Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքից վերցնելով յուրաքանչյուր քառակուսի մետրը

Մարտ 30,2016 17:44

«Երևանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է, և կառուցապատելու տեղ այլևս չկա»,- «Երևանում քաղաքաշինական զարգացման միտումներն ու սեյսմիկ անվտանգության խնդիրները» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«2000-ականների սկզբին մենք չկարողացանք մեզ համար պարզել, թե Երևանի համար ինչն է առաջնակարգ, ինչ հուշարձաններ կան, որոնք պետք է պահվեն, ինչ հատվածներում պետք է կառուցապատում ընթանա: Կառուցապատման նախագծեր պետք է լինեին, որոնցով կառաջնորդվեինք: Մինչդեռ, հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մի կողմից զրկվեցինք պատմական, հուշարձանային արժեք ունեցող շենքերից, մյուս կողմից էլ ունեցանք խիտ կառուցապատում՝ օկուպացնելով նաև հանրային կանաչ տարածքները, կառուցապատման համար քաղաքից վերցնելով յուրաքանչյուր քառակուսի մետրը»,- ասաց ճարտարապետը:

«Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հերթին նկատեց, որ խիտ կառուցապատումը և վերնահարկերի կառուցման գործընթացը վտանգեցին խորհրդային տարիներին կառուցված բնակելի շենքերի սեյսմակայունությունը. «Խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շենքերը չեն համապատասխանում ներկայիս սեյսմիկ պահանջներին և ամրացման կարիք ունեն: Այդ շենքերը կառուցված են մինչև 7 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ հիմա պահանջվող բալը 9-ն է:

Կոնստրուկտիվ համակարգին մեծ վնաս հասցվեց, երբ անկախության տարիներին համատարած սեփականաշնորհում սկսվեց, շենքերի նկուղային հարկերը վաճառվեցին՝ օգտագործվելով հանրային կամ այլ նպատակների համար: Վերնահարկերի կառուցմամբ վիճակն էլ ավելի վատթարացավ»,- նշեց Սաշուր Քալաշյանը:

«Շենքերը մշտական խնամքի կարիք ունեն,- նկատեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Արմեն Արտոնյանը,- բնակիչներն էլ են հաճախ իրենց գործունեությամբ թուլացնում շենքի սեյսմակայունությունը՝ բնակարանում փոփոխություններ անելով, հիմնական պատերը ձևափոխելով և այլն»:

Mkrtich_Minasyan_2

Դառնալով Հայաստանում հին շենքերն ուժեղացնելու և ներկայիս սեյսմակայունության պահանջներին համապատասխանեցնելու խնդրին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն ասաց, որ իրենք մոտավոր հաշվարկներ են արել և պարզել, որ դրա համար 30-31 միլիարդ դոլար է անհրաժեշտ:

«Հայաստանում վթարային 26 շենք կա, որոնք պետք է քանդվեն: Նոր շենքերի կառուցման համար ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք»,- ընդգծեց նա:

Ալեքսանդր Մովսիսյանը չի ժխտում, որ ներկայիս կառուցապատումները շատ հաճախ խախտումներով են ընթանում. «Հաշվի առնելով այն, որ այդ խախտումները հիմնականում տեղի են ունենում Կենտրոնում, նախարարության կողմից օրենք է մշակվել Երևանի փոքր կենտրոնի վերաբերյալ: Օրենքը, որն արդեն ԱԺ-ում է, Կենտրոնում կառուցապատման վերաբերյալ լուրջ սահմանափակումներ կմտցնի»,- հայտնեց բանախոսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031