Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում

Մարտ 30,2016 22:02

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը` մարտի 30-ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` Ֆլեթչերի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակներում Ֆլեթչեր դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սերժ Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում պատասխանել է նաև դասախոսներին ու կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման հեռանկարային ու գերակա ուղղություններին և այլն: Թաֆթս համալսարանում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել նաև կրթական այս հաստատության նախագահ Էնթոնի Մոնակոյի հետ:

Ֆլեթչերն առաջարկում է տարբեր կրթաթոշակային ծրագրեր՝ դպրոցում սովորելու ցանկանություն ունեցող ուսանողներին: Ծագումով հայ երիտասարդներին աջակցելու համար 1980-ական թվականներին Ասո Թավիթյանի կողմից հիմնադրվել է «Թավիթյան» հիմնադրամը, որի միջոցներով Հայաստանի անկախացումից հետո Հանրապետության տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ ուսանել են հեղինակավոր այս բուհում, և մինչ այժմ տարբեր պետական հաստատությունների երիտասարդ մասնագետներ շարունակում են օգտվել այդ հնարավորությունից` կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները Թավթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոցում։ Առ այսօր հիմնադրամը ֆինանսավորել է շուրջ 16 ծրագիր ՀՀ պետական հատվածի համար` շուրջ 15 մլն դոլար ներդրում կատարելով կրթաթոշակային ծրագրի իրականացման նպատակով։

«Թավիթյան» հիմնադրամը ֆինանսավորել է նաև Ֆլեթչեր դպրոցի դեկանների և ականավոր դասախոսների այցերը Հայաստան՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին, տարածաշրջանին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։ Ամեն տարի ծրագրին դիմում են հարյուրավոր մասնակիցներ։ Հիմնադրամը հանձնառու է շարունակելու ծրագիրն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարությունը դրա կարիքը կունենա։ «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև համագործակցության արդյունքը ծրագրի ավելի քան 250 շրջանավարտներն են, ովքեր վերադարձել են Հայաստան՝ աշխատելու և այդպիսով իրենց ստացած գիտելիքներն ու ունակությունները ներդնելու հայրենիքում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031