Ընդհանրապես չարժե կերակրին աղ ավելացնել,
բայց եթե մարդը դեռեւս պատրաստ չէ դրան,
ապա գոնե այն պետք է ավելացնել պատրաստելուց հետո
Նատրիումի քլորիդը անգույն, բյուրեղային նյութ է` աղի համով։ Մանր ջարդված վիճակում ունի սպիտակ գույն, որը լուծված վիճակում գտնվում է ծովերի եւ օվկիանոսների ջրերում։ Ծովի ջուրը պարունակում է մինչեւ 3% նատրիումի քլորիդ։ Աղը պահում է ջուրը օրգանիզմի մեջ եւ նստում է այնտեղ, որտեղ պետք չէ:
Չզտված ծովաղը պահպանում է բնական բոլոր հանքային բաղադրատարրերի մոտ 60 տեսակ, որոնք պարունակվում են ծովի ջրի մեջ: Սննդակարգում ծովաղ օգտագործելիս կարեւոր է հիշել, որ այն պետք է ավելացվի արդեն պատրաստի ուտեստներին, քանի որ ծովաղը ջերմամշակման դեպքում կորցնում է օգտակար հատկությունները:
«Հայտնի է, որ բժիշկների միջազգային կազմակերպությունն աղը վերագրել է ամենավնասակար նյութերի շարքին: Այն ընդունված է համարել որպես հզոր կոնցերոգեն, որն առաջացնում է ստամոքսի քաղցկեղ եւ ոչ միայն ստամոքսի»,-մեզ հետ զրույցում նշեց սննդաբան Հասմիկ Աբովյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ աղը հիպերտոնիկ հիվանդության կարեւորագույն պատճառ է եւ եթե կերակուրը պարունակում է աղ, բնականաբար, ուտելիքի զուգակցումը ջրով` նույնիսկ, երբ խմում ենք մեկ ժամ հետո, չունի նշանակություն` արյան ճնշումը բարձրանում է: Բժշկուհու խոսքերով` եթե մարդ ունի ավելի քաշ՝ այդ քաշն էլ ավելի է շատանում:
«Առաջանում են օրգանիզմում այտուցներ, շատանում է արյան ծավալը, մարդու մոտ նկատվում է արյան բարձր ճնշում: Ընդհանրապես չարժե կերակրին աղ ավելացնել, բայց եթե մարդը դեռեւս պատրաստ չէ դրան, ապա գոնե այն պետք է ավելացնել պատրաստելուց հետո»,- նշեց սննդաբանը:
Համային արդյունք ստանալու համար, ըստ մասնագետի, կերակրի մեջ եթե մենք պետք է ավելացնենք աղ, ապա այն գոնե կերակուրը մատուցելուց ավելացնել, քանի որ այդ ժամանակ ավելի քիչ քանակությամբ աղի կարիք կունենա պատրաստի սնունդը:
Շատերն առանց ջրի կամ որեւէ հյութի չեն կարողանում ճաշել: Բժշկուհին նշեց, որ ջրի զուգակցումը, բացի օգուտից, չի կարող վնասել, եթե կերակուրը աղ չի պարունակում:
«Կար ժամանակ, որ սննդաբաններն ասում էին, որ ջուրը պետք է ուտելուց կես ժամ առաջ կամ մեկ ժամ հետո խմել, սակայն գիտությունն անընդհատ առաջ է շարժվում եւ ժամանակակից տվյալների համաձայն, եթե մարդու ստացած կերակուրն առողջ է, ապա մարդը կարող է խմել ե՛ւ կերակրի հետ, ե՛ւ դրանից առաջ, ե՛ւ հետո»,- ասաց մասնագետը:
Ինչ վերաբերում է սննդի հետ հյութերի, ջրի ընդունմանը, բժշկուհին նշեց, որ հյութերն ավելացնում են սննդի կալորիականությունը, քանի որ ցանկացած քաղցր հյութ իր մեջ պարունակում է շաքար ու նշանակություն չունի՝ բնական, թե գազավորված, անգամ մրգի բնական հյութը պարունակում է շաքար:
«Այն ավելացնում է սննդի կալորիականությունը, ինչը ցանկալի չէ շատ մարդկանց համար, քանի որ այսօր ճարպակալումը, շաքարային դիաբետը շատ տարածված խնդիր է եւ հետեւաբար այդ սովորությունից հրաժարվելով՝ մենք կարող ենք փոքրացնել կալորիականությունը եւ կրճատել շաքարի քանակը, որը ստանում ենք»,- ասաց Հասմիկ Աբովյանը:
Նա խորհուրդ տվեց ավելի շատ օգտագործել մաքուր ջուր եւ հանքային ջուր, իհարկե՝ հանքային ջուրը ոչ շատ, իսկ մաքուր ջուրը օրական 2 լիտրից ոչ պակաս:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2016