Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊՆ-ի է՛լ լվացքն է արել, է՛լ հացն է թխել, է՛լ ռադիոտեխնիկա ու մեքենա է մատակարարել. (Տեսանյութ)

Մարտ 30,2016 18:30

Պաշտպանության նախարարությունը հայտնվել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի ուշադրության կենտրոնում:

Այսօր «Անի» հյուրանոցում հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց պաշտպանության նախարարության գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության արդյունքները:

Ըստ ուսումնասիրության, պաշտպանության բնագավառի ծախսերն ընդհանուր պետական բյուջեում ունեն բավականին մեծ տեսակարար կշիռ: 2014 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են մոտ 190 միլիարդ դրամ, սա բյուջեի 15.4%-ն է: 2015 թվականին նախատեսվել է ՊՆ կարիքների համար ծախսել 199 միլիարդ դրամ: Պետական բյուջեի 19.2%-ը կամ 237 միլիարդ 402 միլիոն դրամն ուղղված է գնումների իրականացմանը:

Ըստ ԹԻ ուսումնասիրության, ՊՆ ոչ գաղտնի մասով հրապարակային տեղեկատվության մակարդակը խիստ ցածր է եւ չի արտացոլում իրական պատկերը:  Գնումների աջակցման կենտրոնի 2014 թվականի հաշվետվությունում ՊՆ-ն-ի կատարած մեկ անձից գնումների թիվը՝ 115 միլիոն դրամը զգալիորեն հեռու է իրականությունից, քանի որ e-gov.am կայքի համաձայն, 2014-ին ՊՆ պայմանագրերի համագումարը կազմում է 1.371 միլիոն դրամ:

IMG_7216 IMG_7230

Արտակ Մանուկյանի խոսքերով՝ 2014-ին շրջանակային համաձայնագրերով ՊՆ-ն գնումներ է կատարել. դիզելային վառելիք՝ 176 միլիոն դրամի, բենզին՝ 12 միլիարդ, ավտոմեքենաներ՝ 1 միլիարդ դրամ, 9.7 միլիարդի էլ՝ սննդամթերք: Ընդհանուր 23 միլիարդ դրամի, սակայն, ինչպես ասաց Մանուկյանը, ՊՆ հաշվետվության մեջ նշված է, որ 34 միլիարդ դրամի շրջանակային համաձայնագրի պայմանագիր է կնքվել. «Այսինքն` 11 միլիարդն անհայտ է, չի երեւում»:

Անդրադառնալով մեկ անձից գնումներին, Մանուկյանն ասաց, որ այս տեսակի գնումների ծավալն ավելացել է: ՊՆ-ն մեկ անձից գնումներ է կատարել 100% բաժնեմասն  հենց իրեն պատկանող, այսինքն իր ենթակայության տակ գտնվող «Զինառ» ընկերությունից ու կրկին խոշոր գումարներ ծախսել 17 ճաշկերույթի համար:

Մանրամասները` տեսանյութում 

Մանուկյանն իր հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ նաեւ ՊՆ գնումների մեկ այլ կասկածելի հանգամանքին. Մեկ անձից գնումներին մասնակցում են այնպիսի ընկերություններ, որոնք այսպես ասած՝ «բազմաֆունկցիոնալ են», նրանք եւ շինարարություն են կատարում, եւ գույք՝ սեղան-աթոռ, ծաղկաման եւ այլ բաներ են գնում ու տրամադրում ՊՆ-ի կառույցներին: Այսպիսի մի գործարք է կնքվել 100 միլիոն դրամի սահմաններում: «Ռադվան տեխնոլոգիա»

ՍՊԸ-ի հետ ՊՆ-ն 65.7 միլիոն դրամի պայմանագիր է կնքել վարժասարքերի վերանորոգման ծառայության համար, ապա 10 օր հետո նույն ընկերության հետ 4 հատ վարժասարք գնելու պայմանագիր է կնքել՝ մեկ անձից, 570 միլիոն դրամի: Փորձագետը տարակուսանք հայտնեց՝ «Առնվազն տարօրինակ է, որ նախ վարժասարքերի նորոգման ծառայությունն է գնել, հետո վարժասարքերը»:

Մանուկյանը պարզել է, որ այս ընկերությունը մասնագիտացած է կրթական ծառայություններում եւ ունի քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական վերահսկողության լիցենզիա:

Փակ գաղտնի պայմանագրերում էլ մասնակցություն են ունենում «ունիվերսալ» ֆիրմաներ, օրինակ՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն այդ նույն պայմանագրով 11 տեսակի ծառայություն է մատուցել ՊՆ-ին՝ է՛լ լվացքն է արել, է՛լ հացաթխում, է՛լ սննդամթերքի ու շինանյութերի մատակարարում, տնտեսական, սանհիգենիկ եւ լվացքի միջոցների, Էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքավորումների մատակարարում, ավտոմեքենաների ձեռքբերում, սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցների, հանդերձանքի ձեռքբերում, ավտոպահեստամասերի մատակարարում:

Մանուկյանն ասաց, որ նման կարգի ֆիրմաները միջնորդավորված գնումներում են մասնագիտանում, իսկ միջնորդավորված գնումներ, հիմնականում նշանակում է՝ պետական փողերի ոչ արդյունավետ ծախս, կոռուպցիոն ռիսկեր: ՊՆ վերնախավի համար ավտոմեքենաների ձեռք բերումն էլ կատարվել է փակ գաղտնի պայմանագրերով:

Մանրամասները` տեսանյութում 

Այս քննարկմանը ներկա էր նաեւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը. Նա ասաց, որ գնումների համակարգում կան խնդիրներ:

Մանրամասները` տեսանյութում 

Արտակ Մանուկյանը ՊՆ-ի գնումներն ու պետական փողերն արդյունավետ ծախսելու մի շարք առաջարկություններ արեց. այդ թվում նաեւ նշեց, որ խոշոր գնումներն, օրինակ՝ բենզին, դիզվառելիք, հացահատիկ եւ այլն, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, կարելի է անմիջապես միջազգային բորսաներից գնել, այլ ոչ թե միջնորդավորված ընկերություններից:

Aravot.am-ի հարցին՝ արդեն մի քանի տարի է կենտրոնն այս առաջարկությունն անում է, ինչո՞ւ պետությունը չի գնում այդ քայլին, եւ ինչպիսի՞ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում մասնագետն այս տեսակ գնումներում, քանի որ մասնակցություն են ունենում, եթե ոչ մենաշնորհային ընկերությունները, ապա գերիշխող դիրք զբաղեցնողները, Մանուկյանն ասաց, որ ՊՆ-ի խոշորագույն մատակարարը «Ֆլեշ» ընկերությունն է՝ 80%, 20%-ը՝ CPS-ը. «Ինչո՞ւ չեն անում նման քայլ: Որովհետեւ մենաշնորհների մարժան պետք է նվազի»:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, որ այսօր դեռ ԹԻ-ի զեկույցի շնորհանդեսը չմեկնարկած, ՊՆ-ն 1 ժամ առաջ պարզաբանում է ներկայացրել, ըստ որի հակակոռուպցիոն կենտրոնի բարձրացրած հարցերի վերաբերյալ պաշտպանության նախարարը հանձնարարական է տվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031