Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Պեդրո Ագրամունտի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը հակասող հայտարարություններին

Մարտ 30,2016 16:51

Մարտի 30-ին ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը եւ Վահան Բաբայանը հանդիպել են Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների համագործակցության մակարդակը, երախտիքի խոսք հայտնել բրիտանական պատվիրակությանը՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ցուցաբերած աջակցության համար:

Տիկին Նաղդալյանն ընդգծել է ԵԽԽՎ-ի հետ հայկական պատվիրակության համագործակցության քաղաքականության կարեւորությունը եւ հավելել, որ ԵԽԽՎ-ում ստանձնած բոլոր պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը կատարում է լայնածավալ աշխատանք ու պատրաստակամ է այսուհետ եւս աշխատել նույն ոգով: Հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ի առաքելությունը ժողովուրդների միջեւ բարեկամության եւ վստահության մթնոլորտի ամրապնդումն է՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ աշխատանքը պետք է մշտապես ընթանա վերոնշյալ ուղիով:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին եւ նշել, որ հատկապես վերջին տարիների ընթացքում ակտիվ համագործակցելով ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ՝ մեր երկիրն էական քայլեր կատարեց սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Տիկին Նաղդալյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում այժմ իրականացվում են օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացներ եւ անդրադարձել է Ընտրական օրենսգրքի մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ԵԽԽՎ նախագահը կառույցի կանոնադրությամբ պետք է լինի անկողմնակալ, ոչ թե դառնա որեւէ կոնկրետ երկրի լոբբիստը: Այս համատեքստում նա անդրադարձել է Պեդրո Ագրամունտի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջինը Ադրբեջան կատարած այցին եւ Բաքվում ԼՂ-ի մասով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը հակասող հայտարարություններին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի գործունեությանը, որի անդամ է պարոն Պրիտչարդը: Զրուցակիցները կարեւորել են խմբի հետ մեր երկրի խորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցությունը:

Նույն օրը Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդի հետ հանդիպել են Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը եւ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները կարեւորել են երկու երկրների միջեւ առկա փոխգործակցությունն ու դրա խորացումը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում հայ համայնքների խնդիրներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ՝ Մեծ Բրիտանիայի ներքին քաղաքականությանը:

ԱԺ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031