Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում 4+4+4 ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումներն են:
Ձեւավորվել է 6+3+4 ձեւաչափ, որովհետեւ իշխանությունից մասնակցում է 6 հոգի, ընդդիմությունից՝ 3:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ ինչո՞ւ եք դուք 6-ով: Հովհաննես Սահակյանն էլ հակադարձեց՝ բա դո՞ւք ինչու եք 3-ով՝ 4-ի փոխարեն: Դավիթ Հարությունյանը վեր կացավ, որ գնա՝ իրենց շարքերը նոսրացնելու համար: Հրայր Թովմասյանն առաջարկեց, որ չէ, թողեք ես գնամ: Հովհաննես Սահակյանն էլ առաջարկեց, որ ինքը դուրս գա: Այսպես քննարկումը սկսեց վերածվել զավեշտի:
«Պարոն Զուրաբյան, չի կարելի այդպես, մենք եկել ենք կոնստրուկտիվ քննարկման: Դուք ձեր առաջարկած ֆորմատը չեք կարողանում ապահովել, մեզ ասում եք՝ ինչի՞ եք շատ: Մենք ձեզ այնքան ենք հարգում, որ 6 հոգով եկել ենք»,-ասաց Հովհաննես Սահակյանը: Լեւոն Զուրաբյանն էլ արձագանքեց՝ «Եթե խուսափում եք բանակցություններից՝ այդպես ասեք»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկեց՝ ժամանակ չկորցնելու համար եկեք գույքագրենք հիմնական մտահոգությունները, մի հատ արագ ձեւակերպենք ու սկսենք քննարկել:
Լեւոն Զուրաբյանն էլ՝ չէ որ չէ՝ մենք ո՞նց ենք համաձայնության գալու, եթե մենք 3-ով ենք, իշխանությունը՝ 6-ով: Հովհաննես Սահակյանը ծիծաղեց՝ «Հո ցիրկ չենք, այ մարդ»:
Բանը հասավ նրան, որ Աղվան Վարդանյանը Լեւոն Զուրաբյանին նետեց. «Մի՛ խոսիր անընդհատ, մի՛ ընդմիջիր, քեզ էստեղ վարող չե՛նք նշանակել, կարգեր դո՛ւ չես որոշում, այ քեզ բան»: Նա հեգնեց, որ թողեք մարդիկ ԶԼՄ-ների առաջ մի լավ արտահայտվեն, նոր անցնենք բովանդակային քննարկման:
Ի վերջո, որոշում կայացվեց նիստն անցկացնել առանց ԶԼՄ-ների՝ միայն ձայնագրելով: Բանակցությունները դեռ ընթանում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ