Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղր վաճառող աղջիկը

Մարտ 30,2016 17:41

Լայնահուն պողոտայի գետնանցումի աստիճաններով դանդաղորեն վեր էի բարձրանում՝ հանրախանութ մտնելու համար, մի քանի տեսակ բանջարեղեն ու մրգեր պիտի գնեի: Դիմացից մի երիտասարդ աղջիկ էր ներքև իջնում, որը հանկարծ կանգ առավ և ուղիղ նայելով աչքերիս մեջ, համարձակորեն ասաց.

-Բարև պապի՛, ինչպե՞ս ես:

Շփոթված կանգ առա, ընդունեցի բարևը, բայց ասացի.

-Բարև, աղջիկ ջան, բայց ես քեզ չեմ ճանաչում, երևի մոռացել եմ, կասե՞ս, թե ո՞վ ես:

-Վա՜յ, պապի ջան, ո՞նց չես ճանաչում, ձեր շենքի երրորդ հարկում վարձով ենք ապրում քրոջս հետ, ուսանողուհիներ ենք:

Ես մտածմունքի մեջ ընկա, ախր, ես երրորդ հարկում եմ ապրում ու մեր հարթակում երկու հին հարևաններն են, այնտեղ հաստատ վարձով ապրող չկա:

-Երևի չորրորդ հարկու՞մ եք ապրում,-ուղղորդեցի նրան,-երրորդ հարկում վարձով ապրող չկա, ես նրանց լավ եմ ճանաչում, հին հարևաններ ենք,-ասացի ես:

-Հա՛, էլի, պապի ջան, չորրորդ հարկում, դու ճիշտ ես:

-Մարետայե՞նց տանը,-շարունակեցի ես՝ գիտենալով, որ մեր մուտքի չորրորդ հարկի Մարետան գնացել, աղջկա մոտ էր ապրում ու տունը վարձով էր տվել:

-Հա՛,-մի տեսակ անհաստատ ասաց աղջիկը:

Ես այստեղ մի փոքր կասկածեցի ու մտքումս էլ հիշում էի, որ այս աղջիկը սկզբում երրորդ հարկ ասաց, համ էլ նրա արտասանած «հա’»-ն մի տեսակ անհաստատ էր:

Նկատեցի նաև, որ աղջկա ձեռքին ցելոֆանե տոպրակի մեջ ինչ որ ծանր ապրանք կա ու նա նեղսրտած բողոքեց.

-Պապի, ես քրոջս հետ եմ այնտեղ ապրում, բայց դու ինչու՞ մեզանից լորենու մեղր չես առնում, շատ լավն է, հենց քո գնացած խանութում էլ դրել եմ, որ վաճառեն, կգնաս, կտեսնես:

-Բայց ես ինչ իմանամ, որ դուք մեղր եք վաճառում, համ էլ ես արդեն ձմեռվա համար գնել եմ, Գորիսից եկած քո նման մի աղջիկ է բերել, նա էլ դռան զանգը տվեց, ասաց, որ գրանտ է շահել, մեղվաբուծությամբ է զբաղվում ու ինձ էլ սարի ծաղիկների մեղր առաջարկեց, ես էլ նրան օգնելու համար մի հինգ կիլոգրամ գնեցի:

-Վա՛յ, պապի ջան, մեր մեղրը, ախր, լորենու ծաղկի է, շատ լավն է, համեմատելու բան չի, մի աման վերցրու, ուսանողական վարձս պիտի տամ, գումարս պակասում է,-ասաց աղջիկը ու տոպրակից հանեց մեկ կիլոգրամանոց ապակե տարայով մեղրը, բացեց կափարիչը ու մոտեցրեց քթիս, ասելով,-հլա հոտ քաշի, համտես արա, տես ի՜նչ լավն է:

Ես շփոթված հոտ քաշեցի, բայց հրաժարվեցի անցումի աստիճանների վրա, մարդկանց անցուդարձի պարագայում, համտես անել մեղրը, անհարմար էր:

-Դե, լավ,-ասացի,-քանի որ ուսանողուհի ես, քեզ օգնելու համար մի աման կվերցնեմ, բայց հիմա խանութ եմ գնում, ծանրությունը շատ կլինի, երեկոյան կբերես տուն, համ էլ կզրուցենք:

-Վա՝յ, պապի ջան, հիմա քաղաք եմ իջնում (դե, Նոր Նորքի զանգվածը երևի քաղաք չի համարվում), պիտի ուսմանս վարձը մուծեմ, թե չէ համալսարանից կհեռացնեն,այդ գումարը հիմա է ինձ հարկավոր:

Ես կասկածանքով էի լսում իր բացատրությունը, չէի հավատում նրա ասածներին, բայց մյուս կողմից էլ մտածում, բա որ այս աղջկա մեղրը չգնեմ ու իմ պատճառով էս խեղճ երեխային համալսարանից հեռացնեն, ես ինչ խղճով պիտի ապրեմ մնացած կյանքս:

-Դե՝, լավ,-համաձայնեցի ես,-տու՝ր ամանը, բայց ես դնելու տեղ չունեմ:

-Պապի, որ այդպես է, արի էս մի ամանն էլ տամ, ցելոֆանով վերցրու, շատ էժանով կլինի ու մեղրն էլ Վայքի լորենու հազվագյուտ մեղր է, չես փոշմանի:

Քաղաքավարությունից դրդված, թե հիպնոսացած այդ աղջկա դերասանական արվեստից, մի կողմից էլ նրա ուսանողական վարձի կիսատ մնացած գումարը և համալսարանից հեռացնելու հեռանկարը ինձ խիստ վշտացրին, հիշեցի իմ ուսանողական տարիները, երբ պետությունն էր մեզ թոշակ վճարում, իսկ հիմա էս երեխաները իրենք են հոգում իրենց ուսման վարձը:

Վերցրի ցելոֆանե տոպրակը, որի մեջ էին երկու մեղրով լիքը տարաները, վճարեցի պահանջվող գումարը ու հաստատ իմանալով, որ նա ինձ խաբում է, դիտմամբ ասացի.

-Խնդրում եմ, երեկոյան քրոջդ հետ համեցեք մեր տուն, կզրուցենք, հեռուստացույց կնայենք, սուրճ կխմենք:

-Դե՛, եթե քաղաքից շուտ վերադառնամ, անպայման կգանք, հաջողություն պապի,-ասաց աղջիկն ու աստիճաններով արագ ցած իջավ:

Իսկ ես այդ երկու՝ մոտ երեք կիլոգրամանոց ամաններով ցելոֆանե տոպրակը քաշ տվեցի մինչև հանրախանութ, տեղավորեցի այնտեղի պահարաններից մեկում, ներս մտա առևտրի սրահ, հարկավոր գնումները կատարեցի, հետո պահոցից ետ վերցրի մեղրամանները ու ծանրաբեռնված տուն վերադարձա:

Երեկոյան սպասում էի ուսանողուհի քույրիկների այցելությանը, որոնք այդպես էլ չերևացին: Երևի քաղաքից ուսանողուհի աղջիկը ուշ է վերադարձել, մտածեցի ես ու սպասեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը քույրիկները կրկին չերևացին:

Իհարկե չէին էլ երևալու, քանի որ մեր չորրորդ հարկում, ուսանողուհի քույրեր վարձով չեն ապրում, Մարետայենց բնակարանը երիտասարդ ամուսիններ են վարձակալում՝ իրենց երկու փոքրիկների հետ:

Հիմա մտածում եմ, իսկ եթե հանկարծ փողոցում կամ շքամուտքում նորից մեղր վաճառող աղջիկ հանդիպի և ասի, որ մեր հինգերորդ հարկում է ապրում իր ուսանողուհի քրոջ հետ և լորենու մեղր ունեն իրացնելու՝ ուսանողական վարձը վճարելու համար, ես ի՞նչ պիտի անեմ:

Այսքան մեղր, որ ուտեմ շաքարային հիվանդություն կստանամ, չէ՞:

 

ՍԻՄԱԿ  ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031