Քիչ առաջ ավարտվեց այսպես կոչված «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի այսօրվա քննարկումն ԱԺ-ում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշ հարցեր են քննարկել, բայց ի սկզբանե մի շարք հարցերի վերաբերյալ համաձայնության չեն եկել՝ անցել են առաջ. «Օրինակ, ասում են՝ սա բանակցություն է, թե՞ ոչ, մենք ասում ենք՝ բանակցություն չէ»:
Մեր հարցին՝ ո՞ր հարցում համաձայնության եկաք՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վերջնական համաձայնություն չկա, մենք դեռեւս տեսակետներ փոխանակեցինք: Օրինակ, տեսանկարահանման, տեսախցիկների տեղադրման, մատների թանաքոտման, մատնահետքերի հնարավոր օգտագործման հետ կապված քննարկումներ ունեցանք»:
Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Զիջման մասին խոսք լինել չի կարող, մենք փորձում ենք ընդհանուր տեսակետներ ձեւավորել: Չկա մի բանաձեւ՝ սա ընդունեցինք, սա՝ ոչ: Մենք տեսախցիկների տեղադրման հետ կապված պայմանավորվածություն չունենք, ունենք տարբեր մոտեցում: Մենք համարում ենք, որ եթե գտնվեց ինչ-որ դոնոր, որը պատրաստ է ֆինանսավորել նմանատիպ ծրագիր, մենք սկզբունքային խնդիր չունենք՝ պայմանավորվելով, որ խոսքը չի գնում օնլայն հեռարձակման մասին, այլ՝ տեսանկարահանման: Երբեւէ պետությունը չի ստանձնելու այդ պատասխանատվությունը, մենք պատրաստ ենք դոնորի տարբերակին համաձայնություն տալ՝ պայմանով, որ ընտրություններից հետո ցանկացած կողմի, կուսակցության պահանջով տրամադրեն պատճենը: Մենք փորձել ենք մերձեցման գնալ: Իսկ մատների թանաքոտումը մենք համարում ենք անընդունելի: Ավելի շատ դա կարող է մթագնել իրավիճակը, քան օգուտ տալ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ որպես արդյունք ի՞նչը կարող եք արձանագրել այս քննարկումից՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քննարկումը»:
Դիտարկմանը, որ փաստորեն, երկու սկզբունքային հարցերի շուրջ զիջումների չեք գնում՝ մատների թանաքոտում, ցուցակների հրապարակում՝ Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Եթե դուք էլ եք տեսնում աշխարհը սեւ ու սպիտակ, ուրեմն կյանքը չի ստացվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ