Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքն այսօր բավարարեց մասնակի: Դատարանն արձանագրեց, որ ակցիայից բերման ենթարկված Կիվիրյանի իրավունքները խախտվել են:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանը բողոքարկել էր օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի առջև տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկելիս Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառված բռնության և նույն օրը նրան ոստիկանության Կենտրոնի բաժնում օրենքով սահմանված ժամից ավել ապօրինի անազատության մեջ պահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի վճիռը:
«Դատարանն արձանագրեց, որ խախտվել են իմ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքները: Իհարկե, դատարանի այս որոշումը մեզ բացառապես չի գոհացնում, դատարանը փաստացի կատարեց ոստիկանության պատվերը: Իրենք մերժեցին մեր պահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել այդ օրը ոստիկանների գործողությունները՝ ապօրինաբար ինձ բռնի ուժով բերման ենթարկելը: Ընդամենը բավարարեցին, որ, այո, ինձ երեք ժամից ավելի են պահել ոստիկանությունում, ինչը իմ իրավունքների խախտում է»,- դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Պարոն Կիվիրյանն ասաց, որ դատարանի այսօրվա որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, ապա դիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել: Նրա նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման եւ ոստիկանությունում սահմանված ժամկետից ավելի երկար պահելու բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը ՀՔԾ քննիչի որոշմամբ կարճվել էր: Կիվիրյանը այդ որոշումը բողոքարկել է բոլոր ատյաններում: Վճռաբեկ դատարանը որոշումը բեկանել է եւ գործը վերադարձրել առաջին ատյանի դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ