Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տոմս չլինելու պատճառով «Լիր արքան» հատակին նստած են դիտում. (Ֆոտոշարք)

Մարտ 30,2016 19:30

Այս պահին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բառի իսկական իմաստով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա»-ն դիտելու համար մեքենաներով ու ավտոբուսներով մեծ թվով մարդիկ են եկել Գյումրի Հայաստանի տարբեր անկյուններից՝ մայրաքաղաքից, Վանաձորից, սակայն վերջիններս, տեղ հասնելով, տեսել են, որ տոմսարկղը փակ է, տոմս չի ճարվում:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի օր առաջ սպառվել են առաջիկա բոլոր օրերին պլանավորած ներկայացումների տոմսերը, այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ նույնիսկ հրավիրատոմս չեն կարող ուղարկել ոչ մեկին: «Խայտառակ ենք եղել այս առումով (ծիծաղում է), բայց, իհարկե, ի ուրախություն մեզ՝ Գյումրին վերագտնում է իր երբեմնի թատերական ավանդույթները. Երեւանից, հանրապետության տարբեր ծայրերից մեքենաներով ու ավտոբուսներով տարբեր խմբեր, ուսանողներ, թատերական ոլորտի հայտնի ներկայացուցիչներ գալիս են Գյումրի հատուկ «Լիր արքա» նայելու:

12571302_999066576813877_378594170_n 12910665_999066500147218_1180120912_n 12919058_999066490147219_1883259421_n 12899723_999098703477331_1076170515_n

Թատրոնը, ինչպես տեսնում եք, լեփ-լեցուն է, ստիպված ենք լինում բոլոր նրանց համար, որոնք այլ բնակավայրերից են, Գյումրիից չեն, օթյակներում  հավելյալ նստատեղեր ավելացրել: Թատրոնի պետական ինստիտուտից, Վանաձորի մասնաճյուղից, որոնք որ այս պահին այստեղ են, փորձում ենք ստեղծել համապատասխան հնարավորություն ներկայացումը դիտելու, իսկ  թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի մեր ուսանողներին բաժանել ենք մի քանի մասի, ամեն ներկայացմանը 30 հոգու փորձում ենք տեղ տրամադրել, իրենք մեծ ուրախությամբ ներկայացումը դիտում են աստիճաններին ու հատակին նստած: Թատրոնում ասեղ գցելու տեղ չկա, ինչպես տեսնում եք, անգամ աստիճաններն են զբաղված»:

Տիգրան Վիրաբյանի ասելով, թեեւ նախապես չէին պլանավորել, բայց այժմ որոշել են մեկ ներկայացում եւս ցուցադրել ապրիլի 22-ին՝ հնարավորություն տալով մարդկային հոծ բազմությանը գալ ու դիտել: Մեր հարցին՝ տոմսերը նախապես չե՞ն պատվիրում, որ ավտոբուսներով ելնում, հասնում են Գյումրի ներկայացում դիտելու, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ մարդիկ գալիս են՝  ուշադրություն չդարձնելով անգամ այն հանգամանքին, որ տոմսարկղն առավոտից փակ է: «Ստիպված ենք եղել առավոտից տոմսարկղը փակել, որովհետեւ մարդկային հոսքը չի դադարում, իսկ տոմս չկա», -ասում է Տիգրան Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ ներկայացման բեմադրիչը Արթուր Սահակյանն է, իսկ Լիր արքային մարմնավորում է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը, որի խաղն անզուգական է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031