Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ ժառանգելիքը Հայրենիքն է. կարգավիճակից հոգեկերտվածք

Մարտ 30,2016 16:18

Երբ մարդը փոխում է տունը 2, 3, 4 անգամ, ապա հերթական տան նկատմամբ կապն աստիճանաբար թուլանում է: Գալիս է պահ, և մարդն առանձնապես չի դիմադրում, երբ իրեն վռնդում են սեփական տնից: Երբ մարդը կամ հասարակությունը չեն հիշում մի ժամանակաշրջան, երբ չեն պատերազմել, ու հետևաբար կյանքը չեն պատկերացնում առանց պատերազմի, այդժամ դատապարտված են հավերժ պատերազմելու (թեկուզև անիմաստ), ինչպես Ռուսաստանը: Երբ մարդը երբևէ որևէ ուրիշ երկիր համարելու է իր հայրենիքը, դատապարտված է գաղթականության: Օրինակ. եթե Սահակաշվիլին ինչ-որ մի օր ասելու չլիներ, որ Ուկրաինան իր հայրենիքն է, Վրաստանը չէր կորցնի Աբխազիան և Հարավային Օսեթիան:

Այսպիսի օրինակներ կարելի է շատ բերել, սակայն լուծումը, ինչպես և ցանկացած դեպքում, խնդրի ճիշտ ձևակերպումն է: Ցավոք, Հայաստանի առաջ ծառացած խնդիրները ճիշտ ձևակերպելու փոխարեն մենք հաճախ հետևանքները դիտարկում ենք որպես պատճառ կամ հակառակը:

Ընդունված է արտագաղթի պատճառ համարել սոցիալական վատ պայմաններն ու համատարած անարդարությունը: Մինչդեռ իրականում թե՛ արտագաղթը, թե՛ սոցիալական պայմաններն ու անարդարությունը հոգևոր և բանական գաղթականության հետևանք են, դրա օրինաչափ նյութականացումը: Այսինքն՝ խնդիրը ոչ թե արտագաղթն է, այլ ներքին գաղթականությունը (չշփոթել ո՛չ զորեղ ազգերին հատուկ գաղութացումների հետ, ո՛չ էլ Մարդու ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքի հետ):

Մեր մեջ գաղթականությունը նստած է ոչ թե որպես կարգավիճակ, այլ հոգեկերտվածք: Երբ մարդ պատրաստ է երբևէ արտագաղթելու, նրա համար կարևոր չէ սոցիալական արդարությունը. նա ո՛չ ցանկություն և ո՛չ էլ ջիղ ունի պայքարելու սոցիալական լավ պայմանների կամ արդարության համար. նա Քաղաքացի չէ, այլ տվյալ տարածքում անորոշ ժամկետով բնակիչ կամ տուրիստ: Գաղթականությունը Քաղաքացու սարսափելի թշնամին է:

Մենք գաղթական ենք, որովհետև մեր պապերը մեզ Հայրենիք ժառանգելու փոխարեն ավանդել են. «Չեմ արտագաղթում, որովհետև չեմ բաշարում» կամ՝ «Այստեղ էլ եմ կուշտ»: Իսկ մե՞նք: Իսկ մենք նույն միտքն ենք շարունակ կրկնում՝ այլ ձևակերպմամբ. «Որպեսզի արտագաղթ չլինի պետք են բավարար սոցիալական պայմաններ և արդարություն»: Երկու դեպքում էլ գաղթականությունն արդեն կայացած է մեր ներսում. նե՛րսն է պետք փոխել: Այսպիսի պարզ շանտաժներով արդարացնում ենք մեր երբևէ առարկայանալիք գաղթականությունը, այն համարում սոցիալական անարդարության օրինաչափ հետևանք, նորմալ-ընդունելի-բնական երևույթ, ոչ թե սեփական մտքի և հոգու ստորակարգության ու փչացածության:

Մարդը, որն ապրում է «Հայրենիքում ապրելն այլընտրանք ունենալ չի կարող» սկզբունքով, Քաղաքացի է: Ընդ որում՝ թե՛ դիվանագետ-դեսպանը, թե՛ նվաճողը, թե՛ արտագնա աշխատողը։

Գաղթականությունը հայրենի քաղաքն ու գյուղը դատարկելուց առաջ հայրենազրկում է մարդուն: Գաղթականությունը սերնդեսերունդ փոխանցողի և սոցիալ-հոգեկերտվածք դարձնողի համար անկախ Հայաստանն ավելորդ-անիմաստ է: Նրա համար բարձրագույն արժեքներ են սովորույթը, վրեժը, համընթաց քամին… բայց ոչ Պետություն-Հայրենիքն ինքնին:

Գաղթականության այս անվերջ ցիկլից դուրս գալու փորձված ճանապարհը սերնդին Հայրենիք ժառանգելն է. ամենամեծ բանը, որը կարելի է զավակին ժառանգել՝ Հայրենիքն է: Իսկ եթե ոչ, ապա պարզապես ժամանակի հարց է, թե երբ գաղթականությունը կկործանի հայրենիքը:

 

Հայկ ՄԻՐԶՈՅԱՆ

Երիտասարդ պահպանողականների միության համանախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Թվում է, թե համամիտ եմ արծարծված մտքերին, բայց զուգահեռաբար մի հարց էլ մնում է: Հանուն ինչի՞ լինես քաղաքացի, ի՞նչ է տալիս դա մարդուն եւ ի՞նչ պիտի զոհես դրա համար, որպեսզի կոնկրետ Հայաստանում քեզ քաղաքացի զգաս: Եթե ես ինձ պիտի զրկանքների ենթարկեմ, որ դրանից շահի միմիայն իշխանությունը եւ ոչ երբեք ինձ պես աննշան մարդը, ապա ես դրան պատրաստ չեմ, չեմ ուզում ու կանեմ ամեն ինչ, որ իմ երեխաներն էլ դրան պատրաստ չլինեն: Ու կարծես թե նույն վերաբերմունքն ունի նաեւ իշխանություն ունեցողը ինձպեսների հանդեպ: Այստեղից էլ առաջանում է փոխադարձ անհանդուրժողականություն, արժեզրկվում եւ իմաստազրկվում է Հայրենիք հասկացությունը ու մարդիկ ձգտում են արտագաղթել՝ յուրաքանչյուրն ըստ իր պատկերացման այնպիսի տեղ, որտեղ իրեն հնարավորինս քիչ կնեղեն: Այլ կերպ ասած, եթե աշխատում ես հիմնարկում եւ այդ աշխատողների աշխատանքից շահում է բացառապես հիմնարկի ղեկավարությունը, ապա որպես ի՞նչ աշխատես այդ հիմնարկում: Բնականաբար կձգտես գտնել այնպիսի հիմնարկ, որը թիմ լինի, առավելագույնս մոտիկ մեկը բոլորի՝ բոլորը մեկի համար սկզբունքին, կամ ծայրահեղ դեպքում՝ քեզ լավ լինի: Կգտնես, թե ոչ նման հիմնարկ, դա այլ հարց է, բայց որ այն առաջինից կհեռանաս առաջին իսկ հնարավորության դեպքում, դա հաստատ է: Իսկ ո՞վ է պատասխանատու Հայաստանի այս իրողության համար: Հայկական ասացվածք կա. ծուռ ակոսը մեծ եզից է լինում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031