ՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտենում» էլ մի կին, երբ իմացավ, որ Հայաստանից եմ, ամիջապես հիշեց մաեստրոյի անունը: Մենք այդ ժամանակ մի քանի հոգով էինք, ու չեք պատկերացնի, թե ի՜նչ մեծ ոգեւորություն ապրեցի: Ախր պետք է հասկանալ՝ բաներ կան, որ իրավունք չունենք անելու: Չեմ ուզում անուններ տալ, բայց մարդիկ կան, որ սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են գրել Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո, մինչդեռ իրենք ոչ մի կապ չունեն այդ ամենի հետ, իրենց արածը ազնիվ չէ … Եթե դուք այդքան ակտիվորեն պայքարում էիք նրա դեմ, հիմա պետք չէ ցույց տալ, թե իբր սգում եք: Ցավում եմ, որ ոմանց գործունեությունն ավելի կարճացրեց մաեստրոյի կյանքը»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանից դուրս աշխատող օպերային արվեստի այն հայ ներկայացուցիչներին, որոնք հարցազրույցներում չեն հերքել, թե կցանկանային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար կամ տնօրեն լինել:

Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ վերջին շրջանում ավելի շատ է շփվել Գեղամ Գրիգորյանի հետ եւ գիտի, թե նա ինչ էր ցանկանում: «Միակ մարդը, որ մինչեւ վերջ Գեղամ Միհրանիչի կողքին էր եւ հենց նրան էր փոխարինող տեսնում, դա Գեւորգ Հակոբյանն է: Եթե Գեղամ Գրիգորյանն ինչ-որ մեկին ընտրել է օպերային ժանրում, ուրեմն հավատացել եւ վստահել է, որովհետեւ ինքը երբեք փոխզիջման չէր գնա այն հարցերում, ինչ կապված է օպերայի հետ: Խոսքը վերաբերում է նաեւ դիրիժոր հրավիրելուն՝ Ջանլուկա Մարչիանոյին; Եթե նա չլիներ առաջին դասի դիրիժոր կամ Գեւորգը չլիներ փայլող երգիչ, Գեղամ Գրիգորյանը հավանություն չէր տա… Գեղամ Գրիգորյանը լիդեր էր, Հայաստանում մենք լիդերներին վստահելու խնդիր ունենք, մինչդեռ բոլորս անհարկի ամբիցիոզ ենք, եւ սա այն պարագայում, երբ արվեստում մեծ ընտանիքների լիդերները տաղանդավոր են լինում: Էդվարդ Թադեւոսյանը պատահական չասաց, որ աստղեր շատ կան, բայց Գեղամ Գրիգորյանը մոլորակ էր: Դա անքննարկելի փաստ էր, բայց մարդիկ եղան, որ քննարկեցին, ու դա ինչ-որ չափով նույնիսկ դավաճանություն է: Երկերեսանիությունն էլ արվեստում ամենամեծ դժբախտությունն է»,- ասում է դիրիժորը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031