Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ պոպուլյար» գաղափարի ճակատագիրը

Մարտ 31,2016 12:00

Այսօր քչերի «դուխն է հերիքում»՝ հայտարարելու, որ իրենք ազատական են
Այժմ Հայաստանում ասել, որ դավանում ես ազատական գաղափարներ, մոտավորապես նույնն է, որ մարդը խոստովանի, թե կրոնական կամ սեռական փոքրամասնություն է: Երկրորդ խոստովանությունն ավելի լայն արձագանք է գտնում զուտ այն պատճառով, որ բոլորը գիտեն, թե դա ինչ է:

Թե ինչ է ազատականը, շատերը չգիտեն: Բայց երբ հայտնվում են «գրագետ» մարդիկ, որոնք բացատրում են, որ լիբերալներն այն մարդիկ են, որոնք «Սովետը քանդեցին, զավոդները փակեցին` լոմի գնով ծախեցին, երկիրը թալանեցին, էս խեղճ ժողովրդին պանդուխտ սարքեցին», ապա լայն զանգվածները հասկանում են, թե ովքեր են ազատականները, եւ նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք են ձեւավորում: Միշտ չէ, որ այդպես էր: Համենայնդեպս, Ռուսաստանում եւ Հայաստանում մինչեւ 1998-99 թվականները «թալան-սեփականաշնորհման» մասին բոլոր «իմաստուն եզրահանգումներն» անում էր ընդդիմությունը՝ այդ ոգով «կրթելով» ժողովրդական լայն զանգվածներին: Իշխանությունն այն ժամանակ պաշտոնապես կողմ էր ազատականությանը. այլ հարց է, թե ինչպես էր նա այդ գաղափարները գործնականում կիրառում:

Հետո սկսվեց «անցումային շրջանը»: Հետաքրքիր մի դրվագ Ռուսաստանի պատմությունից. 1999 թվականին այդ երկրում ստեղծվել էր «Աջ ուժերի միությունը», որի աչքի ընկնող դեմքերից էին Չուբայսը, Գայդարը, Նեմցովը, Խակամադան:

Խորհրդարանական ընտրություններից առաջ այդ ազատական դաշինքի ներկայացուցիչ Կիրիենկոն հանդիպեց այն ժամանակվա վարչապետ Պուտինի հետ, որը նշեց, թե դաշինքի ծրագրային դրույթներում օգտագործելու շատ բան կա: Արդյունքում «աջերը» 99 թվականի Դումայի ընտրություններում ստացան 8,52 տոկոս ձայն եւ խորհրդարանական խմբակցություն ունեին, իսկ 2000 թվականին պաշտպանեցին Պուտինի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Սակայն հետզհետե պաշտոնական քարոզչությունը սկսեց թեքվել հօգուտ այն թեզի, որ ազատականները «թալանել են երկիրը»: Թե ինչու է տեղի ունեցել այս փոփոխությունը՝ բազմաթիվ բացատրություններ կան: Հավանաբար, դրդապատճառներից մեկը թալանելու սեփական ձգտումը քողարկելն է:
Հայաստանում անցումն ավելի կտրուկ էր: 1998 թվականի իշխանափոխությունից հետո պաշտոնական քարոզչությունը վերցրեց նախորդ շրջանի «երկիրը թալանելու» մասին «կոմունիստա-սադոյանական» թեզը. նոր իշխանությունը սկսեց ինքնահաստատվել՝ փնովելով նախորդներին: Ընդդիմության մի մասը սկզբում փորձում էր առաջ տանել իր ազատական գաղափարները: 2000 թվականին ստեղծվեց «Աջ ուժերի դաշինքը», որի մեջ մտան ՀՀՇ-ն, Բագրատյանի «Ազատությունը», Դավիթ Շահնազարյանի «21-րդ դարը» եւ մի շարք այլ կազմակերպություններ: Պաշտոնական «հայլուրական» քարոզչությունն ակտիվորեն քարկոծում էր ազատականներին: Թե ինչու այդ դաշինքի գործունեությունը զարգացում չունեցավ՝ նույնպես բազմաթիվ պատճառներ կան, այդ թվում, իհարկե, դրանց լիդերների բախվող ամբիցիաները: Բայց կարեւոր պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքական գործիչների «դուխները չի հերիքում»՝ ասելու, որ նրանք ազատական են՝ սոցիալական պոպուլիզմը շատ ավելի հարմար գործիք է:

Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ականները, երբ ՀԱԿ պատգամավորներն իրենց շատ են «նեղում», դարձյալ դարակից հանում են նույն թեզերը՝ տնտեսությունը քանդելու եւ գործարանները փակելու մասին, այդ թեզերը պետք է որ հակադարձեն ընդդիմադիրների քննադատությանը՝ «բա որ դուք…» երկաթյա տրամաբանությամբ: Բայց ընդդիմադիրներն էլ իրենց հերթին մեծ մասամբ տառապում են «սադոյանիզմով» եւ 90-ականների ոճի «ալան-թալանի» մեղադրանքներից սովորաբար առաջ չեն գնում: Որովհետեւ դժվար է բողոքող մարդկանց ասել՝ ձեր բարեկեցությունը կախված է ձեր ճիգերից, ձեր աշխատանքից, շատ ավելի դյուրին է ձայնակցել «նվնվան տոնայնությանը»:

Մի խոսքով՝ ազատական գաղափարներով հիմա ձայներ չես հավաքի: Բայց քանի որ «ձայն ստանալն» իմ նպատակների մեջ չի մտնում, ասեմ իմ կարծիքը՝ նորմալ պետության հիմքում պետք է լինի Մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    “նորմալ պետության հիմքում պետք է լինի Մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները:“

    Եթե Մարդուն տալ բոլոր իրավունքներն ու ազատությունները, նա միեւնույն է դրանով չի բավարարվի, նա կցանկանա ընտանիք կազմել, իսկ եթե խեղդել նրա իրավունքներն ու ազատությունները, նա ընդամենը կմտածի զուտ իր մարմնական գոյությունը պահպանելու ու մի կտոր հաց հայթայթելու մասին, էլ ի՜՞նչ ընտանիք կին երեխա: Ստացվում է՝ Մարդու իրավունքների ու ազատությունների ապահովումը բերում է Ընտանիքի ստեղծմանը, նմանապես՝ Ընտանիքի իրավունքների ու ազատությունների ապահովումը բերում է Պետության ստեղծմանը, նմանապես՝ Պետության իրավունքների ու ազատությունների ապահովումը բերում է մեր բնօրրան Հայքի վերականգմանն ու զարգացմանը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031