Hetq.am-ը գրել էր, որ Տանզանիայում ձերբակալվել են «Ջամբո» այգու սեփականատերեր Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյան եղբայրները` կենդանիների, մասնավորապես` կապիկների ապօրինի տեղափոխման կասկածանքով:
Վարդանյանների գործընկերը` «Զօօ Ֆաունա Արտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտարարեց, որ Վարդանյան եղբայրներն անօրինական գործողություններ չեն կատարել, իսկ իրեն պատկանող կապիկներն առգրավվել են անհասկանալի պատճառներով: «Կապիկները գնվել են մեր ընկերության կողմից դեռեւս սեպտեմբերին: Ձեւակերպել ենք համապատասխան փաստաթղթերը, եւ կապիկները «կարանտին» անցնելուց հետո պետք է ուղարկվեին Հայաստան: Տանզանիայից 62 կապիկի արտահանման թույլտվություն մենք ստացել էինք: Ցավոք, անհասկանալի խնդիրներ են առաջացել: Ավիաընկերությունն անհասկանալի պատճառներով հրաժարվեց փոխադրել այդ կենդանիներին Հայաստան, մենք էլ գործակցեցինք Տանզանիայի մեր գործընկեր-կազմակերպության հետ, որը պաշտոնապես զբաղվում է կենդանիների արտահանմամբ»,-ասաց նա:
Խաչատրյանի փոխանցմամբ` Տանզանիայի իշխանությունների որոշմամբ կապիկները կրկին հետազոտվել են, բոլոր փաստաթղթերն առկա են եղել, եւ կենդանիները պետք է փոխադրվեին մեկ այլ` մասնավոր ինքնաթիռով. «Այդ ամենն արվել է օրինական կերպով, որպեսզի ոչ մեկ չմտածի, թե «Էբոլա» վիրուսի խնդիր կա: Դա հիմարություն է. պետք է գրագետ լինել, հետո նման բաներ հայտարարել: Արտահանման թույլտվությունը տրվեց` վերջնական փաստաթղթերով: Կիլիմանջարոյի օդանավակայանում սպասվում էր փոքր ինքնաթիռով թռիչք դեպի Երեւան: Այդտեղ էին իմ ընկերները` Վարդանյան եղբայրները, որոնք Տանզանիայում էին հանգստանալու նպատակով: Առաջարկեցի միանգամից հենց այդ ինքնաթիռով էլ Երեւան թռչել: Վստահեցնում եմ, որ բեռները մաքսազերծված են եղել, «կոնտրաբանդայի» մասին անիմաստ է խոսել: Չգիտենք` ինչու են նրանք ձերբակալվել: 15 տարի աշխատել ենք տանզանիական ընկերության հետ, բայց խնդիր չի եղել: Արի ու տես, որ բոլոր տանզանիական ավիաընկերությունները հրաժարվեցին տեղափոխել կապիկներին»:
Այս գործով ներկայում Տանզանիայում նախաքննություն է ընթանում. «Անգամ չեն ասում` ինչն է խնդիրը: Ասում են, որ փաստաթղթերն են ստուգում: Առաջին դատական նիստն է ընթանում: Հուսով եմ` Վարդանյաններին բաց կթողնեն: Վստահեցնում եմ նաեւ, որ Վարդանյան եղբայրները կենդանիների առք ու վաճառքի հետ առնչություն չունեն»,-նշեց բանախոսը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ