Լրահոս
Օրվա լրահոսը

Գազն էլ ԵՏՄ-ից ներկրվող ապրանք է, ինչո՞ւ 20 տոկոս ԱԱՀ-ն չի հանվում

Մարտ 30,2016 17:21

Եթե ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկը հանվեց, ապա ինչո՞ւ գազի դեպքում, որը նույնպես Եվրասիական տնտեսության միության ապրանք է, ԱԱՀ-ն չի հանվում: Կառավարությանը հարցնում է տնտեսագետ Արամ Գրիգորյանը, որը նաեւ «Հասարակական պաշտպանների միության» նախագահն է:
Նրա համոզմամբ, եթե գազի վրա գործող 20 տոկոս ԱԱՀ-ն հանվի, ապա սպառողների համար գազի սակագինը, միանշանակ, կնվազի:

Պարոն Գրիգորյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Տնտեսագետը հաշվարկել է եւ պարզել, որ գազի գնի հնարավոր նվազման մի քանի տարբերակ էլ կա. «Եթե հաշվարկվի ռուսական վալյուտայով, ապա այդ դեպքում գազը սպառողների համար կնվազի, բայց Հայաստանն այնպիսի պայմանագիր է կնքել, որ գազի գինը հաշվարկվում է դոլարով»:
Գազի գնի նվազման մեկ այլ խոչընդոտ այս վառելիքի բնագավառում մենաշնորհն է:
Ըստ Արամ Գրիգորյանի, մեր երկրում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, ելնելով հասարակության սոցիալական վիճակից, բարձր են եւ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի գազի սպառողական գինը համապատասխանեցնի երկրի միջին աշխատավարձին, թոշակին ու նպաստին: Մինչդեռ ամսական միջին հաշվով 30-40 հազար դրամի գազ սպառող թոշակառուի թոշակը կազմում է 25 հազար դրամ:
Վառելիքի թանկ լինելու պատճառներից մեկն էլ տնտեսագետ Գրիգորյանը գտնում է, որ կապված է սակագինը հին մեթոդոլոգիայով հաշվարկելով. «10 տարի առաջվա մեթոդոլոգիայով ենք հաշվարկում, բայց մեթոդոլոգիան փոխելով սպառողների մոտ գնի նվազում կառաջանա»:

Նրա կարծիքով, գազի գինը շարունակելու է բարձրանալ, քանի որ արտագաղթի եւ աղքատության թվի բարձրացման հետեւանքով վառելիքի սպառողները նվազում են:

Արամ Գրիգորյանի խոսքերով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավունք ունի 6 ամիսը մեկ վերանայել գազի գինը` հաշվի առնելով վերոնշյալ նախադրյալները, սակայն, քանի որ, մեր երկրում գազի գինը որոշվում է քաղաքական իրավիճակից ելնելով, հանձնաժողովը նման քայլի չի դիմում:

Aravot.am-ը պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց, թե

ինչո՞ւ ավտոմեքենաների պարագայում 20 % ԱԱՀ-ն չի գործում, գազի պարագայում` գործում է, այն դեպքում, երբ գազն էլ ԵՏՄ-ից ներկրվող ապրանք է: ՊԵԿ-ին խնդրել ենք մանրամասն ներկայացնել տարբերությունը, որի պատասխանը կներկայացնենք առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031