Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներն ասպիրանտուրայում տեղապտույտի մեջ են

Մարտ 31,2016 13:00

Բոլոնիայի համաձայնագրի տրամաբանությամբ, ՀՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ մակարդակը արմատական բարեփոխումների պետք է ենթարկվեր: Սակայն այդ գործընթացը դեռեւս տեղապտույտի մեջ է եւ լուրջ ուշադրության չի արժանանում ինչպես համալսարաններում, այնպես էլ կառավարության մակարդակով: Փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը ընդունեց ասպիրանտուրայում ընդունելության եւ ուսուցման 238 -Ն որոշումը, որը մեր կարծիքով, ոչ միայն ոչինչ չփոխեց, այլ նույնիսկ հետընթաց արձանագրեց ասպիրանտական համակարգում:

Մասնավորապես, համաձայն կառավարության որոշման, ասպիրանտուրայում ընդունելության պայման է ներկայացվում օտար լեզվի, ինֆորմատիկայի իմացությունը, որից վաղուց արդեն հրաժարվել են արեւմտյան բուհերը: Ժամանակն է հասկանալու, որ լավագույն ասպիրանտներ հավաքագրելիս պետք է կարեւորել ոչ թե օտար լեզվի իմացությունը, այլ դիմորդի կարողություններն ու հմտությունները նախանշված հետազոտությունը կատարելիս: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի թեստային մակարդակով օտար լեզվի իմացությունն ասպիրանտուրա ընդունվելիս: Ասպիրանտը կարող է նաեւ հետազոտություն իրականացնել, փայլուն չտիրապետելով օտար լեզվին, կարողանալով կողմնորոշվել միայն օտարալեզու մասնագիտական գրականության շրջանակում: Առավել անհասկանալի է նաեւ ասպիրանտուրա դիմելիս ինֆորմատիկայից թեստի հանձնումը: Եթե դիմորդը մինչ այդ ստացել է բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճան, ապա ինչպես կարող է համակարգչային հմտություններին չտիրապատել:

Այս առումով, ինֆորմատիկայից թեստ հանձնելն ավելորդ բեռ եմ համարում ասպիրանտական ընդունելության ժամանակ: Այս դեպքում հարց է առաջանում, թե ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ ինչը պետք է կարեւորել:
Երբ ուսումնասիրում ենք բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ մակարդակի արեւմտյան փորձը, ապա պարզ է դառնում, որ համալսարաններին առավելապես հետաքրքրում է ոչ թե դիմորդի՝ օտար լեզուների իմացությունը կամ համակարգչային հմտությունները, այլ մագիստրատուրայում թողած նրա հետազոտական հետագիծը: Այնտեղ լավ են հասկանում, որ հաջողության կհասնեն այն դիմորդները, որոնք հետազոտական աշխատանքի ջիղ ունեն, օժտված են ստեղծարար մտածողությամբ, այլ ոչ թե նրանք, ովքեր շատ խելացի են ու բազմակողմանի զարգացած: Այս առումով, դոկտորանտուրայի ընդունելության ժամանակ առավելապես հաշվի են առնում ոչ թե մասնագիտական քննությունները, այլ հարցազրույցները, պարզելու համար դիմորդի կարողությունները` իր առջեւ դրված ստեղծարար խնդիրները լուծելիս:

Կարծում ենք՝ ժամանակն է, որ ասպիրանտուրայում բարեփոխումները խորքային բնույթ կրեն եւ չներկայանան ենթաօրենսդրական «կարկատաններով»: Այս առումով, առաջին հերթին պետք է գնալ օրենսդրական արմատական փոփոխությունների, եւ անցում կատարել անցյալ դարի 30-ականներին ձեւավորված ու մինչ այժմ գրեթե փոփոխություն չկրած ասպիրանտական համակարգից` ժամանակակից դոկտորանտուրայի: Ի վերջո, Բոլոնիայի համաձայնագիրն է մեզ հուշում, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել բարձրագույն մասնագիտական կրթության որակին` հրաժարվելով կոսմետիկ փոփոխություններից եւ կիրառելով դոկտորական կրթության Զալցբուրգյան սկզբունքները: Իսկ դրանք առնչվում են հետազոտությունների ֆինանսավորմանը, հետազոտողի կարգավիճակին, դոկտորանտուրայի միջազգայնացմանը, սովորողների շարժունությանը, միջգիտակարգային հետազոտություններին, որոնց առկայության դեպքում է ձեւավորվում մրցունակ դոկտորանտուրա: Ահա թե ինչ առանցքային դրույթներ պետք է կարգավորեն ասպիրանտական համակարգին առնչվող ենթաօրենսդրական ակտերը, որով այդ կրթական աստիճանը ի վերջո մեզ մոտ կդառնա մրցունակ: Իսկ թե որքանով է մեր ասպիրանտական կրթությունը որակյալ եւ մրցունակ, կարելի է նաեւ ենթադրել ՀՀ ԲՈՀ-ի կողմից վերջին տարիներին կրկնական պաշտպանության ուղարկված կամ բեկանված ատենախոսությունների քանակով:

 

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    …այլ մագիստրատուրայում թողած նրա հետազոտական հետագիծը…
    …սովորողների շարժունությանը…
    …միջգիտակարգային հետազոտություններին…
    Սկզբում մտածում էի, այսքան անիմաստ արտահայտություններ ո՞վ կարող է գրել: Վերջում տեսա, որ “սովետահայ” տնտեսագետ է`ամեն ինչ հասկանալի դարձավ: Փակել է պետք բոլոր տնտեսագիտական պաշպանության խորհուրդները, անդամներին ուղարկել ֆայլա բազար`թող այնտեղ մի բան անեն: Իսկ եթե մեկը համարձակվի խոսել գիտությունից`”15 սուտկա” տալ: Մեկն ասի, դու ինչ հետք ես թողել, որ փիլիսոփայում ես մագիստրական հետագիծ ցնդաբանության մասին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031