«Քննարկումն ընթացավ շատ ծանր, ինչը բնական է: Սկզբում միշտ այդպես է լինում, երբ մոտեցումները կարծր են, ամեն մեկն ր դիրքորոշմանը կառչած է: Ես հիմա չեմ կարող կանխատեսել՝ արդյո՞ք հնարավոր է դիրքորոշումների մերձեցում, այս պահին ես նման բան չեմ տեսնում, բայց չեմ էլ բացառում, որ, այնուամենայնիվ, այս բանակցությունները կբերեն ինչ-որ արդյունքի»,- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսպես ասած «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի առաջին քննարկման մասին լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց:
Նրա խոսքերով՝ «Հիմա հարց է՝ մենք կարողանո՞ւմ ենք գալ ինչ-որ արդյունքի: Մեկ-երկու ռաունդ եւ հնարավոր կլինի ասել՝ կգա՞նք արդյունքի, թե՞ չէ»:
Դիտարկմանը, որ երկու սկզբունքային կետերն ասացին, որ չեն ընդունում՝ մատների թանաքոտում, տեսախցիկների տեղադրում՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Թող ասի: Բանակցությունները ավարտված չեն, այդ հարցում վերջնական լուծման չենք եկել»:
Թե ինչու չկայացավ 4+4+4 ֆորմատը եւ Ժառանգությունը չեկավ՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չունի:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս քննարկումներին զուգահեռ նաեւ փողոցից ճնշումներ լինեն՝ նա պատասխանեց. «Վատ չէր լինի: Ինչքան շատ ճնշում լինի, այնքան մեր իշխանություններն ավելի զիջող կլինեն»: Նա ասաց, որ ժողովուրդը ապատիայի մեջ է գտնվում եւ կարող է փողոցային տարբերակը չստացվի:
Այն, որ մատների թանաքոտումը իշխանություններն անընդունելի են համարում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այսօր անընդունելի է, վաղը կարող է դառնալ ընդունելի: Եկեք առաջ չընկնենք: Այստեղ մի խնդիր կա, իրենք պետք է հասկանան, որ այնուամենայնիվ, իրենք պետք է ընդառաջեն, ոչ թե մենք որովհետեւ իրենք են խարխլել հավատն ընտրությունների նկատմամբ: Իրենք պիտի ընդառաջեն մեր պահանջներին, եթե չէ, մենք կհայտարարենք մեր հանրությանը, որ իշխանության հետ հնարավոր չեղավ գալ կոնսենսուսի: Դրանից հետո կլինեն քաղաքական պրոցեսներ»:
Դավիթ Հարությունյան ասել էր, որ առաջարկում են գալ համաձայնության տեսախցիկներ տեղադրել դոնորների միջոցով, բայց օնլայն չհեռարձակել: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ իշխանություններն այնքան աղետալի վիճակում են հասցրել մեր բյուջեն, որ չեն կարողանում ընտրությունների կազմակերպման համար էլեմենտար ծախսեր անել. «Դոնոր գտնելու գաղափարը մի նորություն չի, ամեն ինչի համար իրենց դոնոր է պետք, հետո՞ ինչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ