Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Շիրխանյանը զինված խմբի հետ այնքանով կապ ունի, որքանով որ փորձել են իրեն ներգրավվել»

Մարտ 30,2016 20:03

«Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն է։ Բոլոր սփյուռքահայերը, որոնք տարբեր պետություններում են ապրում, անկախ նրանից նրանք հայ են, թե ոչ եւ ինչ վաստակ են ունեցել, պետք է միշտ հիշեն, որ Հայաստանը պետություն է եւ այստեղ ամեն մեկը չի կարող գալ խարդավանքներ անել, քաղաքական գործիչներին խոսեցնի, ձայնագրի ու պատերի տակ չգիտեմ ինչեր անի»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նորք Մարաշում հայտնաբերված զինված խմբի գործին, ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը։

Խոսելով զինված խմբի եւ ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի կապերի վերաբերյալ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանի այսօրվա հայտարարության մասին՝ Տիգրան Տեր-Եսայանն ասաց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է եւ Շիրխանյանն էլ է ուզում, որ ամեն ինչ պարզվի, բացահայտվի. «Ինքը չի խուսափում ցուցմունքներ տալուց։ Առողջական խնդիր կա, որը պարզապես զուգադիպեց քրեական գործի հարուցմանը։ Ինքն էլ շահագրգռված, որովհետեւ ինքն էլ այս պետության կայացման հետ կապված մեծ լումա ունի»։

Նա նշեց, թե ոչ ոքի էլ դուր չի գա, որ տուն հրավիրեն սուրճ խմելու եւ գաղտնի ձայնագրություն անեն. «Դա պատիվ չի բերում ոչ մի սփյուռքահայի, ազգի փրկչի։ Ասուլիսի ընթացքում Համբարձումյանի ասած շատ մտքերի հետ ես համաձայն եմ, որ շատերը պետք է հասկանան, որ մեր պետությունը կայացած է: Հայաստանում 2-3 միլիոն ենք, իսկ Սփյուռքում՝ 10 միլիոն։ Եթե ամեն մեկը գա իրեն այնպես պահի, ինչպես Արթուր Վարդանյանը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Այս պետությունում նմանները տեղ չունեն, իրենց չափը պետք է ճանաչեն»։

Տիգրան Տեր-Եսայանն ասաց, որ Վահան Շիրխանյանը խմբի հետ այնքանով կապ ունի, որքանով որ փորձել են ներգրավվել։ «Միքայել Համբարձումյանը քննիչ է։ Քննիչները միշտ տեսնում են հանցակազմ, փաստաբաններն էլ փորձում են ցույց տալ, որ այդտեղ չկա հանցակազմ։ Անմեղության կանխավարկածը կա»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031