Այս պահին ԱԺ-ում «4+4+4» ձեւաչափով Ընտրական օրենսգրքի քննարկումներն են:
Իշխանության կողմից մասնակցում են Հովհաննես Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը, ՀՅԴ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, իսկ ընդդիմության ճակատում են Լեւոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, այսինքն՝ ստացվել է 6+3+4 ձեւաչափ: Ժառանգությունից ոչ ոք չի մասնակցում, իսկ քաղհասարակությունից ներկա են Տիգրան Եգորյանը, Արտակ Զեյնալյանը, Դանիել Իոաննիսյանը եւ Սոնա Այվազյանը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպությունից: Լեւոն Զուրաբյանը փորձում էր անընդհատ զանգահարել Զարուհի Փոստանջյանին ու հարցնել՝ ինչո՞ւ չեն եկել՝ չէր ստացվում:
Լեւոն Զուրաբյանը քննարկման ընթացակարգ էր մշակել եւ բաժանեց ներկաներին: Արմեն Ռուստամյանը չընդունեց. «Եթե 7 նիստ անենք, պետք է նկատի ունենանք, որ հունիսի 1-ին պետք է Ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի»:
Կարդացեք նաև
Արդեն քննարկումից անցել է 1.5 ժամ, բայց դեռ բովանդակությանը չեն էլ հասցրել անդրադառնալ: Մինչ այդ էլ քաղհասարակության ներկայացուցիչները չէին մտնում ԱԺ՝ դժգոհելով, որ անձնագրերը, նույնականացման քարտը, որի մեջ մտնում է նաեւ իրենց էլեկտրոնային ստորագրությունը, չեն ուզեցել «գրավ» թողնել անցագրայինում: Հովհաննես Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ դա սահմանված կարգ է՝ ԱԺ-ի անվտանգության պահպանության ընթացակարգ է. «Այս ամեն ինչը անլրջության էլեմենտ է»:
Արփինե Հովհաննիսյանն էլ զարմացած էր, ՀԿ-ների ներկայացուցիչները բազմիցս նույն կարգով մտել են ԱԺ, նման խնդիր երբեւէ չի առաջացել: Քաղհասարակության ներկայացուցչներն էլ մի կերպ համաձայնեցին թողնել իրենց նույնականացման քարտերը եւ մտնել ԱԺ:
Ընդհանուր առմամբ քննարկման մթնոլորտը լարված է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ