Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառատոնը տոնավաճառի նման մի բան է, որտեղ ցանկացած այցելու գտնում է իրեն անհրաժեշտը»

Մարտ 31,2016 12:30

Համոզված է կինոռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը

Լրագրող Ֆելինիին աշխարհը ճանաչում է որպես 20-րդ դարի ամենահայտնի կինոռեժիսոր: Հրատարակիչ, խմբագիր Մարկ Տվենը լավագույն արկածագիրներից մեկն է: Դիվանագետ, տարիներ շարունակ դեսպանի պաշտոն վարած Օգինսկին աշխարհին հայտնի է որպես ամենասիրված պոլոնեզներից մեկի հեղինակ: Իսպանացի դիվանագետ Վելասկեսը ամենահայտնի նկարիչներից է, իսկ աստվածաբան Նյուտոնը՝ մեծագույն ֆիզիկոսներից: Ճամպրուկագործ Մենդելեեւը հայտնի դարձավ որպես պարբերական աղյուսակի հեղինակ, ոսկու եւ ալմաստի գործարանատեր Ստանիսլավսկին էլ՝ հանրահայտ դերասանական սիստեմով: Հայերս էլ նման մեծություններ ունենք, օրինակ՝ զորական-զորավար Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծեց ու դարձավ հայ դպրության հիմնադիրը:

Վերը շարադրվածը գուցե աղերս չունի կինոռեժիսոր Արշակ Ամիրբեկյանի հետ, բայց ո՞վ գիտե… Նա ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ իբրեւ ժուռնալիստ, շուրջ 2 տարի աշխատել մասնագիտությամբ, հետո 90-ականներին մեկնել է Մոսկվա: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մեր նախկին գործընկերը հավաստիացրեց, որ Ռուսաստանում հայտնվելը աննպատակ չէր: Ցանկություն ուներ շփվել կինոգործիչների հետ, ծանոթանալ կինոարտադրությանը: Կինոն նրա գերերազանքն էր:

90-ականներին, հասկանալի պատճառով, ԽՍՀՄ երկրներում մշակույթը մղվել էր հետին պլան: Կինոռեժիսորի խոսքերով՝ ինքը դա չէր կանխատեսել, իսկ երբ ճգնաժամն ավարտվեց եւ «Մոսֆիլմի» տնօրեն նշանակվեց մեր հայրենակից Կարեն Շահնազարովը, արդեն հայ «կինոմոլը» վերադարձել էր հայրենիք…

Arshak_Amirbekyan

Մինչ առաջին ֆիլմը՝ «Երեք երեկո», Միքայել Ամիրբեկյանի «Խեղդվող սրինգը» պատմվածքի մոտիվներով նկարահանելը, Արշակ Ամիրբեկյանը ուսումնասիրում է կինոաշխարհը ու դիմում «անկախ կինոյին»: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Նպատակային եմ դիմել այս ձեւաչափին: Նախեւառաջ վստահ չեմ, որ մեծ ստուդիաները կֆինանսավորեին, եւ երկրորդ պատճառը, ինչն ավելի եմ կարեւորում իմ դեպքում, սա է՝ երբ ինքդ անկախ ես, թիմակիցներիդ հետ ձեւավորվում են ինտիմ (նկատի ունի ստեղծագործական պրոցեսը) հարաբերություններ: Երկու ֆիլմ նկարահանելուց հետո համոզվեցի դրանում: Ինձ շրջապատում են իսկապես համախոհներ: Իմ խորին համոզմամբ՝ համաշխարհային կինոյում էլ լավագույն ֆիլմերը ստեղծվել են «անկախ կինոյի» ձեւաչափի պայմաններում, օրինակ, հենց իտալական նեոռեալիզմի ծնունդը, ֆրանսիական «նոր ալիքը» եւ այլն»: Կինոռեժիսորը նշեց, որ «Երեք երեկոն» 2010թ. «Նարեկացի» արվեստի կենտրոնում առաջին անգամ փոքրիկ ցուցադրությունից հետո, նույն թվին մասնակցել է Լոս Անջելեսում անցկացվող անկախ կինոյի Dances with Filmes փառատոնին, ապա՝ Կանադայում անցկացվող «Նուռ» հայկական ֆիլմերի փառատոնին, արժանանալով «Պատվավոր հիշատակում» մրցանակի:

Arshak_Amirbekyan-2

Կադր «Երեք երեկո» ֆիլմից:

Նկատենք, որ «Երեք երեկոյի» պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, Կանադայում, հետո էլ արտասահմանյան շուրջ 6 երկրներում: Օրերս իր երկրորդ՝ «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի պրեմիերան որոշեց մասշտաբային անցկացնել Հայաստանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում: «Արտերկրյա կինոփառատոների մեծ մասը պահանջում են ֆիլմերի «ամուսնության առաջին գիշերվա իրավունքը» (նկատի ունի համաշխարհային պրեմիերան): Հենց «Երեք երեկո» ֆիլմի ցուցադրությունից հետո էլ հետաքրքրություն առաջացավ ներկա դիստրիբյուտորների մոտ, որոնցից մեկի՝ ամերիկյան Indie Rights-ի հետ, որը մասնագիտացած է փոքր բյուջե ունեցող անկախ ֆիլմերի վարձույթով համացանցում, կնքվեց պայմանագիր, ինչը նշանակում է, որ ֆիլմը ցուցադրվելու է համացանցում: Սա աշխարհում նոր եւ արագորեն տարածվող վարձույթի տարբերակ է: Ի դեպ, արեւմտյան որոշ հետազոտությունների արդյունքում վարձույթի այս ձեւը զբաղեցնում է համացանցային հոսքի 50%-ը»,- հայտնեց կինոռեժիսորը: Հավելեց, որ 2014թ. մինչ օրս հիշյալ ֆիլմը տեղադրված է amazon.com, google play եւ Hulu կայքերում: Հետաքրքրվեցինք հիշյալ ֆիլմի «եկամտային» ճակատագրով: Արվեստագետն առանց մանրամասնելու ասաց. «Ծախսերի 50 տոկոսը վերադարձվել է»: Հարցին՝ իսկ ընդհանրապես փոքր գումարն անձամբ ինքն ինչպե՞ս է հայթայթում, Արշակ Ամիրբեկյանը պատասխանեց. «Ֆիլմերիս համար թեկուզեւ փոքր գումարը ստացել եմ Crowdfunding-ի եղանակով, որը դրսում ընդունված ձեւ է եւ, իհարկե՝ պլյուս անձնական խնայողություններս»: «Մարիամի մեկ կիրակիին» նախորդ ֆիլմի օրինակով դարձյալ սպասվո՞ւմ է «փառատոնային արշավ», ի պատասխան՝ կինոռեժիսորը հայտնեց. «Փառատոնը տոնավաճառի նման մի բան է, որտեղ ցանկացած այցելու գտնում է իրեն անհրաժեշտն ու օգտակարը: Իսկ քիչ թե շատ արժեքավոր ֆիլմերն, ըստ էության, պետք է ունենան փառատոնային որոշակի հավակնություններ»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում`  Արշակ Ամիրբեկյանը՝ նկարահանման հրապարակում:

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլի says:

    Շատ ճաշակով և դասական ոճի մեջ, ստացված ֆիլմ, որը կարիքը չափազանց շատ է զգացվում: Բրավո ռեժիսորին և ամբողջ ստեղծագործական խմբին: Մեծ հաջողություններ եմ մաղթում ֆիլմին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031